Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող դատախազ Մարտին Նալբանդյանը հրապարակեց ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Արսենյանի մասնակցությամբ այս տարվա ապրիլի 17-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ գործով մեղադրական ճառը: Նշենք, որ հիշյալ քրեական գործը քննվեց արագացված դատական կարգով:
Մեղադրողը միջնորդեց գործով ամբաստանյալներ Արմեն Ներսիսյանին և Գուրգեն Արսենյանին մեղավոր ճանաչել ու դատապարտել 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել և նշանակել փորձաշրջան` երկու տսրի ժամկետով, և տուգանք` նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով: Մեղադրողը, որպես ամբաստանյալների արարքը մեղմացնող հանգամանք, նշեց նրանց` երիտասարդ լինելը:
Գործով տուժողներ` ծեծկռտուքին մասնակից Վարդան Վարդանյանն ու Ռաֆիկ Թումանյանը հայտարարեցին, որ ներել են ամբաստանյալներին, նրանց դեմ բողոք չունեն, հաշտվել են:
Նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ` այս գործով վճիռ կայացնելու:
Հիշեցնենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, Գուրգեն Արսենյանն իր ընկերներ Արմեն Ներսիսյանի, Գուրգեն Գրիգորյանի և գործով ինքնությունը չպարզված այլ անձանց հետ 2016թ. ապրիլի 17-ին Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող «Կրիստալ» գիշերային ակումբի դիմաց, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խմբի կազմում, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն: Արմեն Ներսիսյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. հունիսի 21-ին իր ընկեր Գուրգեն Արսենյանի և վերջինիս 3 այլ` գործով ինքնությունները չպարզված ընկերների հետ գտնվել է Երևան քաղաքի Թամանյան փողոցում գտնվող «Հեմինգուեյ» ակումբում, որտեղ գինովցած լինելու պատճառով աղմկել է, ինչի պատճառով նրան դիտողություն է արել նշված ակումբի տնօրեն Գևորգ Պողոսյանը: Արմեն Ներսիսյանը, բացահայտ անհարգայից վերաբերմունք դրսևորելով ինչպես անցորդների, այնպես էլ նշված ակումբին կից գործող սրճարանի այցելուների նկատմամբ, սարսափ տարածելով ներկաների շրջանում, խմբի կազմում` գործով չպարզված անձանց հետ, դիտավորյալ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել և անկանոն հարվածներ հասցրել ինչպես Գևորգ Պողոսյանին, այնպես էլ ցանկացած պատահած անձի, որոնցով էականորեն խաթարել է հասարակական վայրում գտնվող անձանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը: Նշենք, որ այս գործով անցնող ևս երկու մեղադրյալի մասով քրեական հետապնդումը դադարեցվել է: