կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-07-22 17:48
Առանց Կատեգորիա

Ծռերն ու դզերը

Ծռերն ու դզերը

Երեկ, երբ մի աղջիկ լրագրող զանգահարել էր Պավլիկ Մանուկյանին, ու հարցրել, թե եթե իշխանությունները կատարեն ձեր մի քանի ենթապահանջները /խումբը պահանջներից բացի, նաեւ ենթապահանջներ ունի/, կհանձնվե՞ք, Պավլիկ Մանուկյանը սկսել է բղավել: Ճիշտ է,  նա լրագրողին անվանել է /ողջ զրույցի ընթացքում/, «աղջիկ ջան», բայց սկսել է բղավել, թե բա՝ էլ էդ բառը չասեք, հանձնվել, ի՞նչ հանձնվել, մենք սկի թուրքին չենք հանձնվել, մենք այստեղից դուրս ենք գալու կամ հաղթած, կամ մեռած, մենք սրանց պետք է ս-ր անենք:

Այսօր, երբ Սերժ Սարգսյանը իրավապահ մարմինների ղեկավարների հետ խորհրդակցության էր, հայտարարեց, որ ոչ թե ահաբեկիչները, այլ՝ զինված խումբը, պետք է անհապաղ ազատ արձակի պատանդներին, ցած դնի զենքերը, եւ որ հետագա հանգուցալուծումը պետք է տեղի ունենա ՀՀ Սահմանադրության եւ օրենքների խստիվ պահպանմամբ ու օրենքի ուժով, կասեցվելու են անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը: Եթե հետաքրքիր է, ապա ասեմ, որ երբ Սերժ Սարգսյանն ասում էր այս բառերը, ոստիկանապետ Գասպարյանը գլխով համաձայնության նշան էր ցույց տալիս: Ինչեւէ:

Կարեւորն այստեղ մեկ այլ բան է: Պավլիկենք դուրս չեն գալու, եւ պահանջում են Սարգսյանի հրաժարականը, Սարգսյանը հրաժարական չի տալու եւ պահանջում է, որ Պավլիկենք զենքերը վայր դնեն: Կան տեղեկություններ, որ գեներալ Վիտալի Բալասանյանը կրկին ՊՊԾ-ի տարածքում է եղել, որտեղ հերթական անգամ /երկու օրվա ընթացքում թվով երրորդ անգամ/, հանդիպել է ծռերին:

Բալասանյանն, ինչպես հասկացանք, գտնված ֆիգուր է. նրան հարգում են ծռերը, անձամբ Պավլիկ Մանուկյանը եւ նրան վստահում են իշխանությունները, անձամբ Սերժ Սարգսյանը: Այսինքն կա մի մարդ, որին հարգում են նրանք, ովքեր զինված պահանջում են Սարգսյանի հրաժարականը եւ նույն այդ մարդուն վստահում է Սերժ Սարգսյանը:

Սա կարեւոր է, սա շատ կարեւոր է: Առհասարակ Վիտալի Բալասանյանն այս պատմության ամենակարեւոր մարդկանցից մեկն է, քանի որ ցույց է տալիս, որ ծռերն ու դզերը ընդհանրություններ ունեն, ընդհանուր ծանոթներ ունեն, մի խոսքով՝ արանքում մարդ կա, իսկ երբ արանքում մարդ է լինում՝ բանը խփոցուն չի հասնում: Այնպես որ, ինչպես ասում է Սերժ Սարգսյանը, ոչ անձնական վրեժխնդրություն է լինելու, ոչ էլ, ինչպես ասում է Պավլիկ Մանուկյանը,  իրենք ՊՊԾ-ից մեռած են դուրս գալու: Սա առաջին փոխզիջումը:

Անցնենք առաջ: Սերժ Սարգսյանն ասում է՝ հետագա հանգուցալուծումը պետք է տեղի ունենա ՀՀ Սահմանադրության եւ օրենքների խստիվ պահպանմամբ: Պավլիկենց պահանջներից մեկը Հայաստանում օրենքի գերիշխանություն հաստատելն է, ես ինչպես հասկանում եմ: Խնդրեմ, սա էլ երկրորդ ընդհանրությունը: Իշխանությունը, գնում է «փոխզիջման»  եւ ասում է՝ տղերք, համաձայն ենք, հաստատում ենք օրենքի գերիշխանություն, վերջ, այսուհետ ամեն ինչ եւ ամեն մեկին օրենքով:

Դե դուրս եկեք, քանի որ դա է պահանջում օրենքը,  եւ մենք ձեզ հետ կվարվենք այնպես, ինչպես պահանջում է օրենքը: Տղերքն էլ դուրս են գալիս, քանի որ գնում են փոխզիջման, իշխանությունն ընդունում է, որ երկրում պետք է օրենքով լինի ամեն ինչ, իրենք էլ դադարեցնում են իրենց հակաօրինական պայքարն ու հանձնվում են օրենքին՝ զոհաբերելով իրենց ազատությունը /եթե դատարանն այդպես որոշի/՝ Հայաստանում օրենքի գերիշխանություն հաստատելու իրենց իսկ պահանջի կատարմանը:

Հաջորդը. եթե դուրս են գալիս, հասկանալի է, որ հանձնում են զենքը եւ բաց են թողնում պատանդներին, բայց քանի որ այս երկուսը միայն իշխանության պահանջներն եւ, այսինքն, եթե խումբը դա անի, դա փոխզիջում չի լինի, իշխանությունները պետք է փոխադարձաբար կատարեն խմբի պահանջներից մեկը, ինչպես Պավլիկ Մանուկյանն է ասել՝ առաջնային պահանջներից մեկը՝ թուրքին հող չենք հանձնում:

Կստացվի, որ խումբը կատարեց իր խոստումն ու հաղթանակով դուրս եկավ ՊՊԾ-ից, քանի որ երկրում աշխատում է օրենքը, բոլոր հարցերը եւ բոլորի հարցերը լուծվում են օրենքով եւ թուրքին հող չենք տալիս, չենք էլ տալու ու քանի որ այդպես է, ապա ի՞նչ տարբերություն` նախագահն ո՞վ է Սերժ Սարգսյանը, թե՞ Փոքր Մհերը:

Կստացվի նաեւ, որ իշխանությունները հաղթեցին, քանի որ մնացին իշխանության, արյունահեղության մեջ չմեղադրվեցին եւ զինված խումբը կատարեց իրենց բոլոր պահանջները՝ բաց թողեց պատանդներին, վայր դրեց զենքը եւ հանձնվեց օրենքին: Եւ ամենակարեւորը՝ կստացվի, որ հաղթեցինք մենք՝ բոլորս, քանի որ արյունահեղություն չեղավ, պատանդներ Հայաստանում չկան, հարցերը զենքով լուծողները՝ նույնպես, բոլորը, կապ չունի կռվել են Արցախում, թե ոչ՝ պատասխանատու են օրենքի առջեւ եւ թուրքին հող չենք տալիս եւ չենք տալու:

Հովիկ Աֆյան