կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-06 15:13
Առանց Կատեգորիա

Քյաբաբ ուտելու համար Արամի տունը մի´ քանդեք

Քյաբաբ ուտելու համար Արամի տունը մի´ քանդեք

Քանդելու ամենավատն այն է, որ գալու է մի ժամանակը, երբ քանդելու բան էլ չի լինելու: Իսկ երբ քանդում են քաղաքը, վատն այն է, որ ժամանակ չի գալու. քանդված քաղաքում ի՞նչ ժամանակ, ո՞ւմ համար, նրանք, ովքեր չգիտեն, թե ժամանակն ի՞նչն է: Գիտե՞ն, բա ինչո՞ւ են քանդում ժամանակը: Հա ի՞նչ անենք, որ մենք այդ ժամանակներում չենք ապրել, կարելի է՞… Կարելի է, երբ քանդելու ժամանակներն են գալիս, ամեն բան կարելի է լինում, քանդելու ժամանակն էլ գիտե՞ք` երբ է գալիս, գյադաների ժամանակից հետո, երբ այն ավարտվում է գյադաների հաղթանակով, որոնք այսուհետ իրենց զգում են քաղաքի տեր, ու քանի որ չգիտեն, թե քաղաքն ինչ է, քանդում են: Գիշերով, որ մարդ չտեսնի, կամ էլ` ինչո՞ւ գիշերով, ով կա՞, որ տեսնի, ջհանդամը, թե չեն տեսնի, սրանք ո՞վ են, արա\', որ տեսնելուց հետո չթողեն, որ քանդեն, քանդեն ու քանդակեն, այնպես քանդակեն, որ քանդելու պես մի բան լինի, ամեն քանդակը քանդակագործության քանդելը լինի:

Քանդվեց Երեւանը, բայց մի\' դժբախտացեք, իրականում Երեւանը չի քանդվել, այն պարզապես քանդվում է, դանդաղ, որ շատ չտխրենք, որ աստիճանաբար մոռանանք, կորցնենք: Արամի տունն էլ են քանդում, Արամն էլ սովորական Արամ չէ, օրինակ` Պետրոսյան, Արամը Մանուկյանն է, եթե նրան չգիտեք, թուրք Վեյիբ փաշային հո գիտե՞ք, հիշում եք` անցյալ տարի ոչ միայն հիշում էիք, այլեւ պահանջում էիք Վեյիբի թոռներ-ծոռներից: Այ այդ Վեյիբը լավ գիտեր Մանուկյանին: Չնայած ո՞ւմ ենք ասում, ինչո՞ւ ենք ասում, միեւնույն է, քանդելու են… Է, բերեք պատմության գրքերն էլ քանդենք: Հա ի՞նչ, հանենք այդ գրքերից Արամ Մանուկյանի անունը, չի եղել այդպիսի մարդ, այդպիսի ժամանակներ, Վանի ժողովուրդ, հերոսամարտ, գրենք` Վեյիբ փաշան եկավ, կոտորեց, գնաց, կոտորվել սիրում ենք, չէ՞, կոտորվել ու քանդել: Թե չէ, ի՞նչ է ստացվում, մեր երեխաներին սովորեցնում ենք, թե Արամ Մանուկյան ենք ունեցել, ով Երեւանում ապրում էր…, բայց էլ չի ապրում, ոչ թե` որովհետեւ մահացել է, այլ քանի որ նրա տունը քանդել ենք, 1990-ից վթարային էր ճանաչվել, ու վերակառուցելու փոխարեն քանդել ենք: Սա ենք պատասխանելու մեր երեխայի այն հարցին, ով հայոց պատմության «Վանի հերոսամարտ» դասից գերազանց ստացած տուն վերադառնա ու մեզ խնդրի իրեն ցույց տալ Արամի տունը: Չկա այդ տունը, բալե\'ս, պապան քանդել է, պապան չի քանդել, բայց պապան ոչինչ չի արել, որ չքանդեն, ուրեմն քանդողներից մեկն էլ պապան է:

Շատ բան քանդեցինք, այնքան շատ, որ պետք է հաջորդ քանդելիքը երկար ման գալ… Առաջարկում եմ արձանները, սկզբում` ոչ հայերինը, բայց հայ ժողովրդի բարեկամներինը, օրինակ` Գրիբոյեդովի արձանը մեր ինչի՞ն է պետք: Հհետո կանցնենք հայերին՝ սկսելով ամենահեռու հայից, ֆրեզնոյաբնակ Սարոյանից, իբր Կասկադի հարեւանությամբ` Կենտրոն տեղ կանգնել է, որ ի՞նչ անի, մանավանդ` երբ նրա սիրտը լեռներում է, ուրեմն բերեք արձանն էլ լեռներում դնենք, հեռու մի տեղ… Այս համատեքստում բերեք Հին Երեւանն էլ լեռներում կառուցենք, ի՞նչն է բոլ էս երկրում, լեռները՝ մեկը մյուսից բարձր: Տանենք ուրեմն Հին Երեւանը ու կառուցենք դրանցից մեկի գագաթին, անհաս մի տեղ, որ ոչ ոք չգնա, բայց ոչ թե հին Երեւանի շենքերն ամբողջական կառուցենք, այլ միայն դիմապատերը, դե, օրինակ, Արամի տան դիմապատը կառուցենք, վրան գրենք՝ «Այս պատից այն կողմ մի ժամանակ տուն էր, որտեղ մի ժամանակ ապրել է Արամ Մանուկյանը»: Ու հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը նա էր, ով ապրել է թուրք Վեյիբ փաշայի ժամանակներում…

Էս ո՞ւր ենք գնում, ժողովո\'ւրդ, ընդ որում՝ մեքենայով, որ արագ հասնենք: Չէ, ես հասկանում եմ, որ քյաբաբը լավ բան է, որոշ տեղերում՝ անգամ համեղ ու իսկապես մսից, բայց կարելի՞ է ամեն օր քյաբաբ ուտել, մեքենան կանգնեցնել քյաբաբնոցի տակ գործող ստորգետնյա ավտոկայանատեղիում ու բարձրանալ քաղաք՝ քյաբաբ ուտելու: Փաստորեն, կարելի է, համենայն դեպս, մեզ ասում են, որ կարելի է, բայց դա սարսափելին չէ, մենք համաձայն ենք, որ կարելի է, սա է սարսափելին: Կարելի է քյաբաբի սիրույն զոհել քաղաքը: Համաձայն չե՞նք, անկեղծ ասած` ես էլ համաձայն չեմ, որ հավի քյաբաբն ավելի համով է, քան տավարինը, թեև վերջինս ավելի բարակ է սովորաբար լինում ու մի քանի տեղերում է, որ իսկապես տավարի մսից է լինում:

Քյաբաբն էլ` իսկական՝ տավարի մսով, քանդեցինք:

Հովիկ Աֆյան