Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը: Տոնի հետ կապված օրը ոչ աշխատանքային է: 1995 թվականի հուլիսի 5-ին այն ժամանակ երկրում իշխող կուսակցության` Հայոց համազգային շարժման պատրաստած Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի եւ հավանության արժանացավ ժողովրդի կողմից: Այն անկախ Հայաստանի առաջին սահմանադրությունն էր, որով էլ մինչ այսօր առաջնորդվում է Հայաստանի Հանրապետությունը:
Ժամանակակից իմաստով սահմանադրությունները` որպես պետության գրված հիմնական օրենք, նոր ժամանակաշրջանի երևույթ են։ Այդպիսի առաջին սահմանադրությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների` 1787 թ. Սահմանադրությունն է, որը գործում է մինչ օրս` իհարկե, ավելի քան 200 տարվա ընթացքում կատարված էական փոփոխություններով։ Եվրոպայում առաջին սահմանադրություններն ընդունվել են 1791 թ.` նախ` այդ տարվա մայիսի 3-ին, Լեհաստանում, այնուհետև` նույն տարվա սեպտեմբերի 3-ին, Ֆրանսիայում։ Սակայն «սահմանադրություն» տերմինը շատ ավելի հին պատմություն ունի։ Ընդունված է ասել, որ տերմինը ծագում է լատինական «constitution» բառից, որը նշանակում է «սահմանում», «կառուցվածք»։
Իսկ դեռևս Ք.ա. 4-րդ դարում անտիկ հույն մտածող Արիստոտելը «սահմանադրություն» հասկացությունն օգտագործում էր պետության կառուցվածքի, պետական իշխանության արդյունավետ կազմակերպման, նրա` ժողովրդավարական և արդարացի լինելու մասին խոսելիս։ Հին Հունաստանում և Հին Հռոմում երկար ժամանակ սահմանադրություն էին կոչվում նաև կայսրերի, միապետների ընդունած իրավական ակտերը։
Հայկական իրականությունում առանձնանում է 5-րդ դարում Վաչագան թագավորի նախաձեռնությամբ ընդունված «Կանոնական սահմանադրությունը»։ Վաչագանը Նվարսակի 484 թ. պայմանագրից հետո Արցախ-Ուտիք իշխանությունը հռչակել էր որպես թագավորություն, որը ճանաչվել էր Պարսկաստանի կողմից։ Կանոնական սահմանադրությունը հատկանշական է այն առումով, որ մշակվել և ընդունվել է ժամանակի աշխարհիկ և հոգևոր իշխանության ներկայացուցիչների լայն ընդգրկմամբ։ Այդուհանդերձ, Վաչագան թագավորի Աղվեն ամառանոցում ընդունված Կանոնական սահմանադրությունը հիմնականում կարգավորում էր հոգևոր կյանքի հարաբերությունները։