կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-27 14:15
Տարածաշրջան

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հռոմի պապի հայաստանյան այցին ու ելույթներին

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հռոմի պապի հայաստանյան այցին ու ելույթներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) արձագանքել է Հռոմի պապի` Հայ առաքելական եկեղեցու հետ ստորագրված համատեղ հռչակագրին, Հայաստանում ունեցած ելույթներին և «ցեղասպանություն» բառի կիրառմանը. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Թուրքիայի արտաքին գերատեսչության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ սրբազան քահանայապետի գործողությունները որակվել են որպես, կրոնական գործոնով պայմանավորված, «հերթական խտրական վերաբերմունք Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տառապյալ զոհերի նկատմամբ»:  

Հայտարարության մեջ նշվում է, որ Հռոմի պապը կախվածություն ունի «իրականության և պատմական փաստերի հետ կապ չունեցող» հայկական տեսակետներից: Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի այդ մասին են վկայում Հայաստան կատարած այցի ժամանակ նրա կողմից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելը, «1915-ի դեպքերի» վերաբերյալ անհաջող հայտարարություններ անելը, հայկական եկեղեցու հետ համատեղ հռչակագիր ստորագրելը և վերադարձի ճանապարհին «զրպարտանքներով լի» հայտարարություններ անելը:

«Հայաստան կատարած այցի ընթացքում պատմական փաստերի նկատմամբ Պապի որդեգրած կողմնակալ մոտեցումը չի կարող ծածկվել ո՛չ տարբեր խմբերի միջև խաղաղություն և բարեկամություն հաստատելու ցանկության մասին իր պնդումներով, ո՛չ փետրվարի 3-ին Վատիկանի արած հայտարարությամբ, որում ընդունվում էր պատմաբանների համատեղ հանձնաժողովի անհրաժեշտությունը, ո՛չ էլ ահաբեկչությունը քննադատող հայտարարությունը՝ 1977թ. ASALA-ի կողմից Վատիկանում Թուրքիայի դեսպան Թահա Ջարըմի սպանության հղումով»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ Պապի նման պահվածքը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, որը խաթարվել է հատկապես ապրիլ ամսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում տեղի ունեցած ռազմական բախումների հետևանքով:

«Այնպես որ` Սուրբ աթոռը ներկայացնող մարդկանցից բոլորը սպասում են ապագա սերունդներին խաղաղություն և բարեկամություն ժառանգություն թողնելու ջանքեր և կառուցողական մոտեցում` հիմնված օրենքի նկատմամբ հարգանքի վրա»,- ասված է հայտարարության եզրափակիչ մասում: