Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանի բանակը հունիսի 19-24-ը լայնամասշտաբ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ է սկսում՝ զորքերի ղեկավար մարմինների, զորամիավորումների, զորամասերի մասնակցությամբ: Զորավարժությունները նախատեսվում է անցկացնել հայ-ադրբեջանական շփման գծի մերձակա և Նախիջևանում գործող հրաձգարաններում և Կասպից ծովում: Հունիսի 14-ին դրա նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ընդլայնված խորհրդակցություն էր անցկացրել՝ իր տեղակալների, վարչությունների և գլխավոր վարչություների պետերի, զինված ուժերի զորատեսակների հրամանատարների մասնակցությամբ:
Թեև զորավարժությունները ներկայացվում են որպես պլանային, սակայն մի քանի հանգամանքներ փաստում են, որ հատկապես այդ օրերին զորավարժությունների անցկացումը ոչ թե զուտ ներբանակային միջոցառում է, այլ փորձ է արվում դրան տալ ընդգծված ռազմա-քաղաքական նշանակություն:
Առաջին՝ զորավարժությունների սկսման օր է ընտրվել հունիսի 19-ը: Այդ օրն ավարտվում է Բաքվում անցկացվող «Ֆորմուլա 1» եվրոպական Գրան պրիի ավտոմրցարշավը, այսինքն՝ Ադրբեջանը դուրս է գալիս, դրանով պայմանավորված, միջազգային հանրության ուշադրության առանցքից:
Երկրորդ՝ բանակի ղեկավարության՝ ընդլայնված կազմով խորհրդակցությունն անցկացվեց, ապա նաև զորավարժություն անցկացնելու մասին հայտարարվեց միայն Մոսկվայից Ադրբեջանի պաշտպանության նախարարի վերադառնալուց հետո: Հասանովը Մոսկվա էր մեկնել՝ մասնակցելու ԱՊՀ պաշտպանության նախարարների հանդիպմանը: Այցի շրջանակում նա հանդիպում էր ունեցել իր ռուս գործընկերոջ՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, որի ընթացքում վերջինս, ըստ ադրբեջանական աղբյուրների, ասել էր, թե Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի։
Երրորդ՝ զորավարժությունները սկսվելու են Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ կայանալիք՝ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ նախագահների եռակողմ հանդիպման նախօրեին և ընթանալու է այդ գագաթաժողովին հաջորդող մի քանի օրերին: Այս իմաստով զորավարժությունների մեկնարկի օրը չի կարող պատահական ընտրված չլինել:
Թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական և թե՛ հոգեբանական առումներով՝ նման առանցքային բանակցություններից առաջ կամ դրանց ընթացքում զորավարժությունների անցկացումը ոչ միայն ապակառուցողական քայլ կամ ժեստ է, այլև կոպիտ պրովոկացիա: Սանկտպետերբուրգյան բանակցություններից մեկ օր առաջ հայ-ադրբեջանական շփման գծի մոտակայքում և Նախիջևանում մասշտաբային զորավարժություններ անցկացնելու քայլն այլ բան չէ, քան ուժի ցուցադրություն և պատերազմի վերսկսման սպառնալիքի ստեղծում: Բայց հարցն այն է՝ ինչո՞ւ է Բաքուն գնում դրան:
Այն բանից հետո, երբ ՌԴ նախագահի օգնական Դմիտրի Ուշակովը հաստատեց, որ Սանկտ Պետերբուրգում կայանալու է նախագահների հանդիպումը, ԵԱՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ այդ գագաթաժողովի հրավիրման հետ ինքը որևէ կապ չունի, որ դա բացառապես Մոսկվայի նախաձեռնությունն է, և որ ԵԱՀԿ-ն դրա համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այլ կերպ ասած՝ ԵԱՀԿ-ն անուղղակիորեն հասկացրեց, որ այդ հանդիպումը ոչ միայն դուրս է Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների տրամաբանությունից, այլև կարող է սկզբունքորեն հակասել դրան, քանի որ շեշտը դրվում է ԼՂ հիմնահարցի համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցությունների վրա՝ շրջանցելով փաստը, որ նախ պետք է լուծվեր հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված մեխանիզմների տեղակայման հարցը: ԵԱՀԿ-ն հասկացնում էր, որ Մոսկվան իր այս նախաձեռնությամբ ուղղակի օրակարգից ուզում է հանել պատերազմի դիմելու՝ Ադրբեջանի վրա Վիեննայում դրված արգելքները:
Այս իրողությունն անուղղակիորեն հաստատել է նաև ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով երեկ ասել է, որ ինքը մասնակցելու է սանկտպետերբուրգյան հանդիպմանը և որ, իրենք հույս ունեն (ուշադրություն դարձնենք), «որ կողմերը հանրագումարի կբերեն միջադեպերի հետաքնության մեխանիզմի իրականացման մասին՝ ԵԱՀԿ կողմից առաջ քաշված պայմանավորվածությունը եւ կվերականգնեն բազմակողմանի խաղաղ համաձայնության գծով բանակցությունները»: Ուորլիքը, փաստորեն, դիվանագիտական լեզվով ասում է, որ սանկտպետերբուրգյան բանակցություններին մասնակցելու է, որպեսզի այն մնա վիեննական գործընթացի տրամաբանության մեջ, և բուն հակամարտության կարգավորման հարցով սեպարատ համաձայնություններ չլինեն, կամ՝ ավելի պարզ ասած՝ որպեսզի Պուտինը կողմերին կամ նրանցից մեկին լուծումներ չպարտադրի:
Եթե նկատի ունենանք, որ նման մեկնաբանությամբ ԵԱՀԿ-ն փաստացի դնում է Ադրբեջանի նկատմամբ վիեննակական «սահմանափակումները» կամ հրադադարին հավատարիմ լինելուն պարտադրելու հարցը, ապա լիովին հասկանալի է դառնում, թե ինչո՞ւ է Բաքուն որոշել սանկտպետերբուրգյան հանդիպումից առաջ ոչ միայն «մուսկուլներ ցուցադրել», այլև ղարաբա-ադրբեջանական շփման գծին զորավարժությունների անվան տակ մարդկային կոնտինգենտ և զինտեխնիկա կենտրոնացնել: Ադրբեջանը սպառնում է պատերազմի վերսկսմամբ, և այդ սպառնալիքն ուղղված է ինչպես Հայաստանին, այնպես էլ միջազգային հանրությանը: Բաքուն հասկացնում է, որ պատրաստ է վերջնականապես վիժեցնել հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված մեխանիզմների տեղակայումը, այսինքն՝ մեծ հաշվով տապալել Վիեննայի պայմանավորվածությունների կատարումը: Ակնհայտ է, որ եթե Բաքուն չունենար վիեննական գործընթացի մասնակից միջնորդներից գոնե մեկի աջակցությունը, երբեք նման շանտաժի չէր համարձակվի գնալ:
Այս իմաստով՝ սանկտպետերբուրգյան բանակցությունները, կարծես, ստեղծում են իսկապես պայթյունավտանգ իրավիճակ՝ նոր, ավելի մասշտաբային ռազմական գործողությունների պատճառ դառնալու առումով: Սա նշանակում է, որ բանակը և հասարակությունը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների ցանկացած, նույնիսկ ամենահոռետեսասկան ուղղությամբ շրջադարձի: Միակ բանը, որ այս պահին, թերևս, պետք է անի պաշտոնական Երևանը, ԱԳՆ-ի մակարդակով Ադրբեջանում սկսվող զորավարժությունների անցկացման փաստը դատապարտող և այն որպես խաղաղ կարգավորման գործընթացը տապալելու դեմարշ ներկայացնելն է: Բայց ԱԳՆ-ն, կարծես, չի շտապում:
Գևորգ Դարբինյան