Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահի հատուկ ներկայացուցիչ, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ, իրավաքաղաքական հանձնաժողովի քարտուղար Մըն Ձիենճուին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին, նշելով, որ նման ներկայացուցչական կազմով այցը Հայաստան վկայում է երկկողմ հարաբերությունների ամրապնդման մասին: Նախագահն անդրադարձել է երկու ժողովուրդների միջև բարեկամական կապեր և պատմականորեն ձևավորված հարաբերությունների ակունքներին, որոնք գալիս են դարերի խորքից՝ դեռևս Մեծ մետաքսի ճանապարհի գոյության ժամանակաշրջանից:
Զրուցակիցները գոհունակությամբ են փաստել, որ 1992թ. դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո հայ-չինական միջպետական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել բոլոր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային: «Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Հայաստանի համար կարևոր գործընկերներից է, և մենք ողջունում ենք նրա հաջողություններն ու ուրախ ենք համաշխարհային ասպարեզում նշանակալից դեր ունեցող բարեկամ Չինաստանի հաջողությունների ու բոլոր բնագավառներում արձանագրվող վերելքի համար: Ես ջերմությամբ եմ հիշում իմ բոլոր այցերը ձեր հիասքանչ երկիր, որոնց շարքում ցանկանում եմ ընդգծել անցյալ տարի կայացած իմ պետական այցը և դրա շրջանակներում տեղի ունեցած բավականին հետաքրքիր հանդիպումները երկրի ղեկավարության, հատկապես՝ Նախագահ Սի Ծինփինի հետ»,-ասել է ՀՀ Նախագահը:
Սերժ Սարգսյանը և ՉԺՀ Նախագահի հատուկ ներկայացուցիչը համակարծիք են եղել, որ ՀՀ Նախագահի պետական այցը որակական նոր մակարդակի բարձրացրեց հայ-չինական միջպետական հարաբերությունները՝ ևս մեկ անգամ վկայելով, որ երկու երկրները զարգացնում են արդյունավետ ու բազմակողմանի համագործակցություն բոլոր ոլորտներում:
Զրուցակիցները կարևորել են վերջին շրջանում հաճախակի դարձած բարձրաստիճան փոխայցելությունները:
ՉԺՀ բարձրաստիճան ներկայացուցիչը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության այցը նպատակ ունի ակտիվացնել և խորացնել հայ-չինական համագործակցությունը իրավապահ բնագավառում՝ համարելով, որ այն զգալիորեն կնպաստի երկկողմ քաղաքական կապերի ամրապնդմանը: Ըստ նրա, այդ ամենը կարևոր է նաև այսօր աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում, ինչը թելադրում է բարեկամ Հայաստանին և Չինաստանին՝ ավելի սերտ համագործակցություն հաստատել: Մըն Ձիենճուն վստահեցրել է, որ իր երկիրը ջանք չի խնայի նպաստելու տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը: