կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-19 23:14
Առանց Կատեգորիա

798-րդ «ծառայողական» մեքենան, որը դուրս չեն գրել

   798-րդ «ծառայողական» մեքենան, որը դուրս չեն գրել

Ուզում ենք լավ պետություն դառնալ, լավ, այսինքն՝ ոչ թե ինչպես Լյուքսեմբուրգը, այլ ուժեղ: Դե Վիեննայի տված դադարից օգտվելով` կառավարությունում փորձում են մենաշնորհների դեմ պայքարել, պետական ապարատը կրճատել, պետական ապարատին գործի տանող-բերող մեքենաները կրճատել, որոնցից այսօր 797 հատ կրճատել են, մի խոսքով՝ հասկացվեց, որ մենաշնորհները, պետական երկար ապարատը եւ այդ ապարատին սպասարկող թանկարժեք մեքենաները, որոնք, ի դեպ, ոչ թե էժան գազով են, այլ թանկ՝ բենզինով, կապ ունեն բանակի, դրա սպառազինության հետ:

Սա լավ է. հասկանալը, խնդիրը տեսնելը միշտ լավ է, դրա լուծումը տեսնելն՝ ավելի լավ է, բայց երբ խնդիրն ու լուծումը տեսնում ես ու ոչինչ  չես անում՝ լուծելու համար, դա կրկնակի վատ է, վատ է, որովհետեւ խնդիրը մնում է չլուծված եւ էլ ավելի  վատ է, որովհետեւ խնդիրը չլուծված է մնում, ոչ թե որովհետեւ լուծում չես գտնում, այլ, քանի որ լուծումը տեսնում ես, բայց ոչինչ չես անում:

Պետության ուժեղ լինելու գրավականը, կարծում եմ, սա է, այսինքն պետությունն ուժեղ է, ոչ թե այն դեպքում, երբ խնդիր չունի, այլ երբ խնդիրների լուծումը գտնելու եւ դրանք լուծելու կամք ունի: Հիմա 797 մեքենա են դուրս գրել, սա լավ նորությունն է, բայց ինչու՞ միայն կառավարության ապարատում. ԱԺ-ո՞ւմ ծառայողական մեքենաներ չկան, թե՞ նախագահականում կամ քաղաքապետարանում: Լավ, հասկացանք, որ այս ամեն ինչի մեջ մեղավորը կառավարությունն է՝ իր նախարարություններով, բայց, մարդի'կ, չե՞ք զգում, որ մեր սայլը, որը պետություն է կոչվում, ոչ թե մեկ, այլ մի քանի անիվ ունի, հետեւաբար, որպեսզի այն շարժվի տեղից, պետք է տեղադրել բոլոր անիվները… կամ էլ ոտքով քայլել:

Վերջինս ավելի առողջարար է, փոր մաշեցնող, այսինքն` որքան իշխանավորը ոտքով է քայլում, այնքան մեծ է հավանականությունը, որ ժողովուրդը նրան կընդունի` որպես յուրային: Ժողովուրդն էլ այս պատմության ամենակարեւոր օղակն է, իմիջիայլոց:

 Բանն այն է, որ պատերազմի ժամանակ ծառայողական մեքենայով աշխատանքի գնացող պետական հիմնարկի աշխատողը միակ մեղավորը չէ, որ ինքը մի քիչ չի հասկանում, թե ինչ է պետությունը, եւ որն է դրա համար ամենակարեւորը: Համապետական ընտրություններին մասնակցող եւ պետություն չհասկացողներին ընտրող ժողվուրդը պակաս մեղքի բաժին չունի:

Ուրեմն, եկեք այդ՝ 798-րդ չկրճատված մեքենայի անունը դնենք ընտրակեղծարարություն եւ դուրս գրենք այն մեր պետական ապարատից: Եթե, իհարկե իրոք ուզում ենք ուժեղ պետություն ստեղծել, ոչ թե պարզապես ոմանց ստիպել, որ ոտքով գնան աշխատանքի եւ աշխատանքից՝ տուն:

 Հովիկ Աֆյան