Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 6-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հայտարարել էր, թե նկատվել են հակառակորդի զնիտեխնիկայի կուտակումներ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում: Մայիսի 13-ին ՀՀ զինված ուժերի ՀՕՊ և ՌԷՊ ստորաբաժանումները Վայոց ձորի մարզի Ելփին համայնքի տարածքում, այսինքն` գրեթե Նախիջևանի հետ սահմանին, ոչնչացրին հետախուզական անօդաչու թռչող սարք: Իսկ հաջորդ օրը Վայոց ձորի մարզի Վայքի սահմանապահ դիրքերում հակառակորդի դիպուկահար կրակոցից զոհվեց պայմանագրային 25-ամյա զինծառայող։ Մինչ այդ ադրբեջանական աղբյուրները տեղեկություն էին հաղորդել, թե իբր հայկական ուժերը կրակ են բացել Նախիջևանի իրենց դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է իրենց մեկ զինծառայող։
Այս փաստերը հաստատում են, որ հայաստանա-ադրբեջանական պետական սահմանի Նախիջևանի հատվածում վերջին օրերին լարվածությունը կտրուկ աճել է։ Ելփինի մոտ հակառակորդի ԶՈՒ ԱԹՍ-ի հայտնվելը վկայում է, որ այս ուղղությամբ հակառակորդը լուրջ հետախուզական աշխատանքներ է իրականացնում, ինչն ինքնանպատակ լինել չի կարող։
Նախիջևանի հետ շփման գիծը 1994թ. հրադադարի հաստատումից ի վեր, նաև դրանից առաջ, չհաշված Խաչիկ գյուղի պարբերաբար հրետակոծումը, եղել է անհամեմատ կայուն և խաղաղ։ Այս հատվածում բախումներից խուսափել է ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը։ Վերջինիս հիմնական մտավախությունը կապված է այս տարածաշրջանի հանդեպ Թուրքիայի հատուկ վերաբերմունքով, ինչի անտեսումը կարող է հանգեցնել հայ-թուրքական ուղղակի առճակատման։ Ադրբեջանի խուսափողականությունն 90-ականների սկզբին պայմանավորված է եղել նրանով, որ այստեղ լուրջ ռազմական ուժեր չուներ կենտրոնացված, և մեծ էր հավանականությունը, որ իրենց անհաշվենկատ որևէ քայլից հետո այդ ուղղությամբ հայկական ուժերի հարձակումը կարող էր հանգեցնել նաև Նախիջևանի ամբողջական կորստով։ Մանավանդ, որ Բաքվում վստահություն չկար, թե հայ-ադրբեջանական կոնֆլիկտին չմիջամտելու առումով արտաքին համակողմանի ճնշման տակ գտնվող Թուրքիան կարող էր դրան խանգարել։
Այսօր, սակայն, իրավիճակը կատարելապես այլ է։ Ադրբեջանը վերջին 10 տարում հսկայական ռազմական ուժեր է կենտրոնացրել Նախիջևանում։ 2013թ. այստեղ ադրբեջանական բանակի 5-րդ կորպուսի հենքի վրա ձևավորվել է հատուկ առանձնացված համազորային բանակ, որը կազմված է երեք մոտոհրաձգային բրիգադից, և որի բալանսում առկա են մոտ 100 ռուսական ժամանակակից Տ-90Ս, 350-ից ավելի խորհրդային Տ-72 տանկեր, ինչպես նաև, ըստ որոշ տվյալների, տակտիկական «Точка» հրթիռային 12 համակարգ։ Այլ կերպ ասած՝ ձևավորված է բանակ, որը կարող է ոչ միայն պաշտպանողական, այլ նաև հարձակողական մարտական գործողություններ իրականացնել։ Իսկ հեռահար խոցման հրթիռային և հրետանային համակարգերն ունակ են թիրախներ ընտրել ընդհուպ նաև մայրաքաղաք Երևանում։ Նախիջևանի համազորային բանակը գտնվում է թուրքական ԶՈՒ-ի հատուկ հոգածության ներքո: Այսինքն` ներկա իրավիճակում անգամ մեծագույն ցանկության դեպքում հնարավոր չէ անտեսել նախիջևանյան ուղղությունից Հայաստանին սպառնացող վտանգը։
Թվում է, թե տակտիկական առումով հայկական կողմին կարող էր ավելի ձեռնտու լինել հենց Հայաստանի հետ սահմանին որոշակի սրացումը։ Վերջին օրերին Ադրբեջանը սահմանագծի այս հատվածում արձանագրվող միջադեպերը փորձում է մատուցել հենց այս լույսի նորքո։ Խնդիրն այն է, որ անմիջապես Հայաստանի հետ սահմանին անգամ փոքրիկ բախումները կարող են հիմք հանդիսանալ Հայաստանի համար՝ դիմելու ՀԱՊԿ-ի, մասնավորապես` Ռուսաստանի օգնությանը, ինչը Ռուսաստանին Ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշելու ամենակարճ ճանապարհը կլիներ։ Սակայն ապրիլյան էական սրացումներից հետո այդ վստահությունը Երևանն այլևս ունենալ չի կարող։ Եվ բացառված չէ, որ իր կողմից Նախիջևանի դեմ որոշակի գործողությունների դիմելու պարագայում ոչ միայն կկանգնի ռուս-հայկական ռազմական դաշնակցային հարաբերությունների սնանկությունը ջրի երես հանելու փաստի առջ, այլև թիրախ կդարձնի Արարատյան դաշտի բնակավայրերը և գործնականում իր համար կբացի հայ-ադրբեջանական պատերազմի երկրորդ ճակատը։ Այս իմաստով Երևանին բացարձակ պետք չէ Նախիջևանում բախումների նոր օջախ ստեղծելը։
Ադրբեջանի դեպքում, սակայն, իրավիճակը բոլորովին հակառակն է։ Իհարկե, դժվար թե Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունն այնքան ապաշնորհ ու անհեռատես գտնվի, որ Նախիջևանից Արարատյան դաշտի և Երևանի ուղղությամբ հարձակում պլանավորի։ Այս ուղղությունը Ադրբեջանի ռազմավարական նպատակներում ունի օժանդակող նշանակություն։ Նախիջևանյան բանակով և այս հատվածում բախումների նոր օջախ հրահրելով կամ դրա նախադրյալներ ստեղծելով` Բաքուն Երևանի համար կարող է լուծել մի քանի խնդիր։
Առաջինը Նախիջևանի կողմից հարձակում սկսելու, առնվազն հրթիռահրետանային հարվածներ հասցնելու մշտական վախի սերմանումն է հայ հասարակության մեջ։
Երկրորդը խնդիրը ապրիլյան դեպքերի և հակամարտության կտրվածքով ռուսական քաղաքականությունից Հայաստանի խորը հիսաթափության ֆոնին ՀԱՊԿ-ի և հենց Ռուսաստանի ռեակցիան ստուգելն է, հայ-ռուսական հարաբերությունների համար փորձության նոր առիթ ստեղծելը։ Սրանք, իհարկե, ավելի շատ հոգեբանական գրոհի դրսևորումներ են։
Երրորդ նպատակը զգուշացնելն է, որ Ադրբեջանի տարածքի ուղղությամբ հայկական ԶՈՒ-ի կողմից հարձակողական գործողությունների նախաձեռնման պարագայում Բաքուն կարող է Նախիջևանից երկրորդ ճակատը բացել և ջլատել հայկական ուժերը։ Նախիջևանում ուժերի մոբիլիզացիան կարող է նաև նախաձեռնողական նշանակություն ունենալ, եթե Ադրբեջանում հանգեն պատերազմ սկսելու վերջնական նպատակին։
Սա նշանակում է, որ նրանք կարող են նաև չսպասել հայկական ԶՈւ-ի հարձակմանը և միանգամից երկու ուղղություններով՝ ԼՂ և Սյունիք-Վայոց ձոր, անցնեն հարձակման։ Դրա նպատակներից մեկը կարող է լինել նախ Վայոց ձորի հատվածով Սյունիքը և Արցախը Հայաստանի մնացած հատվածից կտրելը և դրանով հայկական կողմին կապիտուլյացիայի ենթարկելը։ Սա, սակայն, չափազանց բարդ իրագործելի է՝ առաջին հերթին լեռնային տեղանքի և նման տեղանքում պատերազմ վարելու` հայկական ուժերի փորձառության պատճառով։ Երկրորդ և թերևս հիմնական նպատակը կարող է լինել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբին պարտադրելը, որ, պատերազմի ծավալման ժամանակ կամ դրանից զգուշանալու մղումներից ելնելով, Նախիջևանի ուղղությամբ լուրջ ռեզերվային ուժեր նետելով, զգալիորեն թուլացնեն ինչպես ԼՂՀ ՊԲ-ի, այնպես էլ Հայաստանի հյուսիսարևելյան և արևելյան առաջապահ ուժերին, նրանց զրկեն լուրջ ռեզերվային համալրում ստանալու հնարավորությունից։ Այս իմաստով Նախիջևանն, իհարկե, հայկական կողմի համար կարող է դառնալ ոչ միայն լուրջ գլխացավանք, այլև այդ գլխացավանքից շատ արագ հարձակման միջոցով ձերբազատվելու տարբերակ։ Հիմա Բաքուն փորձում է որպես քաղաքական «խաղաքարտ» օգտագործել նախիջևանյան ուղղությունը։ Բայց չի բացառվում, որ ցանկացած պահի այն վերածվի ռազմական «խաղաքարտի», ընդ որում` ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմերի համար։
Գևորգ Դարբինյան