| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը և «Օքսֆամ» հայաստանյան գրասենյակը ներկայացրել են «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» և «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» բյուջետային ծրագրերի անկախ գնահատման արդյունքները:
Լրագրողները Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա Բին Աջեմյանից հետաքրվեցին, թե ինչու որոշվեց ուսումնասիրել հենց այս երկու պետական աջակցության ծրագրերը: Աջեմյանն ընդգծեց, որ դա չափազանց կարեւոր էր, քանի որ բնակչության 60 տոկոսը սոցիալական աջակցության եւ առողջապահական խնամքի ծրագրերի շահառու է: Հարցին, թե աջակցության ոչ հասցեական սպասարկումը արդյոք միայն պետական օղարկի բացթողումն է, Աջեմյանը նշեց, որ խնդիրը երկկողմանի է: «Նախ սովորաբար մարդիկ, ովքեր պետք է ստանան այդ աջակցությունը, տեղեկացված չեն, որ իրենց հասանելի է նման օգնություն, եւ կան մարդիկ, ովքեր չարաշահում են համակարգը, նրանք չպետք է դա ստանան, բայց օգտվելով համակարգի հնարավորություններից գրանցվում են եւ ստանում: Ամենաուշագրավն այն է, որ գումարի խնդիր չկա, հասցեատերերին բավարար աջակցություն ցուցաբերելու համար բավարար ռեսուրսներ կան, խոսքը արդյունավետության մասին է, որը բացակայում է, ճիշտ հասցեատերերը ընդգրկված չեն օգնություն ստացողների մեջ: Պետք է փաստեմ, որ կառավարությունը հանձնառու է եւ պատրաստ ընդունել քննադատությունը, կարծում եմ՝ լուծումը մոտ է»,- հայտարարեց նա:
Հիշեցնենք, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նպաստների համակարգից դուրս են մնացել ծայրահեղ աղքատների կեսից ավելին, իսկ նպաստառուների գրեթե 44 տոկոսը աղքատ չէ: Առաջարկվում է հստակեցնել ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների ծրագրի նպատակը` թիրախավորելով Հայաստանում ծայրահեղ աղքատության ամբողջական հաղթահարումը և աղքատության էական կասեցումը, նաև լրացուցիչ ջանքեր ներդնել ծայրահեղ աղքատ և շատ աղքատ ընտանիքների բացահայտման և համակարգում ընդգրկման խոչընդոտների վերացման ուղղությամբ: Նշվեց որ առայժմ շարունակվում է խնդիր մնալ սոցիալական ծրագրերի հասցեականության ապահովումը: