Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 10-ին աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա, որտեղ հանդիպելու է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվելու են երկկողմ առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկայի, հումանիտար ոլորտներում երկկողմ փոխգործակցությանը, եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր: Նախատեսված է նաև մտքերի փոխանակում ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի, առկա խնդիրների և այդ գործընթացն առաջ մղելու հնարավորությունների շուրջ:
Պուտինի հետ Սարգսյանի այս հանդիպումը, ըստ էության, կարելի է անակնկալ համարել. հանդիպումը հերթականներից չի լինելու։ Այս մասին թափանցիկ ակնարկել է նաև ռուսական «Կոմերսանտ» պարբերականը։ Սերժ Սարգսյանի այցի նախօրեին թերթը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հարցազրույց է հրապարակել, որի նախաբանում, հղում կատարելով երևանյան ինչ-որ անանուն դիվանագիտական աղբյուրների, գրում է, թե Մոսկվայում լրջորեն անհանգսացած են հայ-ադրբեջանական զինված ուժերի միջև շփման գծում բախումների քանակի աճով։ Սա ակնարկ է այն մասին, որ երկու երկրների ղեկավարների հանդիպման առանցքային թեման լինելու է ԼՂ հիմնահարցի կարգավորումը։
Մոսկվայի ներկայիս անհանգստությունը թվում է արտառոց։ Թեև վերջին օրերին հակառակորդն իսկապես սկսել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում թեժացնել իրավիճակը, սակայն նախկինում ու հատկապես նախորդ տարեվերջին եղել են շրջափուլեր, երբ բախումները կրել են գրեթե լիարժեք պատերազմական բնույթ։ Չնայած դրան, չնայած պաշտոնական ու ոչ պաշտոնական մակարդակով Երևանից այդ իրողության վրա ՌԴ-ի ուշադրությունը հրավիրելու համառ փորձերին` Մոսկվայում այն ժամանակ գոնե հրապարակայնորեն որևէ անհանգստության նշան չէին ցուցաբերում։ Մինչդեռ հիմա, երբ իրավիճակը որքան էլ լարված, համեմատաբար ավելի վերահսկելի է, հանկարծ Կրեմլում ակտիվացման նշաններ են ցուցաբերում։ Ընդ որում` որքան կարելի է հասկանալ Կրեմլի տարածած հաղորդագրությունից՝ Պուտինը Սարգսյանի հետ պատրաստվում է քննարկել բանակցային գործընթացն առաջ մղելու հնարավորությունները։ Հարց է առաջանում՝ ի՞նչ մեղու է կծել Պուտինին։
Մինչ Սարգսյանին Կրեմլ հրավիրելը, պաշտոնական Մոսկվան ինտենսիվ բանակցային գործընթացի մեջ էր Բաքվի հետ։ Նախ՝ փետրվարի կեսերին ՌԴ-ն միակողմանիորեն հրապարակեց 200 մլն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին մատակարարվելիք զինտեխնիկայի ցանկը, որի կապակցությամբ Բաքուն Մոսկվային հղված բողոքի նոտայով պահանջեց հստակ երաշխիքներ տալ, որ այդ ռազմատեխնիկան ԼՂՀ-ում չի հայտնվելու։ Փետրվարի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրան կատարած պաշտոնական այցից անմիջապես հետո Պուտինը երկու անգամ հեռախոսազրույց ունեցավ Ալիևի հետ։ Իսկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, թե Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին զինտեխնիկա վաճառելիս ելնում է կողմերի միջև տարածաշրջանային հավասարակշռությունը պահելու սկզբունքից։ Դրանից գրեթե անմիջապես հետո Բաքու այցելեց ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռագոզինը՝ քննարկելու բազմամիլիարդանոց գործարքի շրջանակում Ադրբեջանի համար արտադրված զինտեխնիկայի դիմաց Բաքվի կուտակած պարտքերի վերադարձման, չի բացառվում` նաև ռազմատեխնիկական ոլորտում ռուս-ադրբեջանական հետագա համագործակցության խնդիրը։ Սակայն ամենակարևորն այն է, որ ռուս-ադրբեջանական այս ակտիվացումներն սկսվեցին Թեհրանում Ալիևի արած այն հայտարարությունից հետո, թե Ադրբեջանը լիովին կիսում է Իրանի (հասկանալ նաև Ռուսաստանի) դիրքորոշումը Սիրիայի ճգնաժամի քաղաքական հաղթահարման հարցում և կարծում է, որ Սիրիայի ճակատագիրը պետք է որոշի այդ երկրի ժողովուրդը։ Չի կարելի բացառել, որ այս հայտարարությունը Մոսկվայում կարող էին ընկալել որպես Սիրիայի հարցում և հատկապես` ռուս-թուրքական առճակատման շրջանակում դեպի Մոսկվան Ադրբեջանի կողմնորոշվելուն ուղղված ակնարկ, ինչով և թելադրված էին թե\' Պուտինի հեռախոսազրույցները Ալիևի հետ և թե\' Հայաստանին զենք վաճառելու առթիվ Բաքվի հղած նոտային սպասվածից ավելի մեղմ վերաբերվելու` Մոսկվայի պահվածքը։ Եթե իսկապես դա է պատճառը, ապա պետք է ենթադրել, որ Մոսկվայի այս ակտիվացման, Սերժ Սարգսյանին բանակցությունների կանչելու ենթատեքստում ընկած է Ադրբեջանին Թուրքիայից քաղաքականապես կտրելու, հեռացնելու խնդիրը, որի գինը կարող է լինել ԼՂ հարցում Բաքվին տրված կամ տրվելիք որոշակի խոստումները։
Բայց սա Մոսկվայի «անհանգստության» և նախագահ Սարգսյանին Կրեմլ հրավիրելու միակ հնարավոր պատճառը չէ։ Պուտին-Սարգսյան հանդիպումը նախաձեռնվում է Բրյուսելում այսօր ընթացող «Հայաստան+28» ձևաչափով ՆԱՏՕ-ի խորհրդի նիստից փաստացի անմիջապես հետո։ Այդ նիստին մասնակցելու համար Բրյուսել են մեկնել Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները։ Նախատեսված է, որ նիստից առաջ նրանք պետք է հանդիպեին Դաշինքի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգի հետ։
Սա գուցե մնար աննկատ, եթե մինչ այդ Հայաստան չայցելեր Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին, ով նախարար Նալբանդյանի հետ վերահաստատեց իրավական նոր հիմքով համաձայնագիր ստորագրելու` Բրյուսելի և Երևանի կամքը։ Մինչ այդ հայաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում Մոգերինին նշել էր, որ Երևանի հետ նոր համագործակցությունը պարունակում է Հայաստանի անվտանգության ապահովման և սուվերենության մակարդակի բարձրացման հեռահար նպատակ։
Չի բացառվում, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ Երևանի ծավալած այս գործընթացներն սկսել են նորից անհանգստացնել Մոսկվային, որն առանց այն էլ դեռևս չի կարողացել հաղթահարել 2013թ․ ԵՄ-Հայաստան ասոցացման գործընթացի պատճառով Երևանի նկատմամբ կուտակած անվստահությունը։ Թերևս պատահական չէ, որ նախարար Նալբանդյանին ուղղված` «Կոմերսանտի» լրագրողի հարցերի մի մասն ուղղակիորեն վերաբերում էր Երևան-Բրյուսել հարաբերություններին ու Մոսկվայի համար դրանց վտանգավորությանը։ Ուստի չի բացառվում, որ, Սարգսյանին Կրեմլ հրավիրելով, Պուտինը ցանկանում է նաև հասկանալ՝ մինչև ի՞նչ աստիճանի կարող է խորանալ Բրյուսել-Երևան այս նոր սիրախաղը, և որքանո՞վ կարելի է այդ առումով վստահել հայաաստանյան իշխանություններին։ Վերոնշյալ հարցազրույցում նախարար Նալբանդյանի արած այն դիտարկումը, թե, անկախ ամեն ինչից, միակ երկիրը, որին Հայաստանը համարում է իր ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է, թերևս, պետք է համարել Կրեմլի այս նյարդայնությունը մեղմելուն միտված ուղերձ։
Գևորգ Դարբինյան