կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-25 15:02
Քաղաքական

Դատարկախոսներն էլ կգան մեզ հետ համագործակցության. Վահրամ Բաղդասարյան

Դատարկախոսներն էլ կգան մեզ հետ համագործակցության. Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ խոսեց ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը քննադատողների մասին: Դիտարկմանը, թե ընդդիմադիրները ՀՀԿ-ՀՅԴ համագործացությունը որպես դատարկաբանություն են բնորոշում, նա պատասխանեց. «Խնդրում եմ ձևակերպումների մեջ ավելի գրագետ լինել: Դա եղել է քաղաքական համագործակցության մասին համաձայնագիր, և, բնականաբար, հնարավոր են տարբեր քննադատություններ: Դատարկախոսները պետք է նման ձևով վերաբերվեն ու ասեն, որ դատարկամտություն է, իսկ դուք` բոլորդ, համոզված եղեք, որ նոր Սահմանադրությունից բխող, ինչու` չէ, նաև փետրվարի 12-ից հետո հանրապետության նախագահի ելույթից բխող դրույթների և դրանց իրագործման համար անխուսափելի է համագործակությունը, և պառլամենտական համակարգը ինքնըստինքյան ենթադրում է համագործակցություն: Այդ դատարկախոսներ էլ, որոնք դատարկություն են համարում, ինձ թվում է` տարիների ընթացքում պետք է համագործակցության գան, և այդ ժամանակ, խնդրում եմ, դուք հիշեցրեք այդ համագործակցության եկող քաղաքական ուժերին»:

Բաղդասարյանի խոսքով`համագործակցություն ասելով՝ լրագրողները միանգամից պորտֆելներ են հասկանում: «Եթե այն ժամանակ համագործակցությունը լինում էր կուլիսներում, հիմա արդեն բացահայտված համագործակցություն պետք է լինի»,- ասաց նա:

Հարցին, թե ՀՅԴ-ի հետ է կուլիսների հետևում համագործակցե՞լ եք, Բաղդասարյանը պատասխանեց. «Օրինակ` ՄԻՊ-ը ՀՀԿ-ի թեկնածուն էր, հավաքեց 96 ձայն, հիմա եղե՞լ է համագործակցություն, թե՞ չի եղել: Իսկ հիմա մենք բացահայտ համագործակցություն ենք հայտարարել: Խորհրդարանական համակարգի ժամանակ մենք պետք է համագործակցենք և՛ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, և՛ համագործակցող ուժերի հետ: Տարբեր ֆորմատներով մենք պետք համագործակցենք բոլոր քաղաքական ուժերի հետ և ոչ միայն` պառլամենտական, նաև արտախորհրդանական քաղաքական ուժերի հետ, քաղաքացիական հասարակության հետ»:

Դիտարկմանը, թե ուզում եք ասել՝ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցե՞լ եք, արձագանքեց` եղել են դեպքեր, որ, օրենքների հետ կապված, համագործակցել են նաև Նիկոլ Փաշինյանի հետ: «Ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանի նման բանիմաց քաղաքական գործչի հետ ես բանակցություն չվարեմ, կամ` Զարուհի Փոստանջյանի, կամ` մյուսների հետ»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ում, ձեզ հետ համագործակցության առումով, կան խնդիրներ` մի մասն ուզում է համագործակցել, մյուս մասը` ոչ, ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց. «Մենք համագործակցում ենք նրանց հետ: Ի՞նչ են հասկանում կոնկրետ` համագործակցություն ասելով: Պաշտոնների հետ կապվա՞ծ եք ասում: Նման հարց չի քննարկվել, բայց համագործակցում ենք»:

Հարցին`ինչո՞ւ եք ՀՅԴ-ի հետ պաշտոններով համագործակցում, նրանց հետ` այլ ֆորմատով, Բաղդասարյանը պատասխանեց, որ քննարկումների արդյունքում իրենք եկել են այն գաղափարական մոտեցումներին, որ ընդհանուր ճանապարհ ունեն գնալու:

«Կգա ժամանակը, կգան այլ ուժեր, մենք չենք խուսափում նրանց հետ էլ համագործակցել ու ասում ենք, որ սա ամեն ինչի սկիզբն է, մի\' շտապեք»,- եզրափակեց ՀՀԿ-ականը: