կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-12 21:08
Առանց Կատեգորիա

Կրակոցներ` Մյունխենի ճանապարհին, կամ Ալիևի ուղերձը` համանախագահներին

Կրակոցներ` Մյունխենի ճանապարհին, կամ Ալիևի ուղերձը` համանախագահներին

Մյունխենում մեկնարկող` անվտանգության միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիայում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Բացի մի քանի երկրների արտգործնախարարներից, նա հանդիպում կունենա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Նախորդ տարեվերջին Բեռնում կայացած` Սարգսյան-Ալիև բանակցություններից հետո դա կլինի համանախագահների հետ Նալբանդյանի առաջին հանդիպումը։

Պաշտոնական Բաքուն երկու օր առաջ հաստատեց, որ այս տարի ևս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցելու է մյունխենյան կոնֆերանսին։ Առայժմ, սակայն, տեղեկություն չկա՝ նախատեսվո՞ւմ է Ալիևի կամ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։ Չի բացառվում, որ Բաքուն կխուսափի այդ հանդիպումից՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հակահայկական բանաձևի տապալման հարցում համանախագահների ունեցած անմիջական դերակատարության պատճառով։ Հայտնի է, որ այդ միջամտությունից հետո Ալիևը վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել համանախագահների հասցեին՝ նրանց մեղադրելով Ադրբեջանի նկատմամբ կրոնական խտրականություն և երկակի ստանդարտներ կիրառելու մեջ, իսկ արտգործնախարար Մամեդյարովը բողոքի նոտա էր հղել համանախագահող երեք երկրներին։

Որ համանախագահներն իրենք նման հանդիպում չեն ակնկալում, անուղղակի հաստատել է նաև ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում նա նշել է, թե առաջիկայում համանախագահների այց հակամարտության գոտի չի նախատեսվում՝ որևէ ակնարկ չանելով մյունխենյան հանդիպումների մասին։ Չի բացառվում, որ, մյունխենյան կոնֆերանսին համանախագահների ներկայությունն անտեսելով, Ալիևի պատվիրակությունը կարող է ոչ միայն ցուցադրաբար արտահայտել իր այդ դժգոհությունը, այլև փորձել ճնշում գործադրել համանախագահող եռյակի վրա՝ հետագայում այլ միջազգային կառույցներում ԼՂ հարցով իր նախաձեռնություններում նրանց միջամտությունը թույլ չտալու նպատակով։ Այսինքն` Բաքուն կարող է հերթական անգամ բանակցություններից դուրս գալու սպառնալիքը որպես ՄԽ համանախագահների նկատմամբ շանտաժի միջոց կիրառել։

Բաքվի այս դեմարշի ազդեցությունն արդեն իսկ զգալի է համանախագահների վրա։ Թերևս պատահական չէ, որ «Արմենպրես»-ի հետ զրույցում Ջեյմս Ուորլիքը զգալիորեն «սրբագրել» է ԼՂ հարցով բանաձևերը չընդունելու և դրանով կարգավորման գործընթացն այլ հարթակներ տեղափոխելու նախաձեռնությանը չընդառաջելու՝ ԵԽԽՎ-ին ուղղված իրենց կոչի հետապնդած նպատակները։  «Հայտարարությամբ համանախագահները ցանկանում էին շեշտել, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ բանակցային գործընթացի այն ձևաչափը, որն ընդունել են կողմերը: Հուսով ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հավատարիմ կմնան բանակցային կարգավորման շուրջ Մինսկի խմբի հետ սերտորեն աշխատելու իրենց հանձնառությանը»,- ասել է ամերիկացի համանախագահը։

Նա «մոռացել է» շեշտել, որ այդ կոչի իրական նպատակը ԵԽ-ին և բոլոր միջազգային կառույցներին ուղղված հստակ ուղերձն էր՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին վնասող և բանակցային գործընթացը բարդացնող» քայլերից ձեռնպահ մնալ։ Արտաքուստ սա թվում է փոքրիկ, ոչ էական խմբագրում։ Սակայն Բաքվում այն կարող է ընկալվել իբրև համանախագահների կողմից իրենց շանտաժին տուրք տալու փաստ, ինչը կնպաստի ԵԽԽՎ-ում ՄԽ եռանախագահության և Հայաստանի դեմ նորանոր նախաձեռնությունների առաջմղմանը։

Այս իրողությունը, սակայն, համանախագահողների դեմ Բաքվի դեմարշի միակ և ամենակարևոր դրդապատճառը չէ։ Ալիևի՝ Մյունխեն մեկնումն ուղեկցվեց ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում անցած գիշեր լարվածության կտրուկ աճով։ Նախ՝ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն տարածեց, թե իբր սահմանի տարբեր հատվածներում հայկական զինուժն իրականացրել է դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնց կասեցմանն ուղղված մարտերում հայկական կողմը 7 զոհ է տվել։ Չնայած ԼՂՀ ՊԲ-ն հանդես եկավ պաշտոնական հերքմամբ, սակայն տեղեկացրեց, որ գիշերվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ներառյալ` 60 միլիմետրանոց ականանետից,  ՌՊԳ-7, ՀԱՆ-17, ՀՀՆ-9 և ԳՊ-25 տիպի նռնականետներից արձակել է ավելի քան 4500 կրակոց: Իսկ խոշոր տրամաչափի դիպուկահար հրչազենից արձակված կրակոցից Արցախի Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մի բնակիչ է սպանվել։ Դժվար է հավատալ, որ լարվածության կտրուկ մեծացման և Ալիևի՝ Մյունխեն կատարած այցի համընկնումը զուտ պատահականություն է։ Պետք է ենթադրել, որ դրա հիմնական նպատակը ԱՄՆ-ի կողմից շփման գծի երկայնքով հրադադարի ամրապնդման մեխանիզմների ներդրման նախաձեռնությունը վիժեցնելն է։

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում Ջեյմս Ուորլիքը նշել է, որ համանախագահներն առաջարկներ են ներկայացնելու «բախումների ռիսկի կրճատման ու երկխոսության խթանման հնարավորությունների վերաբերյալ»։ Սա, թերևս, նշանակում է, որ հրադադարի խախտման դեպքերն արձանագրող և ամբողջ սահմանագիծը վերահսկողության տակ դնող մեխանիզմների ներդրմանը, այսինքն` առկա ստատուս քվոն առժամանակ պահպանելուն համանախագահող երկրները սկզբունքային համաձայնություն են տվել։

Չի կարելի բացառել, որ 2015թ․ դեկտեմբերի վերջերից մինչև երեկ գիշեր պահպանված հարաբերական անդորրը պայմանավորված էր նաև այդ մեխանիզմների կիրառմանն ուղղված առաջարկների ներկայացման օբյեկտիվ անհրաժեշտությունը վերացնելու` Բաքվի ձգտումներով, որի իմաստը ցույց տալն էր, թե չկա դրանք ներդնելու անհրաժեշտություն, քանի որ իրավիճակը կայուն է և վերահսկելի։ Ի վերջո, Բաքվի համար, զուտ առկա ստատուս քվոն չքարացնելու կամ գուցե չհավերժացնելու առումով, ինքնակամ կառավարվող խաղաղություն պահպանելը կարող է ժամանակավորապես ավելի նախընտրելի  համարվել, քան նման մեխանիզմների ներդրումը։ Բայց եթե, չբավարարվելով դրանով, համանախագահները որոշել են այդ առաջարկները պաշտոնապես ներկայացնել կողմերին, այսինքն` Ադրբեջանին զրկել դրանից խուսանավելու որևէ տարբերակից, ապա հասկանալի է դառնում, թե, շփման գծում լարվածությունը մեծացնելով, ինչ է նրանց փորձում Մյունխենից հասկացնել Իլհամ Ալիևը․․․   

Գևորգ Դարբինյան