կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-06 17:04
Քաղաքական

Պետք չէ վարկեր վերցնել, տանջվել... ՀՀԿ-ական պատգամավոր

Պետք չէ վարկեր վերցնել, տանջվել... ՀՀԿ-ական պատգամավոր

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրենց ընտանիքում Ամանորի ուրախ տոնակատարությունները`ողջ համուհոտով, եղել են մինչև այն թվականը, երբ դեռ ողջ էին նրա ծնողները:

«Հայության մենթալիտետի անբաժան մասն է դարձել Ամանորին ճոխությամբ նախապատրաստվելը: Կարծում եմ` ամենակարևորը ճոխությունը չէ, մարդիկ պետք է ընկալեն տոնի ողջ իմաստը և բարությամբ ու սիրով լցվեն: Պետք չէ վարկեր վերցնել, տանջվել, հետո էլ մտածել, թե ինչպես այդ բեռը հաղթահարել: Ես հիշում եմ` դեռևս 70-ական թվականներից մարդիկ գալիս էին և ուսումնասիրում մեր սեղանի պարունակությունը… Բայց ի՞նչ արած, դա մենթալիտետի հարց է, պետք է կարողանանք հաղթահարել: Ամանորը մրցավազքի վերածելն իսկապես մենթալիտետի խնդիր է դարձել, և շատ սխալ մոտեցում է: Ինչ-որ առումով սովորություն է դարձել նաև բարեկամներով հավաքվելը, ռեստորաններում Ամանորը նշելը, բայց դա էլ չպետք է լինի պարտադիր: Մարդիկ ինչպես որ կարողանում են կազմակերպել իրենց տոնը, ուրեմն հենց դա էլ իրենց իսկական տոնն է»,- ասաց Բաղդասարյանը:

Նա խոսեց նաև Ամանորի նվերների գաղափարի մասին: «Նվերներ գնելը լավ բան է, բայց ես այդքան էլ ակտիվ չեմ այդ հարցում: Իմ երեխաների նվերներով զբաղվում է նրանց մայրը, և նրանք գոհ են մնում: Այնպես չէ, որ թանկարժեք են այդ նվերները: Հիմնականում համեստ նվերներ է ընտրում տիկինս: Անկեղծ ասած` հյուր գնալիս էլ, եթե ինչ-որ նվեր գնելու հարց է լինում, տիկինս է այդ գործով զբաղվում: Պետք է ասեմ, որ ես բոլորովին չեմ սիրում այդ սովորությունը, առանձնապես չեմ էլ հետաքրքրվում նվերներ գնելու և նվիրելու գործընթացքով: Երբ ես հյուր եմ գնում, չեմ մտածում նվեր տանելու մասին: Ինքս եմ հյուր գնում, և նվեր տանելու մեջ չէ կարևորությունը: Օրինակ` եթե ինձ նվեր են բերում, ես կարող է մեկ տարի հետո նոր իմանամ` ինչ էին բերել»,- անկեղծացավ ՀՀԿ-ականը:

Ի դեպ, նա մեզ հետ զրույցում ասաց նաև, որ թե’ Ամանորի տոնակատարություններին, թե’ այլ առիթներով, երբ օգտագործում է ոգելից խմիչք, չի հարբում և իր կյանքի մեջ կարող է հիշել միայն մեկ դեպք, որ հարբել է: «Երբ մեր տան առաջին երեխան էր ծնվել, այդ ժամանակ եմ հարբել: Իսկ մնացած օրերին, անկեղծորեն եմ ասում` չեմ հարբում: Իսկապես չկա նման բան»,- վստահեցրեց Բաղդասարյանը:

 ՀՀԿ խմբակցության ղեկավարը վերհիշեց նաև 2015 թվականի նշանակալի իրադարձությունները: Նրա խոսքով` սահմանին լարվածությունը և զինվորների մահերն ամենացավալի դեպքերն էին: «Լավ կլինի, որ 2016 թվականին Ադրբեջանը հրաժարվի իր ագրեսիվ քաղաքականությունից և հասկանա, որ, իրենց վարած քաղաքականության արդյունքում հենց իրենք էլ տուժում են»,- ասաց Բաղդասարյանը:

Ըստ նրա` 2015 թվականին Հայաստանում տեղի ունեցան այնպիսի իրադարձություններ, որոնք կարևոր հետք թողեցին: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները ողջ աշխարհին ի ցույց դրեցին` ինչ ողբերգություն, ինչ ցեղասպանություն է տեղի ունեցել հայ ժողովրդի հետ: Տարբեր երկրների իշխանության ներկայացուցիչներն ավելի շատ սկսեցին խոսել այդ մասին և կոնկրետ գործողություններ անել` ի նպաստ Հայաստանի: Դա դեռ շարունակվելու է, ես համոզված եմ»,- ասաց Բաղդասարյանը և այդ համատեքստում ընդգծեց Սերժ Սարգսյանի և ՀՀ արտգործնախարարության դերը:

ՀՀԿ-ականի կարծիքով` համաշխարհային քաղաքական դաշտում լուրջ գործունեություն ծավալեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: