կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-12-25 15:01
Հասարակություն

Կոռուպցիան նաև չկանոնակարգված հարաբերություններն են. նախարար

Կոռուպցիան նաև չկանոնակարգված հարաբերություններն են. նախարար

Այսօր առողջապահական ոլորտի տարին է ամփոփել  առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա նշել է, որ 2015-ի` հաջողությամբ իրականացված ծրագրերից է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը, որը սոցիալական մեծ կարեւորություն ունի: Ծրագրի շրջանակներում բուժօգնություն է ստացել 145 քաղաքացի, նրանք ներառված չեն եղել սրտի անվճար վիրահատություն ունեցող որեւէ խմբում: Կյանքի են կոչվել  նաև գերակա խնդիրների իրականացմանն ուղղված բոլոր միջոցառումները` Առողջապահության համակարգի կառավարման բարելավում (մեկնարկել է առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի փորձնական ծրագիրը), Բժշկական օգնության և սպասարկման որակի կառավարման բարելավման նպատակով ապացուցողական գործելակարգերի ներդրմանը և կադրային ներուժի շարունակական զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում (մշակվել է կլինիկական 21 ուղեցույց, 23 գործելակարգ, 25 մասնագիտական որակավորման բնութագիր, հաստատվել է արտասահմանյան առաջավոր կլինիկաներում բուժաշխատողների վերապատրաստման համար ընտրության կարգը), պետական պատվերի տեղադրման համակարգի կատարելագործում, առողջապահական համակարգի արդիականացում (2015թ. շահագործման են հանձնվել մարզային 4 հիվանդանոց, 1 պոլիկլինիկա և 7 ամբուլատորիա), ՀՀ բնակչության ռիսկային խմբերում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերում և վերահսկում (2015թ. մեկնարկել է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագիրը):

Նախարարի խոսքով`  մանկական և մայրական մահացության ցուցանիշները շարունակում են նվազել: Ինչ վերաբերում է ոլորտում առկա` կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը, նախարարը նշեց, որ թեև արդյունքները գոհացնող չեն, բայց նաև պետք է նկատի ունենալ, որ կոռուպցիոն ռիսկերը միայն բժիշկների կողմից համապատասխան գումարի դիմաց ծառայություն մատուցելը չէ, կոռուպցիան նաև չկանոնակարգված հարաբերություններն են: