կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-17 14:20
Քաղաքական

ՀԱԿ-ը սահուն քայլերով գնում է դեպի «օֆսայդ». Էդուարդ Շարմազանով

ՀԱԿ-ը սահուն քայլերով գնում է դեպի «օֆսայդ». Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցին, թե պատաստվո՞ւմ է միանալ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ սահմանադրական հանրաքվեի արդյունքների վիճարկելու ստորագրահավաքին, ասաց՝ իհարկե, ոչ: «Ես սովոր եմ, որ ինձ են միանում, և ոչ թե ես եմ ուրիշներին միանում»,- ասաց նա:

Շարմազանովը նշեց, որ ՀԱԿ-ի պահվածքը նշանակում է, որ նրանք արհամարհում են 824 հազար «այո»-ները, իսկ դա ժողովրդի կամքն է, և պետք է հաշվի նստել դրա հետ:

«ՀԱԿ-ն էլ առաջվանը չէ, գնում են դեպի վայրէջք, ոչ թե դեպի վերելք: Մի հատ հիշեք ՀԱԿ-ի ղեկավարներին, առաջնորդներին: Շտաբի պետն ո՞վ էր` Ալեքսանդր Արզումանյանը: Հիմա տեսեք, թե որտեղ է նա: Դավիթ Շահնազարյանն ո՞ւր է, ոչ` ՀԱԿ-ում: Սասուն Միքայելյան, Նիկոլ Փաշինյան, Արարատ Զուրաբյան... Ո՞ւր են հիմա նրանք»,- ասաց Շարմազանովը` հավելելով. «Ես չեմ բացառում ընտրակեղծիքները, բայց ընտրակեղծիքների քանակը միգուցե 100, 200, 300-ն են, սակայն ոչ` 824 հազարը: Ես կարծում եմ, որ պետք է ոչ թե օդում խոսել, այլ փաստեր ներկայացնել»:

Ըստ նրա՝ ՀԱԿ-ը սահուն քայլերով գնում է դեպի «օֆսայդ»:

«Արդյունքների վերաբերյալ վստահության դեֆիցիտ չկա»,- վստահեցրեց Շարմազանովը և նշեց, որ ԱԺ-ն կազմված է 131 պատգամավորից, որոնցից տասնյոթն են ստորագրահավաքին մասնակցել: «Եթե նույնիսկ 27 հոգի էլ ստորագրի, դա չի նշանակում, որ կա անվստահություն, և յուրաքանչյուր պատգամավոր առաջնորդվում է իր խղճով»,- ընդգծեց նա:

Շարմազանովը նշեց նաև, որ ուրբաթ երեկոյան պարզ կլինի՝ սահմանադրական բարեփոխումների երկրորդ սերիա կլինի՞ Սահմանադրական դատարանում, թե՞ ոչ:

Նա հայտարարեց, որ չի հետևել «Նոր Հայաստան»-ի ցույցերին: «Չի կարելի մարդկանց ամեն օր տանել հրապարակ` էս մինուս տասին, հետո տանել տուն, նորից տանել հրապարակ, երգեր երգել, հեքիաթ պատմել, հետ ուղարկել, ախր էդ մարդիկ բանուգործ ունեն»,- նշեց ԱԺ փոխխոսնակը` հավելելով, որ ընդդիմությունը պետք է լինի կառուցողական: Ըստ Շարմազանովի` Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը հասկացել են դա: