կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-10 17:04
Առանց Կատեգորիա

Խայտառակություն` Մոսկվայում, կամ ՀԱՊԿ-ը հաստատեց իր սնանկությունը

Խայտառակություն` Մոսկվայում, կամ ՀԱՊԿ-ը հաստատեց իր սնանկությունը

Դեկտեմբերի 9-ին Մոսկվայում կայացած` ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստից հետո Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հայտարարել էր. «ՀԱՊԿ երկրների բոլոր շտաբների պետերը հավանություն են տվել Ռուսաստանի դիրքորոշմանը` «ստոր արարք» որակելով ռուսական ինքնաթիռի ոչնչացումը Թուրքիայի կողմից: Այստեղ այլ գնահատական լինել չի կարող` դա հարված էր թիկունքից: Մենք Ռուսաստանի հետ ենք բոլոր հարցերում: ՀԱՊԿ-ը միասնական է, ինչպես երբեք»:

Ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն, այսօր ներկայացրել են Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի պաշտպանության նախարարությունների պաշտոնական մեկնաբանությունները, որոնցից պարզ է դառնում, որ այդ երկրները ստախոսության մեջ են մեղադրում Խաչատուրովին:

Ղազախստանի ՊՆ-ն նշել է, թե իրենք գնահատականներով հանդես չեն գալիս արտաքին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ, որովհետև դա ԱԳՆ-ի գործն է: «Պաշտոնական Աստանան արդեն իր վերաբերմունքն արտահայտել է ինքնաթիռի ոչնչացման, ինչպես նաև ռուս-թուրքական հարաբերությունների լարման վերաբերյալ: Ուզում ենք նաև ընդգծել, որ մեզ համար այնքան էլ հասկանալի չէ՝ ինչու է Հայաստանի ներկայայցուցիչը նման հայտարարություն արել նաև Ղազախստանի անունից»:

«Ղրղզստանը գեներալ Խաչատուրովին չի լիազորել հանդես գալ մեր երկրի պաշտպանական գերատեսչության անունից: Մենք այդ հայտարարության մասին տեղյակ չենք: Ե\'վ Թուրքիան, և\' Ռուսաստանը հանդիսանում են մեր ստրատեգիական գործընկերները, և մենք հանդես ենք գալիս Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերությունների շուտափույթ կարգավորման օգտին»,- ասել են Ղրղզստանի ՊՆ-ից:

Բելառուսի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վլադիմիր Մակարովի տված մեկնաբանությունը նախորդի գրեթե բառացի կրկնությունն է: 

Դժվար է պատկերացնել, որ ադրբեջանական ԶԼՄ-ները կարող էին իրենց թույլ տալ խեղաթյուրել միաժամանակ երեք երկրների ռազմական գեորատեսչությունների տեսակետները: Այս տեսանկյունից` Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կողմից արված հայտարարություններն իրականում այլ բան չեն, եթե ոչ Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետին փաստի առաջ կանգնեցնելու, ժողովրդական լեզվով ասած՝ «քաշելու» փորձ:

Թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանն ընդհանուր գնահատական տալու խնդիրը ՀԱՊԿ ռազմական կոմիտեի այդ նիստում քննարկվել է: Նախ՝ ավելի վաղ հրապարակված նիստի օրակարգից արդեն իսկ պարզ էր, որ այն հրավիրվել է գլխավորապես հենց այդ ընդհանուր դիրքորոշումը ձևակերպելու համար: Սակայն առաջին հերթին ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքն է հաստատում, որ այն իսկապես քննարկվել է: Ավելին` ՌԴ ՊՆ հաղորդագրությունից ակնհայտ է դառնում, որ ռուսական ինքնաթիռի  խոցման` Թուրքիայի քայլը ՀԱՊԿ բոլոր անդամ երկրների ԶՈՒ շտաբի պետերի կողմից միաձայն քննադատության արժանացնելու իրողությունը հաստատել է առաջին հերթին ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը: Այս իմաստով Խաչատուրովի հայտարարությանը տեղյակ չլինելու` Ղազախստանի, Բելառուսի, և Ղրղզստանի հավաստիացումները պատասխանատվությունն ամբողջությամբ Հայաստանի վրա բարդելու` առավել քան ստոր արարք է, որը թույլ է տալիս կատարել մի քանի էական նկատառում:

Առաջին՝ ակնհայտ է, որ Ռուսաստանին չի հաջողվել հասնել ՀԱՊԿ-ի կողմից Թուրքիային թիրախավորելուն, փաստացի թշնամի հայտարարելուն, որովհետև, բացառությամբ Հայաստանի, մնացած անդամ երկրներից և ոչ մեկը չի ցանկանում, հանուն Ռուսաստանի շահերի, իր հարաբերությունները փչացնել Թուրքիայի հետ: Եթե կազմակերպության անդամ երկրները չեն ցանկանում անգամ իրենց ամենահզոր գործընկերոջ՝ Ռուսաստանի նկատմամբ իրականացված ագրեսիային տալ քաղաքական գնահատական, ապա անիմաստ է խոսել ռազմական այս դաշինքի բովանդակային գոյության և գործունակության մասին: Մոսկվայում դրվել է ՀԱՊԿ-ի տապանաքարը:  

Երկրորդ՝ վերոնշյալ բոլոր իրողությունները հաստատում են, որ ոչ միայն ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության համակարգի մաս, հենման կետ լինել չի կարող, այլև գործում է Հայաստանի շահերին դեմ: Առանց աչք թարթելու, փաստորեն, անդամ երկրները Հայաստանին մենակ թողեցին Թուրքիայի դեմ՝ արված հայտարարության ողջ պատասխանատվությունը թողնելով բացառապես Հայաստանի վրա:  

Երրորդ՝ այն անլուրջ վիճակի համար, որում հայտնվել են Հայաստանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, հենց հայկական կողմը և անձամբ Յուրի Խաչատուրովն են պատասխանատու: Արդեն նիստի ընթացքից պետք է պարզ դառնար, որ տապալված է Թուրքիային թիրախավորելու` ռուսական պլանը: Մեծ խելք պետք չէ` այդ իրավիճակում հասկանալու, որ անտրամաբանական է ողջ կազմակերպության անունից անել հայտարարություն, այն էլ նման կոշտության, եթե ակնհայտ է դրա «տակ մնալու»  վտանգը: Դրանից խուսափելու համար Խաչատւրովը պետք է նման հայտարարությամբ հանդես գալու «իրավունքը» թողներ ռուսական կողմին: Վերջինս, ի դեպ, փաստորեն, փորձել է Խաչատուրովի ձեռքերով կրակից իր համար շագանակները հանել:

Ստացվեց այնպես, որ Հայաստանը, սեփական նախաձեռնությամբ, ռուս-թուրքական այս առճակատման մեջ միանշանակորեն դիրքորոշվեց ռուսական ուղեծրում՝ ստեղծելով այդ առճակատման հիմնական թատերաբեմերից մեկը դառնալու բոլոր հիմքերը: Այսինքն` ժամանակից շուտ արվեց այն, ինչից առաջին հերթին էր պետք զգուշանալ: Մնում է հավատալ, որ ՀՀ ՊՆ-ում լավ են հասկանում, թե ինչ ռազմաքաղաքական հետևանքներ կարող են ունենալ Խաչատուրովի նման հայտարարությունները, եթե Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները դուրս գան վերահսկողությունից:

Չորրորդ՝ Խաչատուրովը փաստացի Հայաստանի համար նման ռիսկեր է ստեղծել՝ առանց իր երկրի համար որևէ դիվիդենդ շահելու: Այն պահին, երբ նա վարում էր կոմիտեի նիստը, ադրբեջանական բանակը ԼՂ-ում հայկական դիրքերի և զինվորների դեմ հրասայլ էր կիրառում: Մինչդեռ, դատելով նիստի մասին պաշտոնական տեղեկատվության հոսքերից, այդ հարցը Խաչատուրովն անգամ քննարկման առարկա չի դարձել, էլ ուր մնաց դրա վերաբերյալ ինչ-որ գնահատականներ կորզեր, թեև ի սկզբանե նման հույս ունենալ էլ չէր կարելի:

Հիմա հարց է՝ ի՞նչ է ձեռնարկելու Երևանը` այս խայտառակ և անլուրջ դրությունից դուրս գալու համար: Բացատրություն պահանջելո՞ւ է ՀԱՊԿ-ի անդամ այս երկրներից՝ նման վարքագիծ դրսևորելու համար, թե՞ Խաչատուրովն ինքը, գոնե սեփական հեղինակության մասին մտածելով, կդիմի ՌԴ իր գործընկերոջը՝ Վալերի Գերասիմովին, լրացուցիչ հայտարարությամբ հանդես գալու համար: Թեև Մոսկվան լուծել է խնդիրը՝ Խաչատուրովի  շուրթերով ստանալով ցանկալի հայտարարությունը, սակայն այն մոտեցումը, ինչ ցուցաբերեցին Ղազախստանը, Ղրղզստանը և Բելառուսը, նույնքան ոչ գործընկերային էր նաև Ռուսաստանի համար, եթե չասենք՝ ինչ-որ իմաստով երկրորդ հարվածն էր նրա թիկունքին:

Գևորգ Դարբինյան