Փոխարժեքներ
27 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.48 |
EUR | ⚊ | € 413.13 |
RUB | ⚊ | ₽ 3.76 |
GBP | ⚊ | £ 496.79 |
GEL | ⚊ | ₾ 142.11 |
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում են 167 լուսանկարահանող արագաչափեր, իսկ խաչմերուկներում՝ 116 տեսանկարահանող սարքեր: Այս տվյալները, yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են ոստիկանությունից:
Հանրապետությունում արագաչափերը գործարկվել են 2012-ից, ընդ որում՝ 2012-ին դրանց թիվը կազմել է 49-ը, 2013-ին՝ 116-ը, 2014-ին՝ 159-ը: Հանրապետության տարբեր խաչմերուկներում 2012-ին գործել են 35, 2013-ին՝ 80, իսկ 2014-ին՝ 103 տեսանկարահանող սարքեր: Այսինքն` 4 տարվա ընթացքում (2015-ի սեպտեմբերի 1-ը ներառյալ) արագաչափերի և տեսանկարահանող սարքերի թիվն աճել է մոտ 3,5 անգամ:
Հայտնի է, որ արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման հիմնական նպատակը խախտումն ու դրա հետևանքը կանխարգելելն է, իսկ խախտման հետևանքը կարող է լինել, օրինակ, ճանապարհատրանսպորտային պատահարը: Ըստ այս տրամաբանության՝ արագաչափերի թվի ավելացմամբ՝ Հայաստանում պետք է բարձրանար երթևեկության անվտանգության մակարդակ, արդյունքում` պետք է նվազեին ճանապարհատրանսպորտային պատահարները:
Սակայն Հայաստանի տարածքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով 2012-ին տուժել է 4050, 2013-ին՝ 4310, իսկ 2014-ին 4758 մարդ: Այսինքն` 3 տարվա ընթացքում ՃՏՊ-ների հետեւանքով տուժածների թիվն աճել է 17.4 տոկոսով:
Համադրելով վերը նշված տվյալները` ստացվում է, որ արագաչափերի գործարկումից ի վեր աճել է ՃՏՊ-ների և դրանց արդյունքում տուժածների թիվը: Այս ցուցանիշը կառավարությունը պատճառաբանում է Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների թվի ավելացմամբ, որը, սակայն, համարվում է պետական գաղտնիք և չի հրապարակվում:
Պատկերն առավել ընդգրկուն է դառնում, երբ վերը նշված վիճակագրությանը համադրում ենք մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր տվյալի հետ: Պաշտոնական տվյալների համաձայն` 2012թ. հունվարից մինչեւ 2014թ. դեկտեմբերի 31-ը վարորդների նկատմամբ կիրառված համախառն դրամական տուգանքը կազմել է 24 միլիարդ 608 միլիոն 96 հազար դրամ:
Ըստ ոստիկանության՝ yerkir.am-ին տրամադրած ամենաթարմ տվյալների՝ 2015-ի երկրորդ եռամսյակի ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի արձանագրած խախտումների արդյունքում քաղաքացիներից գանձվել է 3.155.334.000 դրամ (շուրջ 6,5 մլն դոլար) տուգանք: Երեք ամսվա ընթացքում գանձված գումարի չափն անգամ ապշեցնող է, ուր մնաց տարվա կտրվածքով հաշվվածը:
Վերը նշված ցուցանիշի համատեքստում միակ հուսադրող տվյալն այս տարվա հուլիսի 12-ին Երևան-Սևան մայրուղում առաջին անգամ գործարկված շարժական արագաչափերի «արձանագրած խախտումներն են»:
Ի պաստասխան մեր հարցին, թե այդ օրը քանի՞ ճանապարհատրանսպորտային խախտում են արձանագրել շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքերը, ոստիկանությունից պատասխանել են. «ՀՀ Ճանապարհային ոստիկանության կողմից հուլիսի 12-ին շարժական արագաչափի սարքը Երևան-Սևան ավտոճանապարհին կիրառվել է փորձնական և վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ չեն կայացվել»: Ավելին՝ ըստ ոստիկանության՝ ներկայումս շարժական արագաչափ սարքերը չեն կիրառվում:
Իսկ թե ի՞նչ թվերի հետ գործ կունենայինք, եթե շարժական արագաչափերի գործարկումը լիներ գործնական, այլ ոչ թե փորձնական, եկեք` չպատկերացնենք և կանխատեսումներ չանենք` այսպիսով նվազեցնելով մեր քաղաքացիների՝ կաթված ստանալու հավանականությունը: