կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-14 13:39
Քաղաքական

Թուրքիան ինքն է շարունակում լարել իրավիճակը երկրում

Թուրքիան ինքն է շարունակում լարել իրավիճակը երկրում

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Թուրքիայում ծավալվող վերջին իրադարձությունների և հայկական համայնքի վրա դրանց ազդեցության մասին խոսեցին ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուքյանը և լրագրող, վերլուծաբան Վիգեն Չեթերյանը:

Կիրո Մանոյանի խոսքով` հունիսի վերջերին արդեն նախանշվում էր, որ Թուրքիայում զարգացումները կլինեն այնպիսի սցենարով, որի ականատեսն ենք լինում: Այսինքն` կանխատեսելի էր, որ Էրդողանը չի ցանկանա կոալիցիոն կառավարություն ձևավորել և երկրում կստեղծի այնպիսի իրավիճակ, որը հետևյալ ուղերձն ունի` եթե ուզում եք Թուրքիայում լինի խաղաղություն ու կայունություն, ուրեմն չպետք է քվեարկեք քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության օգտին: Եվ երբ նոյեմբերի 1-ին կրկնակի ընտրություններն անցկացվեն, ապա իրավիճակը էլ ավելի կսրվի Թուրքիայում:

«Քրդական որոշ շրջանակներ, որոնք զինված պայքար էին մղում Թուրքիայի դեմ և 2013-ին զինադադար էին վերցրել, հիմա հայտարարում են, որ այդ զինադադարն այլևս գոյություն չունի: Մյուս կողմից` թուրքական պետությունն ինքն է հրահրում բռնարարքներ, թեկուզ` ինքն իր դեմ, որպեսզի ցույց տա, որ քրդական շրջանակներին չի կարելի վստահել: Թուրքիան շարունակելու է սրել իրավիճակը, որպեսզի սեփական հասարակությանն ասի այն, ինչ մի քանի օր առաջ ասաց Դավըթօղլուն. «Եթե ուզում եք խաղաղություն, պետք է քվեարկեք մեր կուսակցության օգտին»,- ասաց Կիրո Մանոյանը:

Հարցին, թե ի՞նչ դիրք պետք է զբաղեցնի այս ամենում Հայաստանը, նա պատասխանեց, որ Հայաստանը պետք է զգոն լինի, որովհետև իրադարձությունները հայ-թուրքական սահմանից շատ հեռու չեն տեղի ունենում: Այդ իրադարձությունները, ըստ Մանոյանի, ազդում են նաև Ադրբեջանի հնարավորությունների վրա, որովհետև Բաքու-Թբիլիսի- Կարս գազամուղն արդեն երկու անգամ պայթեցվել է:  

Իսկ Բագրատ Էստուքյանը նշեց, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Թուրքիայում ապրող հայերի ճնշող մեծամասնությունը քվեարկեց քրդական ժողովրդական շարժումը ներկայացնող կուսակցության օգտին, որն էլ, անցնելով խորհրդարան, դարձավ Թուրքիայի իշխանությունների հիմնական գլխացավանքը: Նույն ձևով վարվեցին Թուրքիայում ապրող հույներն ու ասորիները, անգամ` հրեական համայնքը, որը շատ ավելի պահպանողական է, դարձյալ աջակցեց քրդամետ կուսակցությանը:

Լրագրողների հարցին, թե ի՞նչ վտանգներ կան Թուրքիայում ապրող հայերի համար, և արդյո՞ք սխալ չէ, որ հայերն այնտեղ ակտիվ մասնակցում են քաղաքականությանը, Կիրո Մանոյանը պատասխանեց, որ Թուրքիայում ապրող հայերի քաղաքական ակտիվությունը նրանց իրավունքն է և նրանց որոշելիքը: «Կա վտանգ, որ Թուրքիայում փորձում են թիրախ դարձնել հայ համայնքին: Նույնիսկ մի զինվորի թաղման ժամանակ մեկը` իբր քուրդ, հայտարարեց, որ սրան սպանողները քուրդ չեն, այլ հայ են: Կամ` հայաբնակ թաղամասերից ինչ-որ խումբ հայեր ազգայնական կոչեր են արել... Այս ամենը կարող են կազմակերպել: Բայց նաև կարծում եմ, որ իշխանությունները զգույշ են, որ չափը չանցնեն, որովհետև նաև պետք է համոզեն հայ համայնքի մի մասին, որ քվեարկեն իրենց օգտին»,- ասաց նա` հավելելով, որ հակահայ քարոզչություն եղել է, բայց հակահայ բռնարարքներ չեն եղել, բացառությամբ` «Քամփ Արմեն»-ի դեմ եղած գործողությունները, որոնք թեև կրում են այս գործողությունների ազդեցությունը, բայց պայմանավորված չեն բացառապես այդ սրացումներով: