Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը նախկինում առիթ ունեցել է անդրադառնալու ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից տեղեկություն ստանալու հետ կապված դժվարություններին: Հայտնի է, որ այդ կառույցը գրեթե չի պատասխանում լրատվամիջոցների բանավոր հարցումներին՝ խորհուրդ տալով գրավոր հարցում ուղարկել:
Հաշվի առնելով ՀՔԾ-ում գործող «ավանդույթը»` yerkir.am-ը մեկ շաբաթ առաջ «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակցին ծեծի ենթարկելու գործի վերաբերյալ պաշտոնական հարցում էր ուղարկել ՀՔԾ-ին: Հարցումն ուղարկվել էր ՀՔԾ-ի այն էլեկտրոնային հասցեին, որին ժամանակին հարցումներ էինք ուղարկում: Հաշվի առնելով, որ, որպես կանոն, ՀՔԾ-ն «չի ստանում», ուղարկված հարցումները, փորձեցինք հարցման մասին բանավոր տեղեկացնել, սակայն երկու օր շարունակ մեզ չհաջողվեց կապ հաստատել ՀՔԾ մամլո խոսնակ Միքայել Ահարոնյանի հետ: Միայն 3-րդ օրը նա պատասխանեց մեր հեռախոսազանգին: Պարզվեց` ՀՔԾ-ի էլեկտրոնային փոստի հասցեն փոխվել է:
Օգոստոսի 28-ին yerkir.am-ը կրկին հարցում ուղարկեց, այս անգամ` ՀՔԾ-ի էլեկտրոնային փոստի ճիշտ հասցեին: Եվ ահա այսօր` մեր գրավոր հարցման` օրենքով նախատեսված 5-օրյա ժամկետի ավարտին, պարզեցինք, որ ՀՔԾ-ն մեզ հուզող թեմայի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել:
Մի խումբ անձանց կողմից «Պանտերայի» աշխատակցի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Անշուշտ, հաղորդագրությունն ուղարկվել է նաև մեր լրատվամիջոցին, սակայն մեր հարցման պատասխանն այդպես էլ չի ուղարկվել: Հետաքրքիր է` Հատուկ քննչական ծառայությունում, հանձին` Միքայել Ահարոնյանի, այն կարծիքին են, որ լրագրողները ողջ օրը պարա՞պ են և անպատասխան հարցումներ ուղարկելու մեծ սիրահա՞ր:
Հատուկ ՀՔԾ մամլո խոսնակի համար՝ վերը նշված գործի (և ոչ միայն) օրինակով մի քանի նրբություն բացատրենք.
1. Եթե լրատվամիջոցի ներկայացուցիչը Ձեզ բանավոր հարցնում է` ճի՞շտ է, արդյոք, որ X գործի նյութերը X կառույցը փոխանցել է ձեզ, կարող եք պատասխանել՝ այո կամ ոչ: Վստահեցնում ենք, որ դա ճշտելու համար Ձեզնից շատ քիչ ժամանակ կպահանջվի:
2. Եթե ձեր կառույցի համապատասխան պաշտոնյաները Ձեր ճշտող հարցին պատասխանելու ժամանակ կամ ցանկություն չունեն, կարող եք բացել կայքերը և կարդալ X կառույցի ձեր գործընկերոջ մեկնաբանությունը (կոնկրետ այս դեպքով` դատախազությունը հաստատել էր, որ գործը փոխանցել է):
3.Եթե գործի նյութերը փոխանցվել են, սակայն ՀՔԾ-ն դեռ չի ստացել, կարող եք պարզապես պատասխանել, որ` այո, փոխանցվել է, ստացվել է, թե` ոչ, կտեղեկացնենք լրացուցիչ:
4. Եթե նույնաբովանդակ գրավոր հարցումներ ստացել եք մի քանի լրատվամիջոցներից և առանձին-առանձին պատասխանելու ժամանակ չունեք, գոնե զգուշացրեք լրատվամիջոցին, որ հաղորդագրություն եք տարածելու:
5. Եթե «մոռացել եք» պատասխանն ուղարկել լրատվամիջոցին, և հաղորդագրությունը կարդալուց հետո Ձեզ զանգահարում է հարցումն ուղարկած լրագրողը, մի փորձեք ամեն կերպ արդարանալ: Վստահ եղեք, որ լրագրողն անկեղծ ասված խոսքին ըմբռնումով կմոտենա: