Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Վահագն Թևոսյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր աշխատանքից ազատվելու դիմում գրեցի: Ի հակառակ ընկերներիցս շատերի վստահեցման, թե խնդիրը չափազանցնում եմ, ինքս չկարողացա հաղթահարել ներքին էթիկական նյուանսները:
Միշտ համոզված եմ եղել, որ քաղաքական ուժի հարող մարդն արդեն իսկ սուբյեկտիվ է որպես լրագրող, անկախ իր մարդկային հատկանիշներից, ու որ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը նման տնօրեն ունենալու շռայլություն իրեն չի կարող թույլ տալ Նոր Հայաստանում: Ու եթե խորհրդարան չանցնեի էլ (դեռ փաստացի չեմ էլ անցել), էդ դիմումը գրելու էի, այսպես թե այնպես: Հիմա էլ նույն էթիկական դրդապատճառով որոշեցի վաղաժամ դադարեցնել պարտականություններս:
Հանրային հեռուստաընկերությունում նույնիսկ այսքան կարճ ժամանակ աշխատելս լավ մարտահրավեր էր, որն ինձ շատ բան սովորեցրեց, շատ բան փոխեց իմ մեջ: Առնվազն, թե որքան մակերեսային ենք մենք շատերս պատկերացնում որոշ բաներ, թե որքան տարբեր են երբեմն լինում դրսից ու ներսից երևացող իրականությունները, որքան հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ ծանր է հեռուստատեսային մենեջերի աշխատանքը՝ ամենօրյա աննկարագրելի դժվարությունների առատությամբ:
Սրտանց շնորհակալությունս եմ ուզում հայտնել Լուրերի իմ գործընկերներին, Հանրային հեռուստաընկերության ամբողջ անձնակազմին՝ այդ թվում տնօրենների խորհրդին, գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի գլխավորությամբ՝ համատեղ ծանր ճանապարհ անցնելու համար:
Ու մի բան էլ: Այս լուրը իմ անձնակազմից շատերի համար անակնկալ է լինելու: Ուստի ներողություն եմ խնդրում, որ այսպես եմ ձեզ տեղկացնում սույնի մասին, որովհետև առիթ եք տվել համոզվելու, որ դուք երբեմն ինձնից համառ եք գտնվում ու կարողանում եք ինձ համոզել հակառակը: Այսպիսով փորձում եմ խուսափել ձեր՝ այդքան ինձ սիրելի դարձած ազդեցությունից:)
Քայլ հաջորդ»: