կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-16 18:33
Առանց Կատեգորիա

Հին կուսակցություններով` նոր Սահմանադրություն

Հին կուսակցություններով` նոր Սահմանադրություն

Սահմանադրական առաջարկվող փոփոխություններին պետք է անդրադառնալ կա\'մ դրանք ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո, կա\'մ, եթե առաջինն ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ, երբեք: Եվ քանի որ առաջարկվող փոփոխությունների նախագիծը դեռ ամբողջությամբ չի ներկայացվել, վաղաժամ է դրանք այսքան լուրջ եւ մանրակրկիտ քննարկելը, ավելի ճիշտ` քննադատելը:

Բայց մի հարց կա, որը հիմա էլ պարզ է: Ըստ փոփոխությունների` պետք է անցում կատարենք խորհրդարանական կառավարման մոդելին, խորհրդարանն էլ, ընդ որում, պետք է ընտրվի բացառապես համամասնական ընտրակարգով, այսինքն` եթե ինչ-որ տեղից ինչ-որ մեկը ցանկանում է դառնալ ԱԺ պատգամավոր, նա պետք է ոչ միայն իր ընտրատարածքում հուպ տա եւ զիլ տղա լինի, այլ մտնի որեւէ կուսակցության համամասնական ցուցակ: Ի դեպ, հիշյալ մեկի համար ամենեւին էլ խնդիր չի լինելու մտնել որեւէ, ավելի ճիշտ` «ամենալավ» կուսակցության ցուցակը, շատերի դեպքում՝ փողին մուննաթ:

Կուսակցությունները, ինչպես գիտենք արդարադատության կայքից, շատ են` մի քանի տասնյակ, շուրջ հարյուր: Ճիշտ է, դրանցից մեկը, որը կոչվում է «Ազգի փրկություն», իր ամենամյա հաշվետվությունը ներկայացնելիս տեղեկացրել էր, որ հաշվետու տարում կուսակցության ֆինանսական մուտքերը, հետեւաբար` ծախսերը զրոյական են եղել, ինչը նշանակում է, որ ազգի փրկության համար փող չկա, բայց կարեւորն այն է, որ քանի դեռ իրավաբանորեն կա «Ազգի փրկություն» կուսակցությունը, իրավաբանական հույս կա, որ ազգը փրկվելու է: Տեսնես` ինչի՞ց: Հիմա, երբ անցում ենք կատարում խորհրդարանական կառավարման մոդելին, նշանակում է, որ այդ թվում «Ազգի փրկությունը» ստանում է երկիրը, բառիս բուն իմաստով, ղեկավարելու հնարավորությունը:

Սա, իհարկե, ժողովրդավարություն է, բայց դատարկ ժողովրդավարություն: Բանն այն է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները, ըստ նոր Սահմանադրության, պարտավոր են ներկայացնել վարչապետի իրենց թեկնածուին եւ կառավարության գործունեության ծրագիր: Հաշվի առնելով, որ մեզանում բազմաթիվ կուսակցություններ մի քանի հոգանոց են, ապա պարզ է դառնում, որ շատ հնարավոր է ընտրություններն ավարտվեն, բայց մի քանի հոգի կուսակցականներն այդպես էլ չհասցնեն կազմել կառավարության գործունեության իրենց ծրագիրը: Բայց սա` փոքր, աննշան կուսակցությունների պարագայում: Իրականում խոշորների հետ կապված եւս խնդիր կա: Տեսեք` ենթադրելի է, որ խորհրդարանում, հատկապես` երբ այն դառնա մեր երկրի կառավարման գլխավոր օղակը, հայտնվել ցանկացող կուսակցությունները շատ են լինելու /հիմա 6 կուսակցություններ են/: Սա նշանակում է, որ մենք պետք է ունենանք առնվազն 10 ուժեղ կուսակցություններ, որոնք ունակ են կազմել կառավարության գործունեության ծրագիր, ունենան վարչապետի թեկնածու եւ բավարար ռեսուրսներ /այդ թվում` ֆինանսական/` խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Հիմա` արդյոք ունե՞նք այդ` գոնե տասը կուսակցությունը... Անգամ հինգը չունենք, դե այնպիսինները, որոնց կարող ես վստահել երկրի կառավարումը: Ուրեմն` կա\'մ նոր Սահմանադրությունը երկիրը կկանգնեցնի թույլ կուսակցությունների կողմից կառավարվելու վտանգի առջեւ, կա\'մ էլ այն ուժեղանալու հնարավորություն կլինի կուսակցությունների համար: Հուսանք, որ երկրորդը կլինի, հատկապես, որ, հույսից բացի, մեզ այլ բան չի մնում:

Հովիկ Աֆյան