կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-26 13:51
Քաղաքական

Դուք հիշեք, մենք կպահանջենք

Դուք հիշեք, մենք կպահանջենք

Եթե դուք ինչ-որ գործ ունեք հարգարժան ոստիկանապետի հետ եւ գնացել եք նրա նստավայր, եւ գործավարուհին ասում է, որ «շեֆը տեղում չէ», հավատացեք` Վովա Գասարյանը, իրոք, տեղում չէ: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այս օրերին Բաղրամյան պողոտայում է: Եվ հենց այնտեղ, պատասխանելով լրագրողների դիտարկմանը, թե ցուցարարները համաձայն են հանդիպել նախագահ Սարգսյանի հետ, բայց` պայմանով, որ այդ հանդիպումը ցուցադրվի ուղիղ եթերում, պատասխանել է. «Երկրի նախագահի առջեւ պահանջներ չեն դնում»:

Նախ` պետք է ասել` նայած ո՞վ: Օրինակ` ոստիկանապետը, երբ, ըստ պետական արարողակարգի, ամեն օր առավոտյան պարտավոր է նախագահին զեկուցել  անցած օրվա դրությամբ հանրապետությունում իրավիճակի մասին, անշուշտ, նախագահի առջեւ պահանջներ չի դնում, ավելին` դրա իրավունքն էլ չունի: Ասենք` այդ հանդիպումների ժամանակ Վլադիմիր Գասպարյանը չի կարող Սերժ Սարգսյանին ասել, թե` գիտե՞ս ինչ կա, եթե ուզում ես, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում բուսնած կանեփը լայն տարածում չստանա, պետք է ոստիկանությանը նոր արտասահմանյան մակնիշի մեքենաներ տաս, որ հարցը լուծենք: Փոխարենը հանրապետության նախագահն է, հուսով ենք, ամեն օր պահանջներ դնում ոստիկանապետի առջեւ, համենայն դեպս, նա դրա իրավունքը ունի:

Այլ հարց է ժողովուրդը: Ով չգիտի, ասենք, որ ժողովուրդը, բացի աղքատ եւ բողոքավոր լինելուց, նաեւ ընտրում է կոնկրետ երկրի նախագահին: Այսինքն` նախագահական ընտրությունների ժամանակ դրան մասնակից թեկնածուները հերթով եւ, անկախ սեռից, տարիքից, քաղաքական փորձառությունից եւ աչքերի գույնից, գալիս են ժողովրդի դուռը եւ նրանից խնդրում հենց իրենց օգտին քվեարկել: Բնականաբար, քվեարկության դիմաց տարբեր թեկնածուներ խոսք են տալիս ժողովրդին, որ կկատարեն նրա ինչ-ինչ պահանջները: Ճիշտ է, հաճախ մեզանում այդ պահանջները չեն անցնում 5000 դրամից, բայց դա արդեն այլ խոսակցություն է:

Ուրեմն` երկրի նախագահը հենց այն պաշտոնյան է, որի առջեւ կոնկրետ ժողովուրդը կարող է, իրավունք ունի պահանջներ դնելու, դեռ մի բան էլ պահանջելու, որպեսզի իր պահանջները կատարվեն, իսկ, երբ չեն կատարվում, պահանջելու, որ երկրի նախագահը հեռանա ու գա մեկը, ով այդ պահանջները կկատարի: Մեծ հաշվով` երկիր ղեկավարելը /եթե այդ գործը ցանկանում ես լավ անել/ հենց ժողովրդի պահանջների կատարումն է:

Ու, առհասարակ, եթե կա մի ուժ, որի առջեւ այս երկրում ոչ ոք պահանջ դնել չի կարող, ապա դա ժողովուրդն է: Խնդրում եմ` հիշեք սա: Իսկ պահանջելը` մեզնից:

Հա, չմոռանանք ասել, որ ոստիկանապետը նաեւ ասել է, որ իրենք /ոստիկանները/ ծառա չեն, իրենք ծառայում են, ու ընդհանրապես` «վայ նրան, ով մեզ նոքարի տեղ կդնի»: Այդ պարագայում, ուրեմն, Բաղրամյան պողոտայում հավաքվածները բողոքավորներ չեն, բողոքում են, եւ վայ նրան, ով նրանց բողոքավորի տեղ կդնի:

Հովիկ Աֆյան