կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-16 11:05
Հասարակություն

Մտածում էի` իրենք ավելի խելացի կգտնվեն. Աշոտյանն` ադրբեջանական կողմի պահվածքի մասին

Մտածում էի` իրենք ավելի խելացի կգտնվեն. Աշոտյանն` ադրբեջանական կողմի պահվածքի մասին

Տեղեկացրել էինք, որ Ադրբեջանն այդպես էլ անվտանգության երաշխիքներ չտվեց մեր աշակերտներին` Բաքվում անցկացվող «Քիմիա» առարկայի միջազգային օլիմպիադային մասնակցելու համար: Այսօր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին հայտնեց, որ իրենք հրաժարվում են մեկնել Բաքու:

«Մտածում էի` իրենք ավելի խելացի կլինեն: Մենք ի սկզբանե որոշել էինք մասնակցել օլիմպիադիային. ես հանդիպել էի աշակերտների, նրանց ծնողների հետ, նախապատրաստական աշխատանքները կատարել էինք: Ադրբեջանի նման պահվածքն ապացույց է, որ մենք շատ տարբեր ենք` սկսած ամենատարրական հարցերից` երեխաների հանդեպ վերաբերմունքով»,- ասաց նախարարը` հավելելով, որ ինքն ընդամենը տարակուսած է, թե ի՞նչ կարող է անցնել ադրբեջանական կողմի մտքով, որ որոշեն չապահովել երեխաների անվտանգությունը:

Աշոտյանը տեղեկացրեց նաև, որ Ադրբեջանը հարցի քննարկումը շաղկապում է տեղում ընթացող Եվրոպական խաղերի ավարտի հետ: Իսկ թե որքանով Եվրոպական խաղերը կապ ունեն օլիմպիադայի հետ, նախարարը մեկնաբանությունները թողնում է մեզ: Այնուամենայնիվ, Աշոտյանը նշեց, որ գուցե հայ մարզիկների փայլուն ելույթն է ադրբեջանական կողմի` նման պահվածքի պատճառը:

Նախարարը հիշեցրեց միայն, որ երբ Հայաստանը կազմակերպում է միջազգային կրթական որևէ միջոցառում, կատարում է իր առջև դրված բոլոր պարտականությւոնները և հրավիրում նաև ադրբեջանական կողմին` նրանց անվտանգության երաշխիքներ տալով: «Չնայած նրանք Հայաստանում անվտանգության խնդիր էլ չունեն, բայց, միևնույն է, մենք կատարում ենք մեր պարտականությունները: Վառ օրինակն է Բոլոնիայի նախարարական գագաթաժողովը, որին մենք հրավիրել էինք նրանց /նրանք այդպես էլ չէին արձագանքել/, և 2012-ին ՀՀ-ում տեղի ունեցած ԵԽ նախարարական ոչ ֆորմալ հանդիպումը, որին նրանք ներկայացել էին փոխարտգործնախարարի մակարդակով»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ, միջազգային պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով այս ամենի վրա, կոչ է անում միջազգային կազմակերպություններին` գիտակրթական միջազգային միջոցառումներ, որոնց պետք է մասնակցեն Հայաստանի պատվիրակությունները, այլևս Բաքվում չկազմակերպել: «Վստահ եմ, որ նրանք կարձագանքեն այս ասուլիսին և հայտարարությանը: Մեր աշակերտները միշտ փայլուն են հանդես եկել միջազգային օլիմպիական ստուգատեսներում: Այս անգամ էլ մեդալների հույս ունեինք, դրա համար էլ որոշել էինք մասնակցել»,- ասաց Աշոտյանը: