Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Եվ վերջապես, իհարկե, մենք կխոսենք նաև, բայց` ոչ այստեղ, խորհրդարանում քաղաքական մեծամասնության պահվածքի մասին: Մենք դա կքննարկենք մեր կուսակցությունում, որովհետև դա զուտ կուսակցական խնդիր է: Հետո կպայմանավորվենք, թե այսպիսի դեպքերում ինչպես կվարվենք»,- ՎՊ տարեկան հաշվետվության վերաբերյալ շաբաթ օրը կայացած հայտնի քննարկման ժամանակ հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը: Եվ հիմա բոլորը սպասում են, թե ինչ կանի նախագահը առանց տեսախցիկների:
Շաբաթ օրվա քննարկումից հետո բավականին անորոշ վիճակ է ՀՀԿ-ում. շարքային ՀՀԿ-ականներն արդեն չեն հասկանում` ԱԺ-ում ՎՊ տարեկան հաշվետվության վերաբերյալ քննարկումը, ՀՀԿ-ի քննադատությունները նախօրոք պայմանավորված չէի՞ն, արդյոք, ղեկավարության հետ, եթե պայմանավորված էին, ապա ի՞նչ է փոխվել հիմա, ու ի՞նչ զարգացումներ են սպասվում:
Ուշագրավ է, որ այս գործընթացներից դուրս է մնացել ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը, որի խորհրդարանական խմբակցության պատգամավորները եւս ջանք ու եռանդ չէին խնայում ՀՀԿ-ական գործընկերներից, ընդդիմության ներկայացուցիչներից ավելի թունդ ընդդիմադիր ելույթներ ունենալու մրցավազքում:
Այդ օրերին հատկապես աչքի ընկան ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Շատերը կհիշեն, որ Հովհաննես Մարգարյանն այնքան էր ոգեւորվել իր ընդդիմադիր ելույթից, որ հենց ԱԺ նիստերի դահլիճում ՎՊ նախագահին առաջարկեց զանգվածային ալան-թալանի մասնակիցներին միանգամից ձերբակալելու համար հաջորդ օրը ձեռնաշղթա հետը բերել: ԱԺ ավանդական ճեպազրույցում էլ ՕԵԿ-ական պատգամավորը նախ հպարտացավ, որ, անկախ այն բանից, որ իշխանություն են, լավին լավ են ասում, վատին` վատ:
«Անկախ պաշտոնյայի պատկանելությունից` այս կամ այն քաղաքական դիրքի, անցել են այն ժամանակները, որ նա չարաշահում կատարի ու պատասխանատվություն չկրի, օրենքի առջեւ հավասար են բոլորը»,- հայտարարել էր Հովհաննես Մարգարյանը: Ավելին` իր ելույթից ոգեւորված, հավանաբար մոռանալով, որ, ի վերջո, խոսքը կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի կազմած կառավարության մասին է, որում «փայ» ունեն նաեւ իրենք, ՕԵԿ-ական պատգամավորը կատակել էր, թե կարելի է կշտանալու մասին օրենք գրել, դե, շքեղության մասին օրենքն էլ արդեն կա...
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ով եւս փայլում էր իր ողջ քննադատական հմայնքով, այդ օրերին աջ ու ձախ հայտարարում էր, թե իրենց համար կարեւոր չէ, որ քաղաքական ուժի ներկայացուցիչներ են խախտումներ արել, պետք է պատժվեն բոլոր թալանչիները...
Այդ օրերին ՕԵԿ-ական պատգամավորները առաջընթաց էին որակել այն, որ իշխանությունը սկսել է քննադատել ինքն իրեն:
Չի բացառվում, որ ՕԵԿ-ին «քցել է» ՀՀԿ-ն. տեսնելով, որ ՀՀԿ-ն քննադատում է, ՕԵԿ-ը մտածել է` ուրեմն կարելի է, իրենք ինչո՞ւ հետ մնան, նախագահն էլ գոհ կմնա...
Բայց տեսնես հիմա` Սերժ Սարգսյանի հրավիրած հայտնի քննարկումից հետո՞ էլ են ԱԺ-ում հնչեցրած գնահատականների ջատագովը: Իսկ, առհասարակ, ի՞նչ է կարծում Սերժ Սարգսյանը ՕԵԿ-ի պահվածքի մասին...
Ագնեսա ԽԱՄՈՅԱՆ