կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-10 14:45
Սպորտ

Ադրբեջանը կրակոցներով է «դիմավորում» հայ մարզիկներին

 Ադրբեջանը կրակոցներով է «դիմավորում»  հայ մարզիկներին

Դեռևս 3 ամիս առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնապես հաստատեց հայ մարզիկների մասնակցությունը Բաքվի խաղերին, որից հետո հայկական մարզաշխարհը սկսեց հեղեղվել Եվրոպական խաղերում հայ մարզիկների մասնակցության մասին տարատեսակ լուրերով:

Եվրոպական առաջին խաղերին հայ մարզիկների  մասնակցության որոշումն ընդունելուց հետո հայկական  մարզաշխարհի որոշ ներկայացուցիչներ հանդես եկան զարմանալի, ինչու չէ` նաև զավեշտալի հայտարարություններով: Դրանցից առավել հիշարժան են սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի խոսքերը, ով, Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով աշխարհի առաջնությունում Հայաստանի օրհներգի ժամանակ ադրբեջանցի կքանստած մարզիկի մասին, ասել էր, որ նորմալ է վերաբերվում այդ դեպքին, և հնարավոր է, որ նման կերպ վարվեր հայ մարզիկը: Կամ` հիշենք կարատեի մրցումների ժամանակ ադրբեջանցի և ջավախահայ մարզիկների քաշքշուկը, որից հետո խաղաղասիրական կոչերով հանդես եկավ սպորտի նախարարությունը:

Բաքվի խաղերին մասնակցելու կապակցությամբ «հայաստանյան կրքերն» այսքանով չսահմանափակվեցին: Երկար ժամանակ մրցումներին մասնակցության մասին հրաժարվում էին խոսել ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչները, բայց ըմբշամարտի ֆեդերացիան նույնպես չհրաժարվեց մասնակցությունից, թեև հրաժարվեցին հունահռոմեական ոճի հավաքականի առաջատար ըմբիշները` աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը, ովքեր վերջերս հայտարարեցին, որ չմասնակցելու պատճառն այն է, որ փորձում են լավ մարզավիճակով մոտենալ սեպտեմբեր ամսին կայանալիք աշխարհի առաջնությանը, որը հնարավորություն կընձեռի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել:

Սա թերևս հարցի մարզկական կողմն է, բայց կա նաև քաղաքականը: Որքան էլ խոսենք ադրբեջանական իշխանության,  ՄՕԿ-ի և ԵՕԿ-ի խոստացած անվտանգության երաշխիքների մասին, ասենք, որ Եվրոպական խաղերը Բաքվի սեփականությունը չեն, կամ սպորտը պետք չէ քաղաքականացնել, փաստ է, որ մեր մարզիկների համար անչափ դժվար կլինի մրցումների դուրս գալ նման գաղջ մթնոլորտում: Իսկ ինչ վերաբերում է սպորտը չքաղաքականացնելուն, ապա հարկ է նշել, որ այսօր քաղաքականացված է նույնիսկ աշխարհի թիվ մեկ մարզաձևը` ֆուտբոլը: Խոսքերիս վառ ապացույցն է վերջերս ՖԻՖԱ-ի աշխատակիցների ձերբակալությունը ԱՄՆ-ում: Իսկ այն, որ մեր որոշ պաշտոնյաներ փորձում են սպորտի միջոցով խաղաղության ճանապարհ գտնել, արդեն ստացվում է, որ սպորտն ինքնըստինքյան քաղաքականացվում է:

Մինչ մեր մարզիկները պատրաստվում են մեկնել Բաքու, ալիևյան քարոզչամեքենան շարունակում է իր կեղտոտ քաղաքականությունը` կրակոցներ դիրքերի և սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Ադրբեջանական իշխանությունները նույնիսկ եվրոպական մարզախաղերից առաջ չեն էլ փորձում թաքցնել իրենց կեղտոտ քաղաքականությունը և սահմանային կրակոցներով են «դիմավորում» հայ մարզիկներին:  

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ