կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-08 13:18
Քաղաքական

Դուք ամոթ չե՞ք զգում. Փոստանջյանը՝ Գալուստ Սահակյանին

Դուք ամոթ չե՞ք զգում. Փոստանջյանը՝ Գալուստ Սահակյանին

Այսօր ԱԺ հերթական քառօրյայում վարման կարգով ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ Գալուստ Սահակյանը պատշաճ կարգով շրջանառության մեջ չի դնում օրենքի` իր նախագիծը:

«Շրջանառության մեջ դնելը Ձեր պարտականությունների մեջ է մտնում: Իմ հեղինակած նախագիծը վերաբերում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարքագծին: Ես այդ կապակցությամբ փորձել եմ Ձեզ դատի տալ, որ այդ հարցը դատական հարցով լուծվի, բայց դատարանները հրաժարվում են այդ հարցը վարույթ վերցնել, որովհետև դատարանները կողմնապահ դիրքորոշում են ընդունում: Կուզենայի հասկանալ` ի՞նչն է խնդիրը, որ չեք դնում շրջանառության մեջ»,- հարցրեց Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ Գալուստ Սահակյանը դնի շրջանառության մեջ, թե` ոչ, անպատժելիության մթնոլորտը շարունակվում է, իսկ Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի անդամների վարքագիծը խայտառակում է պետությունը:

Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը երկրորդ անգամ վարման կարգով հանդես եկավ նույն հարցով: Նա պնդեց, որ Սուրիկ Խաչատրյանը սպառնալիք է ներկայացնում միջավայրի համար, որը դրսեւորվում է թե\' նրա կողմից հնչեցրած սպառնալիքներով, թե\' բռնություններով, որոնք իրականացնում են Սուրիկ Խաչատրյանը և նրա ընտանիքի անդամները:

Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ Զարուհի Փոստանջյանի ներկայացրածը ոչ թե հայտարարության տեքստ էր, այլ պատգամավորի համոզմունքներով ու գնահատականներով համեմված դատավճիռ: Պատգամավորի գործը դատարանը կարճել է, որովհետև, ըստ երևույթին, անհեթեթություն է եղել:

Զարուհի Փոստանջյանը տեղի չտվեց և երրորդ անգամ այդ հարցով ելույթ ունեցավ: Նա դարձյալ դիմեց Գալուստ Սահակյանին` ասելով, որ դատարանը դիմումը կարճել է նրա համար, որ չեն էլ ցանկացել վարույթ ընդունել ու քննություն անցկացնել:

«Անկախ այն բանից` դատարանը կհրաժարվի գործը վարույթ ընդունել, անկախ այն բանից` ԱԺ-ն հայտարարությունը կդնի շրջանառության մեջ, թե չի դնի, դրանից անպատժելիության մթնոլորտը չի վերանում, և դրանցից ոչ ոք ապահովագրված չէ, անգամ` Դուք: Այն կրիմինալը, որը գործում է ամենուրեք, այդ թվում ՝ ՀՀ կառավարությունում, դա մեզ մտահոգում է: Սուրիկ Խաչատրյանը, չորս անգամ դատապարտված լինելով, նաև մեղադրվելով ծանր հանցագործության՝ սպանություն կատարելու մեջ, շատ վտանգավոր է ՀՀ քաղաքացիների համար: Նա ներկայացնում է հենց ձեր կուսակցությունը: Դուք ամոթ չե՞ք զգում, որ չորս անգամ դատապարտված մարդը ձեր կառավարության կողմից նշանակված մարզպետ է: Պետք է վերջ տանք այս ամենին»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ արձագանքեց, որ պատգամավորներ ստանձնում են դատավորի գործառույթ: «Թող քար նետի նա, ով մեղքեր չի գործել: Չի կարելի էլի, հարգենք, էլի, միմյանց»,- ասաց նա: