կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-22 11:42
Հասարակություն

Ռուբեն Հակոբյանը դժգոհեց ԱԺ նախագահից ու ՀԱԿ-ից

Ռուբեն Հակոբյանը դժգոհեց ԱԺ նախագահից ու ՀԱԿ-ից

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը, ամփոփելով քառօրյան, նախ առանձնացրեց քառօրյայի սկիզբը, որն աչքի ընկավ լարվածությամբ:

 

«Ցավոք, նախագահողները հաճախ չեն տիրապետում ԱԺ կանոնակարգ-օրենքին: Օրակարգը ձևավորվում է քառօրյայի սկզբում, և ցանկացած պատգամավոր կարող է առաջարկել հարցեր օրակարգի վերաբերյալ: Իսկ նախագահողը պարտավոր է ականջալուր լինել, ոչ թե խոսափող անջատել»,- ասաց Հակոբյանը:

 

Նա խոսեց քառօրյայի ամենակարևոր պահերից մեկի` գլխավոր դատախազի տարեկան զեկույցի մասին: Ըստ Ռուբեն Հակոբյանի` կարևոր չէ, թե այդ զեկույցը որքան գեղեցիկ բառերով էր շարադրված, կարևորն այն էր, որքանով էր համոզիչ այդ զեկույցը, որքանով հասարակությունն այն կընկալի:

 

Հարցին, թե ինչո՞ւ Ռուբեն Հակոբյանը չմիացավ ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին, որով ՀԱԿ-ը ցանկանում էր ժամանակավոր հանձնաժողով ստեղծել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմքերն ուսումնասիրելու համար, պատգամավորը պատասխանեց, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից առաջ ընկնելու մոլուցքը, որ իրենք ամենա-ամենաընդդիմադիրն են, առաջինն են, պառակտում է մտցում ընդդիմադիր ուժերի միջև:

 

«Առանձնապես մեծ խելք պետք չէ` գործելու համար «ես նախաձեռնեմ, դուք եկեք, միացեք» ոճով, կարելի էր ընդամենը նախապես պայմանավորվել կամ խորհրդակցել այլ քաղաքական ուժերի հետ, միասին նախաձեռնել, ոչ թե առանձնանալ ու ցույց տալ նշաձող: Ես կարծում եմ, որ ավելի արդյունավետ է խորհրդարանական լսումներով առաջ շարժվելը, քան հանձնաժողով ստեղծելու ճանապարհով: Գորբաչովն ասում էր` որպեսզի որևէ հարց տապալվի, պետք է դրա համար հանձնաժողով ձևավորել»,- ասաց Ռուբեն Հակոբյանը: