կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-19 16:35
Հասարակություն

Գալուստ Սահակյանը չի հավատում Սուրիկ Խաչատրյանին

Գալուստ Սահակյանը չի հավատում Սուրիկ Խաչատրյանին

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում, անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանի պահվածքին, նշեց. «Խոսքը ո՞ր պահվածքի մասին է` մարտադաշտո՞ւմ, թե՞  ԱԺ-ում»:

 

Երբ լրագրողները պարզաբանեցին` խոսքը Զարուհի Փոստանջյանի և Սեյրան Սարոյանի միջև վիճաբանության մասին է, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Երբեմն-երբեմն մարդիկ հայտարություններ են անում և մտածում, որ դա բացարձակ ճշմարտություն է, և կրքեր են հասունանում: Բնական է` ինձ համար շատ ցանկալի կլինի, որ վիճակը բարեկիրթ լինի, բայց բանավեճերն այնպիսին են, որ անկանխատեսելի են, թե ինչպիսի ուղղվածության կլինեն»:

 

Հարցին, թե հիմնավորված չե՞ն, արդյոք, Զարուհի Փոստանջյանի ասածները, Սահակյանը պատասխանեց. «Եթե հիմնավորված լինի, դրա համար համապատասխան մարմիններ կան: Զարուհի Փոստանջյանը նորից իր հայտարարության տեքստը շրջանառության մեջ դրեց, որը նախորդ անգամ պարզաբանվել է, որ էթիկայի նորմերից դուրս է, այսինքն` պատգամավորին թվում է, որ կարող է որևէ մեկին կլասիկ ձևով հայհոյել« և դա մենք պետք է դնե՞նք շրջանառության մեջ»:

 

Հարցին, թե ՀՀԿ-ն չի՞ մտածում Սուրիկ Խաչատրյանից ազատվելու մասին, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես կարծում եմ` հանցագործները պետք է պատժվեն: Բայց մարդիկ պարզապես այդպես են մտածում, որ հանցագործ է: Իսկ ո՞ւր է դրա ապացույցը: Բա ո՞ւր մնաց անմեղության կանխավարկածը»:

 

Նա ասաց նաև, որ ինքը չի հավատում ո'չ Սուրիկ Խաչատրյանին, ո'չ էլ մյուսին: «Ես հավատում եմ համապատասխան վերլուծություններին, որոնք կլինեն: Եթե տեսողություն կորցրած երիտասարդին այդ օրն է գցել Սուրիկ Խաչատրյանի որդին, ուրեմն նա պետք է պատժվի, բայց դա դեռ պետք է ապացուցել»,- ասաց Սահակյանը: