կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-04 16:32
Առանց Կատեգորիա

Երկու խորհուրդ` Սուրիկ Խաչատրյանին

Երկու խորհուրդ` Սուրիկ Խաչատրյանին

Մայիսի 2-ին Գորիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել աջ աչքի վնասվածք ստացած մի քաղաքացի: Ըստ տեղեկությունների` նա վնասվածքը ստացել էր Սդղի գյոլ կոչվող տարածքում նույն օրը երեկոյան տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ: News.am-ի տեղեկություններով` վերոհիշյալ քաղաքացուն Սդղի գյոլում ժամադրել, նրա հետ վիճաբանել եւ վնասվածքներ է հասցրել Տիգրան Խաչատրյանը, ով առավել հայտնի է որպես Տիգրան Սուրիկի Խաչատրյան: Կայքի տեղեկությունների համաձայն` Տիգրան Խաչատրյանը մեքենան վարելիս է դեռ սկսել վիճաբանությունը տուժածի հետ, ապա որոշել են հանդիպել Սդղի գյոլում: Հանդիպել են, վիճաբանել, տեղի է ունեցել ծեծկռտուք, քաղաքացու վիճակն էլ` դրա արդյունքը:

 

Այս կապակցությամբ այսօր Երեւան` ՀՀ ԱԺ գործով ժամանած Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին լրագրողները որոշ հարցեր են ուղղել: Մարզպետը միանգամից հանգստացրել է լրագրողներին` նշելով, որ իր որդին Երեւանում է, նաեւ` որ ինքը տեղյակ չէ…/տրամաբանում ենք` միջադեպից/: Սակայն Սյունիքի մարզպետը չի նշել, թե կոնկրետ երբվանի՞ց է իր որդին Երեւանում:

 

Ավելի ճշտող հարցին, թե` չե՞ք կարծում, որ Ձեր որդին կարիք ունի հասարակությունից մեկուսացման, քանի որ հաճախակի է հայտնվում նման պատմությունների մեջ, Սուրիկ Խաչատրյանը պատասխանել է. «Դա պետք է գնաս էնտեղ, որ իմանաս, ոչ թե ստեղ քեզնից դուրս խոսես»: Փաստորեն, եթե իմանալու համար պետք է գնալ «էնտեղ», ուրեմն Տիգրան Խաչատրյանն էլ «էնտեղ» է, հակառակ պարագայում` իմանալու, այլ ոչ թե մեզնից դուրս խոսելու համար Սյունիքի մարզպետը մեզ խորհուրդ չէր տա «էնտեղ» գնալ…

 

Ինչեւէ, երկու խորհուրդ` պարոն անփոխարինելի մարզպետին: Առաջին` եթե, իրոք, վստահ եք, որ Ձեր որդին անմեղ է բոլոր հարցերում, որոնցում մեղադրվում է, ավելին` եթե համոզված եք, որ բոլոր խոսակցությունները Ձեր որդու դեմ նպատակ ունեն անձամբ Ձեզ զրպարտել, ապա ինչո՞ւ դատի չեք տալիս Ձեր ընտանիքի «բարի անունը» զրպարտողներին:

 

Երկրորդ` լավ հետեւեք Ձեր որդուն, աշխատեք մշտապես իմանալ, թե նա տնից դուրս գալիս որտե՞ղ է գնում` հիշելով, որ եթե որդիները պատասխանատու չեն իրենց հայրերի արարքների համար, ապա հայրերը մշտապես պատասխանատու են իրենց որդիների արարքների համար` բարոյապես: Ամենուր ու մշտապես է այսպես, այդ թվում` Սյունիքում, հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը: Որպես «պատմա-փիլիսոփայական գիտությունների» դոկտոր` պետք է, որ սա լավ իմանաք:

 

Հովիկ Աֆյան