կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-09 20:52
Առանց Կատեգորիա

Թուրքական շանտաժի գերին. Ռուսաստանի ընտրությունը

Թուրքական շանտաժի գերին. Ռուսաստանի ընտրությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փակ հանդիպում է ունեցել թուրք պատմաբանների հետ և քննարկել Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմ ավելի արդյունավետ պայքարելու միջոցների հարցը: Հանդիպման ժամանակ, անդրադառնալով ապրիլի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երևան այցելելու և դրանից առաջ իր ուղերձում «Ցեղասպանություն» բառն օգտագործելու իրողությանը, Էրդողանն ասել է, թե անհրաժեշտության դեպքում Մոսկվայից հետ կկանչեն իրենց դեսպանին՝ հարաբերությունների շարունակումը թողնելով ընդհուպ գործերի հավատարմատարի մակարդակին:

 

 Որ Թուրքիայի նախագահը ժխտողականությունը կատարելագործելու հարցը քննարկում է պատմաբանների հետ, մատնում է Ցեղասպանության ճանաչման գործընթացում Անկարայի անելանելի, ցայտնոտային վիճակը: Բայց էականը տվյալ դեպքում սա չէ: Թուրքիան ոչ մի կերպ չի մոռանում և չի ցանկանում ներել ապրիլի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Երևանը Ստամբուլից նախընտրելու որոշումը: Բացի այն, որ Անկարան որոշ ժամանակով հետաձգեց «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը, նաև չեղյալ հայտարարեց ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի ռազմական պլանավորման խմբի նիստին մասնակցելու համար ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 16-ին Անթալիա կատարելիք այցը:

 

Այն, որ չնայած անցած գրեթե մեկ ամսվա ընթացքում բազմաթիվ արևմտյան երկրների կողմից Ցեղասպանությունը ճանաչելու բանաձևերի ընդունմանը, Անկարան սևեռվել է հենց Մոսկվայի վրա, փաստում է, որ խնդիրն այնքան էլ Ցեղասպանության հարցում Պուտինի դիրքորոշումը չէ: Մանավանդ՝ Ռուսաստանն այն եզակի երկրներից է, որը անցած 20 տարվա ընթացքում Ցեղասպանությունը ճանաչել է 2 անգամ: Ավելի ճիշտ կլինի ասել՝ խնդիրը Պուտինի այդ դիրքորոշումը Ռուսաստանին շանտաժի ենթարկելու առիթ դարձնելու մեջ է: Էրդողանին այնքան չի վրդովեցրել կամ մտահոգել Պուտինի հայտարարությունը, որքան ապրիլի 24-ին նրա Երևան այցը: Մշտապես պրագմատիկ դիվանագիտություն ունեցող Անկարայում այդ քայլը գնահատում են ներկայիս քաղաքական իրողությունների համատեքստում և համարում են, թե Ռուսաստանը ստրատեգիական ընտրություն է կատարում հօգուտ Հայաստանի, այն դեպքում, երբ տարածաշրջանում եղանակ ստեղծողը Թուրքիան է, և Թուրքիայից է, որ Մոսկվան կախվածության մեջ է թե՛ էներգետիկ-տնտեսական, թե՛ քաղաքական առումով: Այդ այցը Անկարան ընկալում է որպես Ցեղասպանության ճանաչման գործոնով պայմանավորված՝ Հայաստանի դիրքերն ամրացնելուն ուղղված քայլ, որը գուցե նաև առհավետ չեզոքացնում է ԼՂ-ն ամբողջությամբ Ադրբեջանին վերադարձնելու, Հայաստանն ընդամենը աշխարհագրական անբովանդակ տեղանուն թողնելու և դրանում Մոսկվային գործիք դարձնելու իրենց հեռահար նպատակները:

 

 Ահա թե ինչու էր վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ԼՂ հարցում կողմնակալության դրսևորում համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների՝ Երևան այցելելու որոշումը: Սա ավելի լուրջ դիվանագիտական պարտություն համարելով՝ Անկարան հիմա նախ փորձում է հասկանալ՝ իսկապե՞ս Հայաստանը նախընտրելու Պուտինի որոշումը վերջնական և ստրատեգիական է, և ստիպել նրան վերադառնալ այսպես կոչված թուրքականության ուղեծիր: Այսինքն, Թուրքիայի ներկայիս ռուսական մտասևեռումը և Մոսկվային պատժելուն ուղղված քայլերն ավելի շատ կանխարգելիչ նշանակություն ունեն: «Կամ-կամ»-ի այս մաքուր շանտաժային քաղաքականությունը, հետևաբար, պետք է Ռուսաստանին մտածելու տեղիք տա:

 

Ստացվում է, որ Անկարան ոչ միայն թքած ունի ռուս-թուրքական ստրատեգիական հարաբերությունները պահելու մասին Ռուսաստանի բացատրությունների վրա, այլև որոշել է իր պայմանները թելադրել Մոսկվային. կամ խաղում ես իմ կանոններով, կամ չենք խաղում ընդհանրապես: Մոտեցում, որ այքան բնորոշ է ամեն ինչից առավելագույնն ստանալու թուրքական, հիմա արդեն նաև ադրբեջանական դիվանագիտությանը: Եվ հիմա խնդիրը շատ հստակ է:

 

 Ստեղծված իրավիճակում ի՞նչ է անելու Ռուսաստանը. լենինյան շովինիզմին հավատարիմ՝ հերթական անգամ դառնալու է Թուրքիայի շահերի կամա թե ակամա սպասարկուն և նրա ձեռքի խաղալի՞քը, թե՞ փորձելու է դրանք չափավորել՝ Հայաստանի միջոցով, թույլ տալով և նպաստելով, որ վերջինս վերածվի տարածաշրջանային քաղաքական կարևոր գործոնի: Ի՞նչ ընտրություն կկատարի Պուտինը՝ Հայաստա՞նը, թե՞ այնուամենայնիվ, ադրբեջանաթուրքական տանդեմը: Արդյոք Ռուսաստանը գոնե հիմա կհասկանա՞, որ այդ երկրի հետ սիրախաղերով, նրան շարունակաբար երես տալով իրականում, ինչպես ասում են, հերթական անգամ իր ծոցում մեծացնում է իրեն թունավորելու պատրաստ օձի՝ ի հեճուկս իր անվտանգության: Քանի որ դառնալով թուրքական շահերի սպասարկուն՝ ըստ էության, Մոսկվան նաև նպաստում է իր հարավային սահմաններով դեպի արևելք Թուրքիայի ներկայիս ծավալապաշտական քաղաքականությանը: Ըստ այդմ՝ ընտրությունը Հայաստանի ու Թուրքիայի միջև ընտրություն է նաև հեռանկարում Հարավային Կովասում և Միջին Ասիայում իր ազդեցության լինել-չլինելու միջև:

 

 Այս առումով ապրիլի 24-ին Պուտինի Հայաստան այցելելը քաղաքական իմաստ ուներ, բայց ոչ թե Հայաստանը, որպես լիիրավ գործընկերոջ, գնահատելու և գերադասելու, այլ դեռևս, որպես իր տարածաշրջանային հենակետ չկորցնելու կայսերական բնազդի մակարդակով:

 

 

 

Գևորգ Աղաբաբյան