|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն այսօր լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ հայ-թուրքական հակամարտությունը կարող է ընթանալ մեզ համար ցանկալի հունով, եթե կարողանանք պահել այն տեմպը, որն ապահովել ենք հարյուրամյա տարելիցի միջոցառումների ընթացքում:
«Փայլուն կերպով էին կազմակերպված միջոցառումները: Ուշագրավ է այն, որ բոլոր խավերն էին ներգրավված: Մեր ցավը դուրս եկավ ազգային շրջանակներից»,- ասաց նա` հավելելով. «Մենք պետք է հիշենք, որ ունեցել ենք բազմաթիվ հաղթանակներ և կարող ենք միավորվել ոչ միայն ողբի շուրջ, այլ նաև հաղթանակների»:
Ըստ նրա` այդ բոլոր միջոցառումները խոսում են նոր սկզբի անհրաժեշտության մասին: «Պետք է շարունակենք տարբեր ուղղություններով գնալ: Կարևոր է այն, որ Հռոմի պապն իր ելույթի ընթացքում մեր ողբերգությունը չառանձնացրեց, այլ դրեց ուրիշների ողբերգությունների կողքին: Նա նշեց, որ սա ոճրագործություն է մարդկության հանդեպ»,- ասաց Բաբայանը:
Նրա կարծիքով` միայն քաղաքական էլեմենտներով շարժվելն էլ ճիշտ չէ: «Պետք է հարցը տեղափոխել նաև իրավական դաշտ: Կիլիկիայի կաթողիկոսարանն առաջին քայլն արեց»,- ասաց Բաբայանը:
Նրա դիտարկմամբ` Կիլիկիայի կաթողիկոսարանի վերջին հայցը` ուղղված Թուրքիայի ՍԴ-ին, հենց իրավական դաշտ տեղափոխելու մասին է խոսում:
Բաբայանի կարծիքով` պետք է կենտրոնանալ նաև հայ-թուրքական սահմանները բացելու վրա: «Սահմանները բացելը մեզ պետք է օդի պես: Փակ սահմանները Ցեղասպանության շարունակությունն է: Պետք է կարողանանք ճեղք մտցնել թշնամիների շարքերում: Եթե բացվի սահմանը, Ադրբեջանն այլևս չի կարողանա մեկուսացնել Հայաստանը: Սրանից հետևություն կարելի է անել, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները այս կոնտեքստում կլարվեն»,- ընդգծեց բանախոսը: