Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով, այսօր երկօրյա այցով մեկնում է Մոսկվա: Նալբանդյանի այս այցը էականորեն տարբերվում է նախորդներից: Եվ այդ տարբերությունը, որքան էլ զարմանալի է, ընդգծում է ռուսական կողմը. Մոսկվան ոչ միայն զուտ տեղեկատվական առումով է շեշտում այցի կարևորությունը երկու երկրների դաշնակցային հարաբերություններն ընդգծելու միջոցով, այլև՝ արարողակարգի:
Մասնավորապես` ՌԴ արտգործնախարարությունն այցի վերաբերյալ հանդես է գալիս հատուկ մեկնաբանությամբ, ինչն ինքնին արդեն եզակի դրսևորում է: Բայց առավել ուշագրավ է, որ դրանում ոչ միայն նշվում է, թե ինչ հարցեր են քննարկվելու Լավրովի հետ, այլ նաև ընդգծվում է ՌԴ-ին և Հայաստանին կապող դաշնակցային հարաբերությունների հանգամանքը՝ վկայակոչելով ռազմավարական գործընկերությունը սահմանող իրավապայմանագրային ողջ բազան:
Բացի դրանից` Նալբանդյանը, փաստորեն, ոչ միայն հանդիպելու է ՌԴ իր գործընկերոջ հետ, այլ նաև ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, ով, ի դեպ, ընդամենը օրեր առաջ էր աշխատանքային այցով Հայաստանում: Նախատեսված է նաև հանդիպում Ռուսաստանի քաղաքագետների և ԶԼՄ խմբագիրների հետ:
Եթե դրան էլ ավելացնենք վերջին օրերին թե' Նալբանդյանի և թե' ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ռուսական տարբեր առաջադեմ լրատվամիջոցների կողմից հարցազրույցներ անցկացնելու հանգամանքը, որը ՌԴ-ի պարագայում երբեք պատահական չի լինում, ապա ակնհայտ է դառնում, որ ռուսական կողմը ոչ միայն հոգ է տարել այդ այցի զուտ արարողակարգային, այլ նաև բովանդակային նշանակությունը բարձրացնելու ուղղությամբ:
Բնական հարց է առաջանում, թե ո՞րն է Նալբանդյանի այցի նկատմամբ նման վերաբերմունքի պատճառը, և արդյո՞ք սա իրավիճակային է, թե՞ Մոսկվան փորձում է վերադառնալ Հայաստանի հետ ռազմավարական գործակցության` իսկապես հարիր հարաբերությունների: Այս իմաստով ուղղորդիչ նշանակություն ունի երկու գործոն:
Առաջինը Մոսկվա այցելելու հրավերը Նալբանդյանին ուղղելու համար ընտրված ժամանակն է: Այն տեղի է ունենում Լոզանում Իրանի և «Վեցյակի» երկրների միջև իրանական միջուկային ծրագրերի շուրջ շրջանակային համաձայնագրի ստորագրումից գրեթե անմիջապես հետո՝ ըստ էության, հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված բոլորովին նոր տնտեսաքաղաքական իրականության ֆոնին, որին տարածաշրջանի երկրներն արձագանքեցին կայծակնային արագությամբ: Մինչ Ադրբեջանի նախագահն անակնկալ այց է կատարում Իրանի թշնամին և մրցակիցը համարվող Սաուդյան Արաբիա, Թուրքիայի նախագահը պատրաստվում է այցելել Իրան: Ռուսաստանն ահա, որոշել է Իրանի՝ միջազգային քաղաքական արենա վերադառնալու պայմաններում նախ ճշգրտումներ մտցնել Հայաստանի հետ իր հարաբերություններում:
Մոսկվայում չեն կարող չհասկանալ, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումն առաջին հերթին թուլացնում է Հայաստանի վրա իր ազդեցությունը, քանի որ, ի դեմս Իրանի, Հայաստանը ձեռք է բերում առևտրային, էներգետիկ, քաղաքական, նաև անվտանգության ապահովման պոտենցիալ այլընտրանքային ուղղություն, արտաքին աշխարհի հետ և հատկապես դեպի Արևելք ծավալվելու նոր հնարավորություն: Եվ որքան էլ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ազդեցությունը լինի անվիճելի, Մոսկվան «իրանական ելքը» փակելու կամ փակել ստիպելու ռեսուրս չունի, մանավանդ, որ Թեհանն ինքը ոչ միայն ստանում է Հայաստանում ներդրումներ կատարելու և այս դաշտում ևս Ռուսաստանի մրցակիցը դառնալու իրական հնարավորություն, այլ նաև առավել քան շահագրգռված է տարածաշրջանում Հայաստանի՝ հնարավորինս անկախ խաղացող դառնալու հարցում: Եվ ենթադրելի է, որ արդեն նոր կարգավիճակում ամեն ինչ կանի դրա համար, իհարկե` Հայաստանից համապատասխան ազդակներ լինելու դեպքում:
Այս հանգամանքը, կամա թե ակամա, ստիպում է Մոսկվային վերանայել Հայաստանի հետ հարաբերությունների որակը՝ շեշտը դնելով ոչ թե կամ ոչ այնքան կամքի թելադրման վրա, որքան վստահելի պարտնյոր ներկայանալու: Իսկ դա ստիպում է վերջապես բացել աչքերն ու ականջները և տեսնել հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններից, անխտիր բոլոր ուղղություններով, Երևանի` ակնհայտ բավարարված չլինելու հանգամանքը, որոնց մասին վերջին շաբաթներին վերջինս սկսել է խոսել ավելի ու ավելի կոշտ շեշտադրումներով:
Այս իմաստով Սերգեյ Նարիշկինի՝ Հայաստան կատարած վերջին՝ ակնհայտորեն «ստուգողական» այցը, որի շրջանակում ևս բարձրացվեցին այդ հարցերը, Նալբանդյանին հրավեր ուղարկելու և հայ-ռուսական հարաբերությունների չեղած ռազմավարական բնույթն ընդգծելու երկրորդ հիմնական դրդապատճառն էր: Երևանում Նարիշկինին թե' հասարակական և թե' քաղաքական մակարդակներում շատ պարզ հասկացրին, որ ընդգծված հարգանքի, տեղ-տեղ նույնիսկ քծնանքի քողի տակ, այնուամենայնիվ, կա Ռուսաստանից ակնհայտ դժգոհություն, որը թվացյալ չէ, ինչպես կարծում են Մոսկվայում, և որը չնկատել տալու քաղաքականության շարունակումը, արդեն իրանական գործոնով թելադրված, այլևս անհեռանկարային է:
Շատ հնարավոր է, որ Նալբանդյանին Մոսկվա են կանչել, առաջին հերթին, ԵՄ-ի հետ «քաղաքական ասոցացման» հարցում կրկին խաղեր սկսելու, ինչպես նաև Չինաստանի հետ սկզբունքային հարաբերություններ կառուցելու շուրջ պարզաբանումներ ստանալու, երկրորդ` նրանից հավատարմության երդումներ ստանալու համար, ինչը վերջինս չի զլանալու տալ: Դրա մասին հուշում է ՀՀ նախագահի՝ ռուսական Россия 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արտահայտած այն միտքը, թե Երևանը ճիշտ է համարում ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը և հավատում է այդ միության հեռանկարայնությանը: Բայց արդեն նաև Մոսկվային է պարզ, որ այդ խոստումներն այլևս գրոշի արժեք չունեն, և դա չի խոչընդոտելու, որպեսզի իրավիճակը չփոխվելու պարագայում Երևանը շարունակի արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելուն ուղղված մանր քայլերը: Այս իմաստով Նալբանդյանի այցը Մոսկվա ոչ միայն զուտ հաշվետու լինելու, այլև, առաջին հերթին, առավել բաց տեքստով Մոսկվայի առջև ռազմավարական գործակցությունից բխող ակնկալիքներն ու պահանջներն առաջադրելու իրական հնարավորություն է:
Իրանի «վերադարձը» տալիս է ոչ միայն դրա քարտ բլանշը, այլ նաև, ի վերջո, իրանական գազը եվրոպական շուկաներ հասցնելու համար հայաստանյան միջանցքը օգտագործելու հարցում Մոսկվայի համաձայնությունը ստանալու: Ի վերջո, Իրանը գտնելու է իր ածխաջրածնային ռեսուրսները եվրոպական շուկաներ հասցնելու ճանապարհը, առաջին հերթին` Թուրքիայի կամ նույնիսկ Ադրբեջանի միջոցով՝ NABUKO նախագծի վերակենդանացման կամ պարզապես TANAP-ին միանալու ձևով, որոնք հավասարապես Ռուսաստանի համար գործնականում անվերահսկելի են և անշահավետ: Եվ եթե Մոսկվան ցանկանում է գոնե ինչ-որ ձևով ներգրավվածություն ունենալ իրանական գազի արտահանման պրոցեսում, ապա դրա լավագույն միջոցը, թերևս, այս «հայ-վրացական միջանցքի» տարբերակին համաձայնելն է: Ողջ հարցն այն է, թե ի՞նչ տրամադրվածությամբ է Էդվարդ Նալբանդյանը գնում Մոսկվա` իրական դիվանագիտություն վարելո՞ւ, թե՞ պարզապես դիվանագիտություն խաղալու` որպես ռուսական դիվանագիտական դպրոցի արժանի սան և ռուսական շահերի նույնքան արժանի «դեսպան» Հայաստանից:
Գևորգ Դարբինյան