Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր գյուղ համայնքում գտնվող «Տոնուս-Լես» ընկերության սննդի և դեղերի անվտանգության փորձագիտական ժամանակակից լաբորատորիա: Կառավարության ղեկավարը շրջել է լաբորատորիայում, ծանոթացել փորձագիտական աշխատանքների ընթացքին, գործունեությանը և ձեռքբերումներին:
Լաբորատորիան հնարավորություն է տալիս հանրապետությունում արտադրվող, ներկրվող դեղերի ու սննդի համար իրականացնել որակի և կենսահամարժեքության, ինչպես նաև կենսաբանական և մանրէաբանական փորձաքննություններ` նպաստելով դրանց որակական չափանիշների ապահովմանը: Ներկայացնելով ձեռքբերումները՝ ընկերության ղեկավարները տեղեկացրել են, որ հայաստանյան այս լաբորատորիան վերջերս ստացել է միջազգային ISO 9001-2008 հավատարմագրում, որը տարածաշրջանում առաջինն է:
Նշվել է, որ միջազգային հավատարմագրումը հնարավորություն կտա տեղական արտադրողներին արտերկրի փոխարեն տեղում ստանալ արտադրանքի լաբորատոր փորձագիտական եզրակացությունը և որակի հավաստագիրը, ինչն էլ էապես կկրճատի ընկերությունների ծախսերն ու ժամանակը: Համապատասխան քայլեր են իրականացվել նաև որակյալ կադրերի պատրաստման ուղղությամբ, ամրապնդվել է միջազգային համագործակցությունը:
Վարչապետ Աբրահամյանը կարևորել և ողջունել է լաբորատորիայի միջազգային հավատարմագրումը և նշել, որ այն հնարավորություն կտա խթանել տեղական որակյալ արտադրանքի արտադրությունը, արտադրանքի վերաբերյալ ստանալ հավաստի տվյալներ, ավելացնել արտահանման ծավալները և ամրապնդել սպառողների շահերի պաշտպանությունը:
Կառավարության ղեկավարը կարևորել է լաբորատորիայի հետագա զարգացումը, որակյալ փորձագիտական գործունեությունը և գործարարների մոտ վստահության պահպանումը: Լաբորատորիայի ղեկավարության հավաստիացմամբ, միջազգային հավատարմագրման արդյունքում լաբորատորիայի ներկայացրած եզրակացությունը հիմք կընդունվի աշխարհի բոլոր երկրներում: Լաբորատորիան ունի գերմանական, շվեյցարական, ճապոնական և իսրայելական արտադրության ժամանակակից սարքավորումներ: