Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի նկատմամբ միջազգային հետախուզումը շարունակվում է, նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկատվություն չկա: Այս մասին այսօր ոստիկանությունում, լրագրողի հարցին ի պատասխան, ասաց Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի (ԱԿԲ) պետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Ֆիդանյանը:
Նա նաև հայտնեց, որ ներկայումս միջազգային հետախուզման մեջ գտնվող հայ քաղաքական գործիչներ և գործարարներ չկան:
Ներկայացնելով 2014-ի 9 ամիսների ընթացքում Ինտերպոլի ԱԿԲ-ի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները՝ Ֆիդանյանը նշեց, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում ՀՀ իրավապահ մարմինների կողմից ստացվել են 89 նոր հարցումներ հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ինտերպոլի անդամ երկրներում հաջողվել է պարզել հետախուզվող 95 անձանց գտնվելու վայրը, որոնցից 66-ը ձերբակալվել են, իսկ 13-ը` ենթարկվել էքստրադիցիայի: Ընդհանուր առմամբ, միջազգային հետախուզման մեջ է 309 անձ:
Ըստ Ֆիդանյանի` վերջին ժամանակահատվածում ՀՀ-ում հայտնաբերվել են ԱՄՆ-ի , Բելգիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բուլղարիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Իրանի, Կորեայի, Քուվեյթի և ԱՊՀ պետությունների կողմից հետախուզվող անձինք: Ներկայումս ԱԿԲ-ի կողմից միջոցառումներ են իրականացվում Ինտերպոլի անդամ երկրների կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող 381 ՀՀ քաղաքացիների կամ ազգությամբ հայերի նկատմամբ:
Ֆիդանյանի խոսքով` Հայաստանն Ինտերպոլի անդամ երկրներից առավել ակտիվ համագործակցում է Ռուսաստանի Դաշնության հետ: Նա կարևորեց նաև անձանց նույնականացման ոլորտում իրականացվող աշխատանքները: Ըստ Ֆիդանյանի` ՀՀ որոշ քաղաքացիներ, մեկնելով այլ երկրներ, ներկայանում են մտացածին անձնական տվյալներով:
Անդրադառնալով կադրային քաղաքականությանը՝ Արա Ֆիդանյանը նշեց, որ իրենց մոտ աշխատանքի ընդունելիս շեշտը դնում են լեզվի իմացության վրա, աշխատակիցները պարտադիր պետք է տիրապետեն Ինտերպոլի 4 լեզուներից որևէ մեկին:
Ի դեպ, ներկայումս Ինտերպոլի խողովակներով միջազգային հետախուզում է հայտարարված ՀՀ տարածքում հափշտակված 47 մշակութային առարկաների նկատմամբ: