կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-19 16:43
Քաղաքական

Ծառուկյանը Գալուստ Սահակյանին լրացուցիչ պարզաբանումներ է ներկայացրել

Ծառուկյանը Գալուստ Սահակյանին լրացուցիչ պարզաբանումներ է ներկայացրել

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պատասխանելով Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացի մասին հարցերին, ասաց, որ խորհրդակցել է տարբեր իրավաբանների հետ, կա որոշակի բանավեճ, օրերս էլ ստացել է լրացուցիչ պարզաբանումներ Գագիկ Ծառուկյանից:

 

«Մեկնաբանությունը հետևյալն է, որ Գագիկ Ծառուկյանը մտածել է, թե, գրություններ ներկայացնելով, բացակայությունները հարգելի են, այդպես էլ եղել է, և որ այս պահին չի կարող փաստաթղթեր ներկայացնել: Ես արդեն ընդհատել եմ ուսումնասիրությունը, Գագիկ Ծառուկյանը մանդատի խնդիր չի ունենա, առավել ևս` օրերս ես կհայտարարեմ հանձնաժողովների նախագահների և ֆրակցիայի ղեկավարների համատեղ նիստում, որ բացակայության հարգելի կհամարվի միայն առողջության մասին փաստաթղթով: ԱԺ գործուղումները, իսկ մնացած այլ խնդիրները կկարգավորվեն աշխատանքային օրենսգրքով»,- ասաց Գալուստ Սահակյանը:

 

ԱԺ նախագահը նշեց, որ փոշմանելու խնդիր չկա, այդ հարցը իր որոշելու հարցն է: Լուրջ է ուսումնասիրել այդ խնդիրը, վերջնական եզրակացությունն այն է, որ իրավական տեսակետից այդ հարցը բանավեճի առարկա է դարձել, այսինքն` իրավական առումով այդ բացակայությունները անհարգելի են, բայց երբեք նման նախադեպեր չեն եղել:

 

«Արդյո՞ք իր այդ որոշումը համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ» հարցին, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Իմ լիազորությունների շրջանակում եմ կայացրել այդ որոշումը, այստեղ համաձայնեցնելու որևէ խնդիր չկա»: