կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-19 15:47
Առանց Կատեգորիա

Մահամերձները պարտավորեցնում են

Մահամերձները պարտավորեցնում են

Ամեն կուսակցություն, քաղաքական ուժ ունի տվյալ պահի իշխանության և ընդդիմության իր ընկալումներն ու գնահատականները, նաև` վերաբերմունքը քաղաքական դաշտի առանձին ուժերի նկատմամբ: Ճիշտն այն կլինի, որ այդ գնահատականներն ու վերաբերմունքը մնան քաղաքական մակարդակի վրա: Միայն այդ դեպքում է հնարավոր թե' քաղաքական երկխոսությունը, թե' պայքարը և թե' պարտությունների դեպքում արժանապատիվ նահանջը:

 

Դատելով այն հանգամանքից, թե այս օրերին ինչ են գրում ու ասում ՀԱԿ խոսափող համարվող լրատվամիջոցները, մտածում ես, որ ՀԱԿ-ում վերոնշյալ քաղաքական ավանդույթներից գրեթե ոչինչ չի մնացել, իսկ կառույցն էլ հայտնվել է սեփական քաղաքագիտական վերլուծության և ԲՀԿ-ի փլատակների տակ: Պարտվել` պարտվել եք: Ի՞նչ կա դրա մեջ: Ո՞ր քաղաքական ուժն է երաշխավորված պարտություններից: Բայց մի՞թե ճիշտ է` որևէ պարտության համար նեղսրտես այնքան, որ տրվես ինքնամոռացության ու անիմաստ լուտանքներ տեղաս ուրիշների հասցեին:

 

Կոնկրետ հարց տանք` Դաշնակցությո՞ւնն է մեղավոր, որ եռյակը խայտառակվեց: Բնականաբար` ոչ: Եռյակը, վստահ ենք, բոլորից լավ գիտի իր պարտության պատճառները: Լևոն Տեր-Պետրոսյանը սկսնակ չէ, կարծեմ: Բայց ինչո՞ւ են փորձում քար նետել Դաշնակցության բոստանը: Ուլուխանլուում գնացք է շուռ եկել` Դաշնակցությունն է մեղավոր: Ճիշտ այս տրամաբանությունն է գործում հիմա: Եղբա'յր, Դաշնակցությունն էլ, եղել է, պարտվել է (նախագահական ընտրություններ, Երևանի քաղաքապետի ընտրություններ և այլն), բայց չի եղել դեպք, որ հայտարարի` Լևոն Տեր-Պետրոսյանի պատճառով պարտվեցի կամ մեկ ուրիշի:

 

Ուրեմն այդ ի՞նչ մանկամտություն է, որ կենտրոնացել եք Դաշնակցության վրա, թե` Դաշնակցությունն այսպես ու այսպես, մի բան ասում է, մի բան անում, սա 120 տարվա նրա գործելակերպն է և այլն, և այլն: Ու զայրացած են գիտե՞ք ինչից: Այն բանից, որ Դաշնակցությունը, ընդունելով, որ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել խախտումներով, լեգիտիմ է համարում գործող նախագահին ու նրա հետ հարցեր է քննարկում: Դե, կներեք: Թույլ տվեք Դաշնակցությունն իր համար ինքը որոշի, որը որից հետո է:

 

Իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի լեգիտիմությունն ընդունել-չընդունելու խնդրին, ապա ՀԱԿ-ն այդ հարցում այնպիսի խայտառակություններ է իրեն թույլ տվել, որ պարտավոր է գոնե համեստորեն լռել, եթե պատիվը չի ներում կորչել քաղաքական դաշտից` ընդհանրապես: Առհասարակ` նախագահի լեգիտիմությունն ընդունելն ու նրա հետ հանդիպումներում հարցեր քննարկելը մի բան է, իսկ լեգիտիմությունը չընդունելն ու նրա հետ ամեն խաղ խաղալը` բոլորովին այլ բան:

 

Լավ կլիներ, որ ՀԱԿ-ում հաշիվ տային իրենց, թե ինչեր են արել 2008 թվականից մինչ օրս և հետո միայն Դաշնակցությանը մեղադրեին «դեմ ըլլալով կողմ ըլլալու» մեջ: Եթե այդքան հետևողականորեն չէին ընդունում Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը, ապա վերջին 7 տարվա ընթացքում ՀԱԿ-ը պետք է գլուխը պատերով տված լիներ, ինքնահրկիզված կամ անդունդը նետված: Բարեբախտաբար, ո'չ մեկն են արել, ո'չ մյուսը և ո'չ էլ երրորդը:

 

Փառք Աստծո, թե ընդունել են «ոչ լեգիտիմ» նախագահի հայ-թուրքական քաղաքականությունը, երկխոսել են նրա հետ սրտի ուզածի չափ, այդ նույն նախագահի կազմակերպած ընտրություններով դարձել են խորհրդարանական խմբակցության տեր, սիրով համագործակցել են, իրենց իսկ գնահատականով, Մարտի 1-ի սպանդի ակտիվ մասնակիցներից ԲՀԿ-ի հետ, բաց նամակներով դիմել են «Մեծարգո նախագահին»… Մի խոսքով` ինչե՞ր միայն չեն արել` այդ նախագահի «ոչ լեգիտիմությունը» ցույց տալու համար:

 

Լավ կլիներ նաև, որ Դաշնակցությանը որևէ հարցում քննադատելուց առաջ ՀԱԿ-ն ու նրա լրատվամիջոցները հաղթահարեին իրենց քրոնիկ անգրագիտությունը: Այսօր ստիպված դարձյալ պետք է «լիկբեզ» անցկացնենք նրանց համար: Գրառեք, պետք կգա:

 

Ա) Ոչ թե 120, այլ 125 տարեկան է Դաշնակցությունը:

 

Բ) Ոչ թե դաշնակներ (սա նեոբոլշևիզմ է), այլ դաշնակցականներ:

 

Գ) Մենք ձեզնից ավելի շատ ենք սիրում մեր Արտյուշա Շահբազյանին, բայց նա ՀՅԴ Բյուրոյի անդամներից չէ:

 

Այսքանը` այս դասին: Եվ ավարտեմ: Եթե ՀԱԿ-ում վիճակն, իրոք, այնքան ծանր է, որ բանը սկսել է հասնել ինքնամոռացության նոպաներին, կարող ենք հոգևորական ուղարկել: Հայտնի է, որ մահամերձները հոգևորականի ներկայությամբ ավելի են բացվում: Իսկ եթե ավելի անկեղծ` չէինք ցանկանա, որ քաղաքական դաշտից վերջնականապես անհետանար այն կարևոր գույնը, որ կապված է ՀՀ առաջին նախագահի հետ: ՀՅԴ-ն, պայքարելով նրա դեմ, երբեք չասաց, որ նա լեգիտիմ չէ և չի կարելի նրա հետ հարց քննարկել, թեև նա էլ սուրբ չէր, մանավանդ` 1996-ին:

 

Էդիկ Անդրեասյան