Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ Արա Գևորգյանի «Ադանա» երգի բառերի հեղինակ, ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը ցանկանում է դառնալ ՀՀ քաղաքացի: ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գևորգյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ օրերս իրեն է զանգահարել Դեքերը և ասել, որ ցանկություն ունի դառնալու ՀՀ քաղաքացի և պատրաստ է գալ ու Ծիծեռնակաբերդում ստանալ իր անձնագիրը:
Գևորգյանի կարծիքով` սենսացիա կլիներ, որ հենց ապրիլի 24-ին Դեքերին տայինք անձնագիրը: Մաեստրոն նշեց նաև, որ դրա մասին արդեն տեղեկացրել է մշակույթի նախարարին և համապատասխան մարդկանց:
Ինչ վերաբերում է իր և Դեքերի համագործակցության սկզբին, ապա, Գևորգյանը պատմեց, որ ամեն ինչ սկսվել է 2012-ին: «Երբ Դեքերն առաջին անգամ եկավ Հայաստան, ինձ զանգահարեցին և ասացին, որ մի ամերիկացի երգիչ ուզում է ինձ հետ ծանոթանալ: Մենք ժամադրվեցինք կոնսերվատորիայի դիմաց: Հանդիպեցինք, նա առաջին անգամ էր Հայաստանում և որևէ հայ ազգակից կամ արմատներ չունի: Նա թույլտվություն էր խնդրում, որ իմ «Մուշ» ստեղծագործության հիման վրա երգ գրի: Ես ուրախությամբ համաձայնեցի և երգի ձայնագրությունը տվեցի նրան: Ապշած էի, որ նա, լինելով կոմպոզիտոր, ով տարեկան 100 համերգ է տալիս ԱՄՆ-ի տարածքում, ինձնից երաժշտություն է ուզում: 20 օր անց նա զանգահարեց Նյու Յորքից և երգեց իր գրած երգը: Ես զարմացա, թե ինչ հիանալի է նա երգում»,- ասաց Գևորգյանը:
«Մուշ» երգը պատմում էր այն մասին, թե Նոյն ինչպես է իջել Արարատ լեռան գագաթիցվ և Արարատը Հայաստանն է: Գևորգյանին հատկապես դուր էր եկել այն փաստը, որ այս ամենն ասում է ամերիկացի:
Այնուհետև կոմպոզիտորը ցանկացել է Դեքերին հրավիրել իր` դեռ այն ժամանակ մայիսի 28-ին Սարդարապատում կայանալիք համերգին, սակայն ֆինանսների բացակայության պատճառով չի ստացվել: «Դեքերն ինձ զանգահարեց և ասաց, որ կմասնակցի համերգին` իր միջոցներով: Համերգին մենք նվագում էինք նաև «Ադանա» ստեղծագործությունը, որի տակ պարում էր «Նանե» շոու-բալետը և որն այդ պարով Եվրոպայում Գրան պրիի արժանացավ: Դեքերը, լսելով «Ադանան», ասաց, որ կուզենար այս երաժշտության համար նույնպես երգ գրել: Ես նրան ասացի, որ երգի թեմատիկան Ցեղասպանությունն է, արդյո՞ք նա պատրաստ է անդրադառնալ այդ թեմային: Նա պատասխանեց, թե, այո, պատրաստ է»,- պատմեց Գեւորգյանը:
Դեքերի երգը պատրաստ է եղել մեկ տարի անց. այդ ժամանակահատվածում նա ուսումնասիրել է հայկական գրքեր, Ցեղասպանության մասին եղած նյութերը, որպեսզի անսխալ տեքստ գրի: Գևորգյանն էլ տեքստը ստուգել է:
«Անդրանիկ Մարգարյանն ինձ օգնեց, որպեսզի «Ադանա» երգի բոլոր թարգմանված տարբերակները ստուգվեն, քանի որ ես երգը 15 լեզվով թարգմանել էի տվել, այդ թվում` նաև թուրքերեն: Այսօր 20 լեզվով հնչում է այդ երգը: Ես ուզում եմ թողարկել մի ձայնասկավառակ, որում ընդգրկված կլինեն երգի` 15 լեզվով տարբերակները` 2015-ի շրջանակներում: Հիմա հովանավորներ եմ փնտրում»,- ասաց Գևորգյանը` հավելելով, որ նաև առաջարկել է, որ 15 ազգի ներկայացուցիչներ համաշխարհային տուր կազմակերպեն և իրենց կատարումներով դատապարտեին Ցեղասպանությունը, նաև 2015-ի ապրիլի 24-ին բոլորը միասին «Ադանան» կկատարեն Ծիծեռնակաբերդում:
Կոմպոզիտորը նշեց նաև, որ Դեքերի հետ համագործակցությունը շարունակվում է: