կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-26 14:10
Քաղաքական

ՀԱԿ-ն ուզում է մարտի 1-ի հանրահավաքի մասին Հ1-ում վճարովի հայտարարություն դնել

ՀԱԿ-ն ուզում է մարտի 1-ի հանրահավաքի մասին Հ1-ում վճարովի հայտարարություն դնել

Խորհրդարանում այս պահին քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի` 2014 թվականի գործունեության հաշվետվությունը: Հիմնական զեկուցով հանդես եկավ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը:

 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն իրեն հետաքրքրող հարցերով դիմեց հիմնական զեկուցողին: Պատգամավորը մասնավորապես ասաց, որ Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է հասարակությանը համակողմանի և անաչառ տեղեկություն տրամադրել, որը, սակայն, չի անում:

 

«Պարո՛ն Բունիաթյան, Դուք կարո՞ղ եք մի դեպք հիշել, որ ՀԱԿ-ից որևէ պատգամավորի մասին Հանրայինը տեղեկություն է տրամադրել: ՀԱԿ-ը և ՀԺԿ-ն ամսի 1-ին հանրահավաք են նախատեսել, եթե Ձեզ վճարովի հայտարարություն տանք, Դուք կպաշտպանե՞ք, որ այն եթերով գնա, կարո՞ղ եք ապահովել օրենքի գոյությունը»,- հարցրեց Արամ Մանուկյանը:

 

Բունիաթյանը պատասխանեց. «Երկու-երեք տարի ես ղեկավարել եմ Հանրայինը, այդ տարիներին, պարո'ն Մանուկյան, Դուք լավ ներկայացված եղել եք Հանրայինում: Ես դա կարող եմ վստահ ասել: Իսկ հանրահավաքի մասով` եթե օրենքով հստակ է, մենք կաջակցենք, որ այն տարածվի: Խնդիր չեմ տեսնում»:

 

Նրա ելույթին արձագանքելու հնարավորություն ստացավ Արամ Մանուկյանը, իսկ Բունիաթյանը շարունակեց խոսել, որի համար Գալուստ Սահակյանի կողմից նկատողության արժանացավ: «Հենց որ հայտարարեցի, էլ չես խոսում, երբ ավարտի կխոսես»,- ասաց նա:

 

Սրան հաջորդեց Արամ Մանուկյանի խոսքը. «Այսուհետ պետք է հետ պտտել, ոչ թե Հանրային հեռուստատեսություն է, այլ ուղղակի Հանրապետականի հեռուստատեսություն»: ՀԱԿ պատգամավորը նշեց նաև, որ հանրահավաքի կապակցությամբ կդիմեն նրանց, սակայն Բունիաթյանը որևէ պատասխան չտվեց: