կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-25 14:48
Առանց Կատեգորիա

Սամվել Մկրտչյանի «Ուլիսես»-ից էլ սկսվեց ամեն ինչ

Սամվել Մկրտչյանի «Ուլիսես»-ից էլ սկսվեց ամեն ինչ

Այսօր թարգմանիչ Սամվել Մկրտչյանի ծննդյան օրն է: 

 

***

2011-ն էր, երևի փետրվարը... Աղմուկ բարձրացավ, որ Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը» թարգմանվել է հայերեն, էն էլ\' Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ:

Ասում եք\' ինչո՞ւ աղմուկ բարձրացավ: Բացատրեմ: Գիրքն արժեր 25 000 դրամ: Միանգամից ԶԼՄ-ներում հոդվածներ հայտնվեցին, թե ո՞վ է տեսել էս թվերին, երբ մարդիկ 25 000 դրամ թոշակ են ստանում\' էդ գնի գիրք վաճառեն: Ի դեպ, թարգմանչի հետ ոչ ոք չէր խոսում\' երկրի տնտեսական վատ վիճակն ու հասարակության սոցիալական խնդիրներն էին ընթերցողի աչքը խոթում:

 

Սամվել Մկրտչյանի թարգմանությունների շնորհիվ էի ծանոթացել Քիփլինգի, Էլիոթի, Լուիս Քերոլի, Ֆոլքների ստեղծագործություններից շատերին, ուստի\' չշտապեցի ինչ-որ բան գրել: Աշխատանքից հետո գնացի գրախանութ\' գիրքը տեսնելու: Գիրքը գրախանութներում չկար ու չկար:

 

Հաջորդ օրը զանգահարեցի Մկրտչյանին: Ասաց\' գիրքը գրախանութներում չի վաճառվում, ընդունում է պատվերներ: Մի փոքր զրուցեցինք ու հաջորդ օրն ինչ-որ բան գրեցի\' մի փոքր հոդված, թե ինչո՞ւ պետք է 25 000 դրամ վճարել\' «Ուլիսես» գնելու համար:

 

Հոդվածը լույս տեսնելուց հետո Մկրտչյանը զանգեց խմբագրություն ու թե\' «կարո՞ղ է\' մենք ծանոթ ենք իրար»: Ասացի\' ծանոթ չենք, ես մի փոքր ծանոթ եմ իրեն\' թարգմանություններից ու հարցազրույցները կարդալով:

 

«Հնարավոր չի\' գրել ես այն, ինչ պետք է, իսկ էդպես կարող էր գրել միայն ինձ հետ մտերիմ մեկը, նա, ով տեսել է\' ինչպես եմ գիրքը թարգմանել, ընթացքում կիսվել մտքերով»,-ասաց նա ու խմբագրության հասցեն ճշտեց:

 

Հաջորդ օրը հյուրեր ունեի. Մկրտչյանը Ջոյսի «Ուլիսեսն» ու Էլիոթի թարգմանություններն էր ուղարկել խմբագրություն:

 

Զանգահարեցի\' շնորհակալություն հայտնեցի, ասացի, որ կուզեի նաև հանդիպել\' հարցազրույց անել: Ասաց, թե «հենց «Ուլիսեսը» կարդաս\' հանդիպենք, բայց առանց ձայնագրիչի, գրքի մասին կխոսենք ուղղակի»:

 

Իսկ «Ուլիսեսը»... Պիտի խոստովանեմ, որ հայերենով առաջին անգամ էի նման որակի գիրք տեսնում: Ծանոթագրությունները, նկարները... Միակ թերությունն այն էր, որ գրքի լուսանցքը, որտեղ սովորաբար ինչ-որ բաներ եմ խզբզում\' արդեն լիքն էր ծանոթագրություններով: Գիրքը տուն տարա\' մաման չափսերից վախեցավ\' «հո՞ Նոր կտակարանի նոր հատորներից չի»:

 

Մի ամբողջ շաբաթ անքուն մնալուց հետո «Ուլիսեսն» ավարտեցի, շտապում էի կարդալ, որ գնամ-ծանոթանալ Մկրտչյանի հետ: Վերջին էջին էի հասել, երբ հասկացա, որ ոչինչ չեմ հասկացել: Գիրքը փակեցի ու քնեցի\' մտածելով, որ առավոտյան երևի թարմ ուղեղով կարթնանամ ու ամեն ինչ տեղը կընկնի: Առավոտյան ոչինչ չէր փոխվել...

 

Զանգահարեցի Մկրտչյանին, թե\' «գիրքը կարդացել եմ, բայց բան չեմ հասկացել, մնա\' մի քանի ամիս անցնի\' երևի մաքուր օդում կարդամ\' հասկանամ»: Մկրտչյանը ծիծաղեց ու ասաց.«Եթե ասում ես\' չես հասկացել, ուրեմն\' լավ էլ հասկացել ես»:

 

Հետո, երբ հանդիպեցինք, ասացի, թե\' մեղքս ինչ թաքցնեմ\' շտապելով էի կարդում, որ գամ\' ձեզ տեսնեմ: Մի լավ ծիծաղեց ու թե\' «հո ես չէի փախչելու»: Մկրտչյանի հետ զրուցելուց հետո\' հասկացա, որ լավ էլ հասկացել եմ Ջոյսին, բայց հենց եկա տուն ու գիրքը ձեռքս վերցրի\' պարզվեց, որ, չէ՛, չեմ հասկացել:

 

1-2 տարի հետո, երբ մի գրքի շնորհանդեսի ժամանակ տեսա Մկրտչյանին\' ասացի, որ գիրքը վերընթերցել եմ երկու անգամ ու պարզվեց, որ «ամենաճիշտը» հասկացել էի\' հենց առաջին անգամ, երբ ոչինչ չէի հասկացել: Մի լավ ծիծաղեց ու թե\' «բա որ ասում էի\' հասկացել ես»:

 

***

2013-ին լույս տեսավ Բուքովսկու\' «Ամբոխի հանճարը»\' Մկրտչյանի թարգմանությամբ: Հիշում եմ\' ամեն անգամ, երբ պատվիրում էի գիրքն առաքել\' տարբեր հասցեներ էի ասում, որովհետև Մկրտչյանը մեկ գնած գրքի հետ ևս մեկը նվեր էր ուղարկում: Անցած տարի մի օր տեսավ դրսում ու թե\' «դե, ասա\' էդքան Բուքովսկի ո՞ւմ ես նվիրում»...: Բռնվել էի: Ականջակալներով էի\' հարցրեց\' էդ ի՞նչ եմ լսում, որ այդքան վերացած էի քայլում, ասացի\' Լեոնարդ Քոհեն: Մի լավ ծիծաղեց ու թե\' «Լեոնարդ չէ\' Լենըրդ, էդ մարդուն լրիվ հայ սարքեցիր»: Ասաց, որ Քոհենի գործերն էլ ունի հայերեն թարգմանած: Կուղարկի: Մոռացավ\' չուղարկեց...: Ես էլ անհարմար էի զգում\' զանգել ու պատվիրել\' մտածում էի, որ զանգեմ\' նվեր է ուղարկելու:

 

***

2014-ին ինչ-որ գրքի շնորհանդեսի ժամանակ կրկին տեսա Մկրտչյանին\' ասաց.«Բարև, Լեոնարդ» ու մի լավ ծիծաղեց:  Հիշեց, որ պիտի Լենըրդի գիրքն ուղարկեր, հարցրեց.

-Քեզ ո՞ւմ գիրքն էի խոստացել:

-Քոհենի:

-Ո՞ւմ:

-Լեոնարդ Քոհենի: Չէ՛, Լընարդ Քոհեն, չէ՛, Լենըրդ Քոհեն: Ու՜ֆֆ...

-Մինչև ճիշտը չսովորես\' էդ գիրքը չեմ տալու...

 

Էդ գիրքն այդպես էլ չունեցա...

 

Կարինե Հարությունյան