կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-12 14:40
Հասարակություն

Հաշմանդամություն ունեցող անձինք կսովորեն ինքնապաշտպանության արվեստը

Հաշմանդամություն ունեցող անձինք կսովորեն ինքնապաշտպանության արվեստը

Հաշմանդամություն ունեցող մարդիկ շատ հաճախ բախվում են տեղաշարժման, միջավայրին չինտեգրվելու, ոչ լիարժեք կյանքով ապրելու բարդություններին: Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիայի «Դու կարող ես» նախաձեռնությունը կյանքի է կոչվել` կոտրելու հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ ունեցած բոլոր կարծրատիպերը: Նախագիծը նպատակ ունի նրանց ծանոթացնելու մարտարվեստի հմտություններին` սովորեցնել ինքնապաշտպանություն, կրթել մարմինն ու հոգին, նպաստել արժանապատիվ քաղաքացու ձևավորմանը:

 

Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիայի գլխավոր մարզիչ Սևակ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ակցիայի մեկնարկը տրվելու է փետրվարի 20-ին, իսկ մարզումների ավարտից հետո տեղի կունենա «Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» մրցում-մրցանակաբաշխությունը, որտեղ լավագույններին կհանձնվեն որակավորման սերտիֆիկատներ:

 

«Ֆեդերացիան համագործակցել է մեր արտասահմանյան գործընկերների հետ, իրականացվել է փորձի փոխանակում, հաճախել ենք տասնօրյա դասընթացների»,- ասաց Հակոբյանը:

 

Նախագծին միացած «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանի խոսքերով` այս ամենը կխթանի հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր վիճակի բարելավումը: «Սա ևս մեկ դրական քայլ է, որպեսզի սահմանափակ հնարավորություններով մարդիկ ավելի ակտիվ կյանք վարեն, կարողանան ինքնուրույն որոշումներ կայացնել իրենց ուսման, աշխատանքի, ընտանիքի, հանգստի հարցերում»,- ասաց նա:

 

Ակցիային աջակցում է նաև երգչուհի Սոնա Ռուբենյանը, ով լուսանկարվեց հաշմանդամություն ունեցող երեխայի հետ և լուսանկարը հրապարակեց իր ֆեյսբուքյան էջում` խոստանալով նպաստել նախաձեռնության տարածմանը հայ հայտնիների շրջանում: