կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-17 18:00
Առանց Կատեգորիա

Ականջ կտրողների ժամանակը

Ականջ կտրողների ժամանակը

Երեկ ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Երանոսյանը armlur.am-ին տված հարցազրույցում ասել է, որ պնդում է իր ավելի վաղ արած այն հայտարարությունը, թե «շան թուլի պես» կտրելու է բոլոր նրանց ականջները, ովքեր իր ներկայությամբ կհայհոյեն Սերժ Սարգսյանին:

 

Երանոսյանը սույն միտքն արտահայտել է գրեթե այն ժամանակ, երբ ԱԺ-ում կրքեր էին բորբոքվել վերջին շրջանում որոշ ազատամատիկների, քաղաքացիական ակտիվիստների և պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառվող բռնությունները դատապարտող հայտարարություն ընդունելու և այդ նպատակով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու շուրջ:

 

Ոստիկանության զորքերի հրամանատարը, այսպիսով, շատ պարզ, հասկանալի լեզվով ասում է, որ խորապես թքած ունի թե' այդ բորբոքված կրքերի, թե' երեկ ուշ երեկոյան ընդունված հայրատարության և թե', առհասարակ, Ազգային ժողովի վրա: Երանոսյանը փաստացի, ինչպես կասեր գեներալ Սեյրան Սարոյանը,  «կուլտուրական» հայհոյեց երկրի օրենսդիր մարմնին:

 

Սա, իհարկե, «կռված տղու դուխի» պարզունակ ցուցադրություն չէ: Հիմա ով ցանկանա, իրականում կարող է հայհոյել ԱԺ-ին, ընդհանրապես, ոտքերը մաքրել պետական կառավարման այդ առանցքային մարմնի, իշխանության թևի վրա: Որովհետև առաջին հերթին խորհրդարանականների մեծ մասը և հատկապես` քաղաքական մեծամասնությունն իրենք վաղուց արդեն ԱԺ-ն չեն ճանաչում որպես իշխանության ինքնուրույն թև՝ վերածվելով մյուս թևերի կամ ինստիտուտների հավատարիմ սպասավորի:

 

Նման երևույթները և մտածողությունը հասունանում և ինչ-որ պահի կենսագործվելու սպառնալիքի են վերածվում կառավարման համակարգում պարսավանքի, պատժի ինստիտուտների բացակայության, եղածները հետևողականորեն ոչնչացնելու քաղաքականության և երկակի ստանդարտներով առաջնորդվելու պայմաններում: Գեներալ Սեյրանը նախօրեին ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ ոչ թե պետք է ամեն ինչ այսքան քաղաքականացվեր, այլ թույլ տրվեր, որ ազատամարտիկներն իրենք իրենց մեջ հարցերը լուծեին:

 

Սարոյանն, իհարկե, ճիշտ է: Բայց այդ ճշմարտությունը կիսատ է, երբ նաև չի բացատրում, թե ինչն էր նրանց խանգարում մինչ այս ազդել Երանոսյանի վրա, փակել նրա բերանը՝ նույն ինքնագոհությամբ երկրորդ անգամ նույն արտահայտությունները չանելու համար: Ի՞նչ էր խանգարում, օրինակ, ԵԿՄ-ի նախագահ Մանվել Գրիգորյանին սաստել իր զինակից ընկերոջը, ականջալուր լինել մերժված ազատամարտիկների պահանջներին, որոնց անտեսումը կարող էր, ինչ-որ պահից սկսած, հայհոյելու առիթ դառնալ:

 

Մյուս կողմից` ակնհայտ է, որ եթե հանրային պարսավանքի և բարոյական զսպման մեխանիզմի դեր կատարող բարձրաստիճան պաշտոնատար անձինք և ԱԺ էթիկայի հանձնաժողովները նման հարցերում անգործության մատնված և դրանով իսկ հիմնովին արժեզրկված չլինեին, ապա նախ` Արամ Մանուկյանը երևի իրեն ժամանակին նման արտահայտություններ թույլ չտար, ապա Երանոսյանը իրեն այսքան անվերահսկելի և ազատ չզգար՝ Սերժ Սարգսյանի հանդեպ իր սերն ու նվիրվածությունը ականջ կտրելով ապացուցելու համար:

 

Երբ Շմայսը խորհրդարանում նույն էթիկայի հանձնաժողովի և ԱԺ մեծամասնության լուռ հայացքի ներքո իրեն պահում է ինչպես սեփական բակի «բեսեդկայում» թղթախաղով զբաղվելիս, ապա ի՞նչը պետք է խանգարեր Երանոսյանին նման հայտարարություններ անել: Իսկ որ նա շրջապատի վերաբերմունքն ընդունում է որպես իր ասածի ու միգուցե արածի համար երախտագիտության դրսևորում ու ոգևորության աղբյուր, ցույց է տալիս ականջ կտրելու սպառնալիքը երկրորդ անգամ ոչ թե ԱԺ-ում ծավալված պրոցեսների և քաղաքական գնահատականների ֆոնին, այլ իր վերադասի՝ ոստիկանապետի կողմից նկատողություն ստանալուց հետո հնչեցնելու փաստը: Ակնհայտ է, որ դա ոչ թե Վլադիմիր Գասպարյանին բանի տեղ չդնելու հետևանքն է, այլ այն գիտակցման, որ անգամ չնչին թերացման համար իր ենթակաների նկատմամբ անողոք ոստիկանապետն այդ նկատողությունը տվել է հանրային ճնշման ազդեցությամբ, բոլորովին էլ ոչ ականջ կտրելու անթույլատրելիության համոզմունքներից ելնելով:

 

Եվ պատահական չէ, որ եթե Երանոսյանն ինքը չբարձրաձայներ, այդ նկատողության մասին ոչ ոք այդպես էլ չէր իմանալու, կարծես փոխոստիկանապետին նկատողություն հայտարարելը ինչ-որ անկարևոր, որևէ օբյեկտում կեսօրին մի կտոր հաց ուտելու նման հասարակ բան էր: Եվ երբ դա տեղի է ունենում մի անձի պարագայում, ով ոստիկանությունում իր բոլոր ձեռնարկումները վերածում է գրեթե շոուի, պարզ է դառնում, որ նման գաղտնապահությունն իրականում Երանոսյանին թևեր տալու մղումներով է ապահովվել: Այնպես որ` ամեն ինչ, կարծես, շատ օրինաչափ է: Մնում է` հասարակության յուրաքանչյուր անդամ այսուհետ շատ զգոն լինի:

 

Գևորգ Աղաբաբյան