կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-20 12:33
Սպորտ

Արթուր Ալեքսանյանը հաղթանակով սկսեց Բունդեսլիգայի առաջնությունը

Արթուր Ալեքսանյանը հաղթանակով սկսեց Բունդեսլիգայի առաջնությունը

Արդեն հայտնել ենք, որ մրցաշրջան-2014-ի մեր հերոսներից մեկը՝ հունահռոմեական ըմբշամարտի նորընծա աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 98 կգ քաշային գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նոյեմբերի 6-ին մեկնել էր Գերմանիա՝ ուժերը փորձելու Բունդեսլիգայի ըմբշամարտի ակումբային առաջնությունում։ 

 

Համաձայն կնքված պայմանագրի՝ «ճերմակ արջը» «Մայնց-88» ակումբի կազմում մինչև այս տարվա վերջը պարտավորվել է 4-5 գոտեմարտ անցկացրել:


Եվ ահա, Գերմանիայից ստացված լուրերի համաձայն, Արթուրի նորամուտը Բունդեսլիգայում փայլուն է ստացվել: Աշխարհի 23-ամյա չեմպիոնը «Մայնց-88»-ի կազմում անցկացրած երկու մենամարտերում էլ վստահ հաղթանակներ է տոնել:


Դրանցից առաջինում՝ առաջնության 8-րդ մրցափուլի հանդիպումում, «Մայնց-88-ը» 17:7 հաշվով առվելության հասավ «Մանսֆելդեր Լանդի» նկատմամբ: 98 կգ քաշային կարգում Ալեքսանյանը 16:0 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ մրցակցի թիմում հանդես եկած` 41-ամյա գերմանացի ըմբիշ Օրլին Մեյբների նկատմամբ: 


Այս մրցամարտից 1 օր անց՝ 9-րդ մրցափուլում, Ալեքսանյանի ակումբը 9: 11 հաշվով զիջեց «Կյոլերբախին», որին, ի դեպ, 1-ին շրջանի մրցամարտում պարտության էր մատնել 16:10 հաշվով: Չնայած «Մայնց-88»-ը զիջեց իր մրցակցին թիմային պայքարում, սակայն 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը իր թիմին հաղթական կարևոր միավորներ պարգևեց: Նա այս անգամ էլ ծանրակշիռ ու տպավորիչ հաղթանակ տարավ բավական բարդ ու լուրջ մրցակցի նկատմամբ: Արթուրը 4:1 հաշվով առավելության հասավ 2014 թ. հունահռոմեական ոճի ըմբշամարտի` 85 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոն` 32-ամյա ֆրանսիացի Մելոնին Նումոնվիի նկատմամբ: 

 

Տեղեկացնենք, որ «Մայնց-88»-ը հանդես է գալիս Բունդեսլիգայի հյուսիսային գոտու մրցաշարում, որում ելույթ է ունենում 7 թիմ: Առայժմ այս գոտու հաղթողի կոչումը նվաճելու համար հիմնական պայքարն ընթանում է  «Մայնց-88»- ի և «Կյոլերբախի» միջև:

Աղբյուր՝ Wrestling.am