կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-14 16:58
Առանց Կատեգորիա

Բացահայտվել է 50 միլիոն դրամի չարաշահում

Բացահայտվել է 50 միլիոն դրամի չարաշահում

Պետական գնումների ոլորտում վերջին շրջանի բացահայտումները, ճիշտ է, աղմկահարույց էին, բայց դրանցով այդ ոլորտում խախտումները ո'չ սկսվում են, ո'չ էլ ավարտվում:

 

Հետաքրքիր է, որ Վերահսկիչ պալատի բացահայտումներն այնքան խառն ու բարդ են, որ խախտումների իրական մեղավորներին գտնելու համար շատ հաճախ տարիներ են հարկավոր, իսկ փորձը ցույց է տալիս, որ այդ տարիներն էլ որևէ բան չեն տալիս: Ամեն ինչ մոռացվում է մինչև այն պահը, երբ Վերահսկիչը կատարում է հերթական բացահայտումը: Դարձյալ աղմուկ, դարձյալ վարկածներ, բայց իրական մեղավորներ, այդպես էլ ջրի երես դուրս չեն գալիս, ու այսպես` ամեն տարի:

 

Իշխան Զաքարյանի կառույցը չի բարձրաձայնում այն կոպիտ խախտումների մասին, որոնք ակնհայտ են, և անգամ պետական գնումներից հեռու մարդը կարող է անզեն աչքով տեսնել: Պատճառն էլ, հավանաբար, արդեն քաղաքական է, քանի որ փնտրել մեղավորին Կիպրոսում և փնտրել Հայաստանում` դրանք տարբեր բաներ են:

 

Մեր նախորդ հոդվածներից մեկում անդրադարձել էինք պետական կառույցների կողմից գնված բենզինի քանակին ու գնին: Շատ գերատեսչություններ չափազանց բարձր գնով էին ձեռք բերել իրենց անհրաժեշտ վառելիքը: Ի դեպ, որպես նախորդ թեմայի հավելում, պետք է նշել, որ ձեռք բերված բենզինի գնի ռեկորդը, այնուամենայնիվ, կադաստրի պետական կոմիտեինն է: Նրանք «Պրեմիում» տեսակի բենզինի մեկ լիտրը գնել են 550 դրամով: Թե ո՞ւր է նայել Վերահսկիչ պալատը, կամ ինչով է զբաղված եղել ֆինանսների նախարարությունը այդ պահին, միայն Աստված գիտի: Գործ ունենք ակնհայտ չարաշահման հետ, որի մեղավորները, հուսով ենք, այս հոդվածից հետո ի հայտ կգան:

 

Իսկ հիմա առաջարկում ենք անցնել շաքարավազի գներին: Պաշտպանության նախարարությունը շաքարավազ գնող ամենախոշոր պետական կառույցն է Հայաստանում: Նախորդ տարի ՊՆ-ն գնել է 1000 տոննայից մի քիչ ավելի շաքարավազ, ինչն, իհարկե, խաղ ու պար չէ, այստեղ անգամ մեկ դրամի խնայումը զգալի օգուտ կարող է բերել բյուջեին: Բայց այս պարագայում խոսքը ոչ թե բյուջեի փողերը խնայելու, այլ քամուն տալու մասին է: 2013-ին շաքարավազի 1կգ-ի միջին գինը եղել է մոտավորապես 360 դրամ: Այս գինը ֆիքսվել է Երևան-Սիթի սուպերմարկետների ցանցում:

 

Քանի որ պաշտպանության նախարարությունը հասարակ սպառող չէ, այլ խոշոր գնորդ, նրա համար շաքարավազի գինը շուկայականից անհամեմատ  էժան պետք է լինի: Սակայն նախարարությունը ոչ միայն մանրածախի գնից էժան չի գնել, այլ ուղիղ 40 դրամ էլ թանկ է գնել: Ստացվում է, որ 1000 տոննա շաքարավազ գնելիս պաշտպանության նախարարությունից ինչ-որ մեկը ամենաքիչը 45 միլիոն դրամ դրել է սեփական գրպանը: Սա, իհարկե, եթե հաշվենք մանրածախի գնով, իսկ եթե հաշվի առնենք, որ մեծածախ գնորդի համար արտոնյալ պայմաններ են գործում, ապա գումարը զգալի մեծ կլինի: Սակայն ՊՆ-ն շաքարավազը, մյուս կառույցների համեմատ, ձեռք է բերել անհամեմատ էժան:

 

Շուկայական գներից տեղյակ չեն նաև քրեակատարողական հիմնարկներով զբաղվող մեր պաշտոնյաները: Նրանք բանտարկյալների համար ձեռք են բերել շաքարավազ 420 դրամով և ծախսել 30 միլիոն դրամ, այնինչ հարմար գնով ձեռք բերելու դեպքում կխնայվեր 4 միլիոն դրամ:

 

Իսկ ահա ազգային անվտանգության ծառայությունը 30 տոննա շաքարավազը գնել է շուկայականից մոտավորապես 120 դրամ թանկ գնով՝ մեկ կիլոգրամի համար վճարելով 480 դրամ: Մանրածախի գնով ձեռք բերելու դեպքում ԱԱԾ-ն կխնայեր 3 միլիոն դրամ:

 

Ստացվում է` 3 կառույցները միասին պետական բյուջեին հասցրել են մոտավորապես 50 միլիոն դրամի վնաս, եւ դա տարօրինակ կերպով վրիպել է թե' Վերահսկիչ պալատի, թե' ֆինանսների նախարարության համապատասխան բաժնի ուշադրությունից:

 

Գևորգ Խաչատրյան