Փոխարժեքներ
01 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 413.89 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 499.27 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցին, շատերի համար կանխատեսելի հայտարարություն արեց:
«Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը վախեցել է ընդդիմության հանրահավաքներից և որոշել է ընդդիմությանը ներքաշել այնպիսի գործընթացի մեջ, որ հույս ունի, թե ընդդիմությունը կմտնի երկարատև բանակցությունների մեջ, ինքն էլ կփորձի այդ ընթացքում ամրապնդել իր իշխանությունը: Մենք այդ պրոցեսի մեջ չենք ներքաշվելու, որովհետև Սերժ Սարգսյանի որևէ ասածի չենք հավատում, նրա ասածները մեզ համար որևէ արժեք չունեն: Մեր պատասխանը Սերժ Սարգսյանի այդ ասածներին հետևյալն է` համարեք, որ Սերժ Սարգսյանը ոչինչ չի ասել, մենք խոսքերի չենք հավատում, եթե բան ունեն անելու, թող անեն»,- ասաց Զուրաբյանը:
Նրա խոսքով` եռյակում պլանավորվում է մի քայլ` ներկայացնելու են 12 կետերից մեկի իրականացման առաջարկ` հրավիրել այդ կետի հետ կապված արտահերթ նիստ, եւ դա Ընտրական օրենսգրքի փոփոխությունն է:
«Այստեղ կերևա` Սերժ Սարգսյանը իր խոսքերին որևէ արժեք տալի՞ս է, թե՞ ոչ: Դա թեստ է, ստուգում, որը մենք առաջարկում ենք իշխող ռեժիմին: Բայց մենք բանակցությունների նրանց հետ չենք մտնի»,- ասաց Զուրաբյանը:
Հարցին` եթե այդ կետն ընդունվի իշխանության կողմից, ապա եռյակը կգնա՞ բանակցությունների իշխանության հետ, պատասխանեց. «Եթե դա կատարվի, ապա դա չի նշանակում, թե մնացած կետերի շուրջ նրանց հետ բանկացելու ենք: Պպետք է լինի կետերի իրականացում»:
Yerkir.am-ի հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ եռյակը, մասնավորապես` ՀԱԿ-ը, անդրադարձավ 12 կետերին, եթե վերջին հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ 12 կետերի թեման փակված է, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Թեման մենք փակել էինք, թեման բացեց Սերժ Սարգսյանը: Ինչքան շատ կատարեն այդ կետերը, այնքան լավ, մենք միայն ուրախ կլինենք: Դա ժողովրդի համար էլ լավ գործընթաց կլինի»:
Հանրահավաքների հետ կապված` պատգամավորը նշեց, որ դրանք առավել արդյունավետ են, եթե երեք ուժերը միասին են նախաձեռնում: «Մյուս հանրահավաքը պետք է լինի վճռական գործողությունների հանրահավաք, որին կհետևեն շուրջօրյա հանրահավաքներ, պիկետներ, որը կառաջացնի իշխանական համակարգի պարալիչ` ստիպելով իշխանությանը գնալ լուրջ քայլերի»,- ասաց Զուրաբյանը: