կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-01 10:28
Իրավական

«Շառլոտի» սեփականատերը քննչական մարմնին է ներկայացրել որդու ոտքից հանված գնդակը

«Շառլոտի» սեփականատերը քննչական մարմնին է ներկայացրել որդու ոտքից հանված գնդակը

Երևանի բնակիչ Լեւոն Հարությունյանին հրազենային մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա Երեւանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` սպանության փորձի եւ ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու հատկանիշներով: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

 

2014թ. սեպտեմբերի 30-ին` ժամը 14.35-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ոտնաթաթի թափանցող հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բնակիչ` 1993թ. ծնված Լևոն Արամի Հարությունյանը, ով հայտարարել է, որ նշված վնասվածքը ստացել է Երևան քաղաքի Սարալանջ փողոցում: Կենտրոնի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ առերեւույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) Լ.Հարությունյանին կյանքից զրկելու դիտավորությամբ 2014թ. սեպտեմբերի 30-ին` ժամը 11.40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարալանջ փողոցում հրազենից 6 կրակոցներ է արձակել Լ.Հարությունյանի կողմից վարվող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դռան ուղղությամբ` նրան պատճառելով ձախ ոտնաթաթի թափանցող հրազենային վնասվածք, որից հետո դիմել փախուստի` իր (իրենց) կամքից անկախ հանգամանքներով չկարողանալով հանցագործությունն հասցնել ավարտին:

 

Երևան քաղաքի Սարալանջ փողոցում` դեպքի վայրում կատարված զննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են 6 հատ 9մմ տրամաչափի կրակված պարկուճներ և 1 գնդակ: Զննության է ենթարկվել Լ. Հարությունյանի կողմից վարվող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել են 4 վնասվածքներ և մեկ դեֆորմացված հատված: Զննության ընթացքում Լ.Հարությունյանի հայրը` Ա.Հարությունյանը ներկայացրել է մեկ հատ գնդակ և հայտարարել, որ այն նույն օրը հանել է որդու ոտքի վնասված հատվածից: Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում առերեւույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու, դեպքի բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ:

 

«Փաստինֆոն» էլ հայտնում է որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, Արամ Հարությունյանը «Շառլոտ» ակումբի տերերից մեկն է, իսկ հրազենային վնասվածք ստացած Լեւոն Հարությունյանը` նրա որդին: