կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-06 16:34
Հասարակություն

Ընտանեկան ավանդույթներից է` հայրն ու մայրը որոշում են, թե տղեն ու հարսը շաբաթական քանի անգամ պետք է սեքսով զբաղվեն. Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ օրենքի բուն տեքստի քննարկմանը չի ուզում անդրադառնալ, կանդրադառնա ընդհանուր փիլիսոփայությանը: Ըստ պատգամավորի` եթե ինչ-որ մեկը սպանում է իր ընտանիքի անդամին կամ նրան հասցնում վերակենդանացման բաժանմունք, ապա այդ ժամանակ պետությունն ու հասարակությունն իրավացիորեն միջամտելու իրավունք ունեն, և դա ոչ ոք չի վիճարկում:

«Իսկ եթե ընտանիքում սկսվել են պրոցեսներ, որոնք անխուսափելիորեն բերելու են կա'մ սպանության, կա'մ վերակենդանացման բաժանմունք հասցնելուն, էս դեպքում ասում են` բա մեր ընտանեկան, մեր ազգային ավանդույթները»,- նշեց պատգամավորը:

Ըստ նրա` որո՞նք են մեր ազգային ու ընտանեկան ավանդույթները: «Դրանք ա՞յն են, որ հայրն ու մայրը որոշում են, թե տղեն ու հարսը շաբաթական քանի անգամ պետք է սեքսով զբաղվեն ու ինչ դիրքով. Է՞դ ա մեր ազգային ավանդույթը, դուք գիտե՞ք, որ սենց բան կա ՀՀ-ում: Կամ` մանկական կոմպլեքսներով, կյանքում չկայացած ինչ-որ մեկը ստիպում է իր ընտանիքի անդամներին, բառի բուն իմաստով, իրա անլվա ոտքերը պաչեն: Մեկ տարի առաջ էն «Վստրեչ»-ի կամրջի մոտով անցնում եմ, տեսնում` մի երիտասարդ տղամարդ զխկում ա մի երիտասարդ կնոջ: Իջել եմ, ասում եմ` ի՞նչ ես անում, ասում ա` կնիկս ա: Աայսինքն` որ կնիկն ա, իրան կարելի ա զխկե՞լ «Վստրեչ»-ի կամրջի վրա»,- օրինակներ բերեց Փաշինյանը, ապա ընդգծեց, որ սա անթույլատրելի երևույթ է:

Ըստ պատգամավորի` երբ մենք ասում ենք` ընտանեկան ավանդույթ, պետք է հաշվի առնենք, որ 700 տարի պետականություն չենք ունեցել, և մեր շատ ավանդույթներ ձևավորվել են գերված պայմաններում: «Մենք հիմա ձևավորված պետականություն ունենք և պետք է մեր ընտանիքի ու մեր հարաբերությունների կազմակերպումը տեղի ունենա ըստ այդմ: Ամեն հիմարություն չի կարելի անվանել ազգային ավանդույթ»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, թե Հանրապետականը տանում է այնտեղ, որ Բրյուսելում մի «բոսս» կա, որին պետք է զանգել և ասել` այս օրենքն ընդունել ենք: «Էս օրենքը մեզ համար է, մեր պետության, մեր երկրի համար է: Շատ ճիշտ է այն դիտարկումը, որ մարդիկ ասում են` ո՞նց, մեր ընտանեկան խնդիրներին կարող է ինչ-որ մեկը միջամտե՞լ: Եթե չեք ուզում նման բան, մի' արեք նենց, որ ձեր ընտանեկան հարցը դառնա ձեր հարևանների, շենքի, պետության հարցը: Ով չի ուզում, որ որևէ մեկը միջամտի իր ընտանեկան գործերին, դա հեշտ կարող է անել `իր ընտանիքում համապատասխան պահվածք ցուցաբերելով և համապատասխան մթնոլորտ հաստատելով»,- եզրափակեց նա: