Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, որ հակասահմանադրական օրենքներ կարող են ընդունվել, և կարող է մեկի շահն ամբողջ ժողովրդի շահից բարձր դասվել, գաղտնիք չէ, բայց, որ պատգամավորները կարող էին իրենք իրենց «զրկել» անձեռնմխելիությունից, սա կա'մ անձնազոհություն է, կա'մ բարի կամքի դրսևորում, կա'մ էլ չիմացություն, թե ինչի համար է սեղմվում կոճակը, և ինչին են կողմ:
ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013 թվականի դեկտեմբերին 5-ին ընդունվել են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը (այսուհետև` օրենք) և Հայաստանի Հանրապետության «Վարչական դատավարության» օրենսգիրքը:
Հակասահմանադրական այս օրենքից այսօր տուժում են և տուժել են հազարավոր քաղաքացիներ: Շատերը ունեն և ունեցել են դրամական կորուտներ, զրկվել են սեփականությունից, բազմաթիվ տհաճ իրադրություններում են հայտնվել` հանկարծակի պարզելով (առանց որևէ ծանուցման), որ իրենց հաշիվների վրա կալանք է դրված, և ստիպված են լինում երկար քաշքշուկների մեջ ընկնել, վերջում էլ վճարել տույժերին ավելացած` ԴԱՀԿ ծառայության «կատարված աշխատանքների» համար գումարը:
Սահմանադրության 31 հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում է սեփականության անձեռնմխելիության սահմանադրական երկու երաշխիքներ` ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ (1) դատական կարգով՝ (2)օրենքով նախատեսված դեպքերի:
Իսկ օրենքի նոր խմբագրված հոդված 88-ի վերլուծությունից պարզ է դառնում, որ դրամական պահանջների կատարման նոր ընթացակարգով վարչական մարմնի կողմից պարտավոր անձից գումարի գանձման վերաբերյալ որոշում կայացնելուց մինչև պարտավոր անձից ԴԱՀԿ ծառայություն մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով գումարի բռնագանձումը` բացակայում է դատական ակտը: Այսինքն` միանգամից առանց դատական ակտի վարչական մարմնի որոշումը ԴԱՀԿ ծառայություն է ուղարկվում կատարման, որի հետևանքով անձը զրկվում է իր սեփականությունից` առանց դատական կարգի:
Օրենքի լրացման անհրաժեշտությունը կառավարությունը պայմանավորել էր մասնագիտական դատարաններում գործերի քանակով: Նախկինում վարույթն իրականացնում էին առաջին ատյանի դատարանները, որոնցում գործում էր 118 դատավոր, իսկ այսօր այդ ամբողջը կենտրոնացվել է վարչական դատարանում, եւ այդ բոլոր գործերն իրականացվում են 15 դատավորների կողմից:
Օրինակ` լուծումը կարելի էր գտնել` դատավորներին ավելացնելով, բայց ինչո՞ւ գնալ նման անձնազոհության, եթե կարելի է ևս մեկ անգամ խախտել Սահմանադրությունը:
Եթե այս օրենքի ընդունումը միայն ի վնաս ժողովրդի լիներ, կարելի էր հասկանալ, որ ամեն ինչ «նարմալ է», բայց այս օրենքի ընդունումը վնասել է նաև պատգամավորներին, որոնք «շոկի» մեջ են հայտնվել, երբ ստացել են ոստիկանությունից կամ քաղաքապետարանից տուգանքները:
Սահմանադրության 66 հոդվածում ասվում է. «Պատգամավորին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել՝ առանց Ազգային ժողովի համաձայնության»:
Այո, սիրելի' պատգամավորներ, դուք ևս պետք է վճարեք վարչական տուգանքներ, որովհետև կողմ եք քվեարկել սեփականությունից զրկել «առանց դատական կարգ»-ի հակասահմանադրական օրինագծին:
Հ.Գ.
Քվեարկելուց առաջ կարդացեք օրինագիծը` գոնե անձնական շահից ելնելով: