Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաբանական դպրոցի (ՓԴ) աշնանային հոսքի ընդունելության քննությունը ավարտվեց, այժմ հանձնաժողովը պետք է ամփոփի քննության արդյունքները: Այս տարի ՓԴ ընդունվելու համար դիմել է 195 հոգի, որից 192 ստացել է քննությանը մասնակցելու իրավունք: Ի տարբերություն նախորդ ընդունելությունների, այս անգամ դիմորդների թիվն աննախադեպ մեծ է: Ընդունելության և ՓԴ-ին առնչվող այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցեց ՓԴ տնօրեն Սիմոն Բաբայանի հետ:
-Պարոն Բաբայան, ինչո՞վ եք պայմանավորում այս անգամ դիմորդների մեծ թիվը:
-Կարծում եմ դա պայմանավորված է նրանով, որ փաստաբանական ինստիտուտն օր-օրի կայունանում է: Այսօր ուժային կառույցներից էլ շատ դիմորդներ ունենք, ովքեր իրենց հետագա աշխատանքը տեսնում են փաստաբանության ոլորտում և ոչ պետական կառույցներում: Նաև փաստաբանական ինստիտուտի անկախության սկզբունքն էլ է դրդրում դրան, որ իրավաբանները ընտրում են փաստաբանական ոլորտը:
-Իսկ արդյո՞ք նշանակություն ունի այն, որ արդեն այս տարվա շրջանավարտներն էլ կարող են դիմել ՓԴ, ի տարբերություն` ձմեռային հոսքի ընդունելության:
-Միգուցե դա էլ կապ ունի: Բայց մեզ մոտ, հետաքրքիրն այն է, որ դիմորդների քիչ մասն է նորավարտ: Այս տարի մենք քննություն ահնձնողների մեջ ունենք շատ քննիչներ ու դատախազներ:
Ի վերջո, իրավաբանական համակարգում, մարդն ունենալով բարձրագույն իրավաբանական կրթություն, առանց որևէ խնդիրների հնարավորություն է ստանում ընդունվել ՓԴ, և հավանականությունը մեծ է, որ կկարողանա իր տեղը գտնել այդ ոլորտում և կկարողանա վաստակել իր լուման:
-Պարոն Բաբայան, խնդրում եմ նշեք, թե այս ընդունելության դեպքում ինչ նորամուծություններ կան:
-Մենք այս տարի առանց քննության ընդունելություն իրականցրեցինք հատուկ դիմորդների համար: Հատուկ դիմորդներ են անձիք, ովքեր 10 և ավելի տարիներ աշխատել են դատախազ, փաստաբան (կան դեպքեր, երբ փաստաբանը այլ աշխատանքի է անցնում և ժամանակի ընթացքում կասեցվում է փաստաբանական արտոնագիրը) և իրավաբանության այլ ոլորտում կամ ունեն իրավաբանության գիտական աստիճան: Ամենևին էլ թող ձեզ չզարմացնի, որ այս արտոնությունը տրվել է, քանի որ նրանք արդեն իսկ ունեն բավարար գիտելիքներ: Եվ այս դեպքում մենք խնդիր չենք դնում ընդունելության փուլում ստուգելու այդ գիտելիքները, որովհետև ՓԴ ընդունվելը դեռևս չի նշանակում նաև ավարտել: Վերջում բավականին լուրջ որակավորման քննություն են հանձնում և միայն դրական արդյունքների դեպքում ստանում են փաստաբանի արտոնագիր:
-Քանի՞ տեղ է հատկացվել հատուկ դիմորդներին և այս հոսքի համար քանի՞ հոգի է դիմել:
-Կարող եմ արդեն նշել, որ որպես հատուկ դիմորդ ընդունվել է 21 հոգի: Դիմել է 24 հոգի, երկուսը հետ են վերցրել դիմումը, մեկը` մերժվել է: Այս դեպքում խնդիրը աշխատանքային ոչ բավարար փորձն էր:
-Խնդրում եմ, խոսեք նաև առկա և հեռավար ուսուցման համար հատկացված տեղերի և դիմորդների թվի մասին:
-Առկա ուսուցման համար հատկացված է 65 տեղ, հեռավարի համար` 15 տեղ: Ի՞նչ է հեռավար ուսուցումը: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ այսօր մարզաբնակ և պրակտիկ իրավաբանությամբ զբաղվող անձիք կան, ովքեր Երևան գալու հետ կապված խնդիրներ ունեն: Խոսքը վերաբերում է նաև արցախաբնակ մասնագետներին: Եվ հաշվի առնելով այդ հանգամանքը, մենք հատկացրեցինք այդ 15 տեղը: Դպրոցի տեխնիկական բոլոր հնարավորությունները թույլ են տալիս հեռավար ուսուցմունը կազմակերպելու համար:
-Վերոնշյալ 192 դիմորդների թվում ներառվու՞մ են նաև հեռավար ուսուցման համար դիմածները և քանիսն են նրանք:
-Այո: Հեռավար ուսուցման համար ընդհանուրը դիմել է 9 հոգի, տեղերը չեն համալրվել: Եվ սա պայմանավորված է նրանով, որ դիմորդները նախընտրում են առկա եղանակով սովորել: Քրեաիրավական ուղղության համար դիմել է 4 հոգի, իսկ քաղաքացիաիրավականի համար` 5 հոգի:
-Ի դեպ, այս տարվա նորություններից է նաև հոսքերի բաժանվածությունը:
-Այո, առաջին անգամ ուսուցումը և ընդունելությունը լինելու է ըստ ուղղվածության` քրեաիրավական և քաղաքացիաիրավական: Երբ մենք վերլուծեցինք նախորդ տարվա դիմորդների և շրջանավարտների քանակը, պարզվեց` քրեաիրավական ուղղվածության փաստաբանները շատ քիչ են` ամբողջ խմբից միայն 14-ն էին: Եվ որպեսզի այդ ոլորտը նույնպես ուժեղացնենք, որոշեցինք մրցույթն անցկացնել առանձին: Եվ արդյունքում այս տարի ավելի մեծ հնարավորություններ կունենան քրեաիրավական ուղղություն դիմողները:
Քրեաիրավական ուղղության համար նախատեսված է 21 տեղ, դիմողների թիվը 41 է, իսկ քաղաքացիաիրավականի համար նախատեսված է 44 տեղ, դիմել է 142 հոգի:
Մենք սահմանել ենք նաև երեք անվճար տեղ` հաշմանդամների, զոհված ազատամարտիկների երեխաների և սոցիալական անապահաով ընտանիքում ապրողների համար: Եվ, ի դեպ, վճարումը ոչ թե պետության կողմից, այլ ՓԴ միջոցներից է տրամադրվելու: Այս տեղերի համար դիմել է 4 հոգի: