կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-01 13:46
Քաղաքական

Ինչպես եք տեսնում փոխզիջում ասվածը. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

Ինչպես եք տեսնում փոխզիջում ասվածը. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս մեջբերեց Նիկոլ Փաշինյանի` դեռևս տարինե առաջ Արցախի «օկուպացված» տարածքների մասին հայտարարությունը եւ հետաքրքրվեց, թե արդյո՞ք նույն կարծիքին է:

Փաշինյանը հերքեց, թե նման բան է ասել: «Ասեմ, որ ձեր ասած մեջբերումն արդեն հինգ տարի իմ լուսանկարով շրջանառության մեջ է դրված սոցիալական ցանցերում և նշված է, որ ես դա գրել եմ «Հայկական ժամանակ»-ի` կոնկրետ օրը հրապարակված հոդվածում: Այս ընթացքում ես 15 անգամ այդ օրը ՀԺ-ում տպագրված իմ հոդվածի լուսապատճենը հրապարակել եմ, որտեղ ձեր ասած որևէ նախադասություն գոյություն չունի»,- ասաց նա եւ Սաղաթելյանին մեղադրեց ապատեղեկատվության տարածմամ մեջ: Ախա հավելեց. «Եվ թույլ տվեք եզրակացնել, որ եթե այդպես է, ուրեմն դուք և ձեր թիմը կարող է որոշակի կապ ունենալ նման դեզինֆորմացիաների տարածման հետ»:

Ի պատասխան` Սաղաթելյանը նշեց, որ դեռ հետագայում իրենք ժամանակ կունենան մասնագիտական քննարկում ունենալու այս օրերին շրջանառվող դեզինֆորմացիայի, քարոզչության և հակաքարոզչության, այլ մալիպուլյատիվ տեխնոլոգիաների կիրառման մասին:

«Այնուամենայնիվ, ինձ հասկանալի չեղավ` այդ պարագայում, ինչպե՞ս եք տեսնում Դուք փոխզիջում ասվածն այս կոնտեքստում և ի՞նչ եք հասկանում դրա տակ, եթե մտադիր եք ներկայացնել երկիրը բանակցային պրոցեսում»,- հարցրեց Սաղաթելյանը:

«Ես արդեն ասացի, որ «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում շատ հստակ ամրագրված է, որ փոխզիջման մասին խոսելն այն մթնոլորտում, երբ Ադրբեջանը սպառնում է վերացնել հայկական պետականությունը, մի փոքր տարօրինակ է: Այս պայմաններում մենք կարող ենք խոսել միայն սեփական պետության և երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու մասին: Իսկ փոխզիջման որևէ տարբերակ քննարկելի է միայն այն պարագայում, եթե Ադրբեջանը շատ հստակ ուղերձ հղի, որ պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ուրիշ որևէ տարբերակ չկա: Ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկի քմահաճույքն է, այլ` որովհետև սա պարզ իրողություն է: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումից Ադրբեջանի հրաժարումը որևէ տեղ չի թողնում` խոսելու փոխզիջման մասին: Սա է իմ դիրքորոշումը»,- նշեց Փաշինյանը: